Խաչատրյանի քայլերը հանգեցրել են ԶՈւ պաշտպանության ձախողմանը, հակառակորդն էլ ճեղքել է բնագիծը․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
ՀՀ ԶՈՒ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից ռազմական դրության ընթացքում իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքն առաջացրել է ծանր հետևանքներ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՔԿ-ն։
«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում իրականացվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ ԶՈՒ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Տ․Խ․-ն, ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի որոշմամբ հայտարարված ռազմական դրության ընթացքում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի մարտական կարգադրության համաձայն նշանակված լինելով որպես Զորքերի հարավային խմբավորման հրամանատար՝ 2020 թվականի հոկտեմբերի 7-17-ն ընկած ժամանակահատվածում, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, այն է՝ չի ստեղծել հարավային խմբավորման կառավարման կետ՝ իր բոլոր տարրերով, մարտական գործողությունների վարման ընթացքում լիարժեք չի կատարել կառավարմանը բնորոշ մի շարք միջոցառումներ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Մասնավորապես, վերջինիս գործողությունները հանգեցրել են ԶՈւ բանակային բնագծի պաշտպանության ձախողմանը, խարխլել զորքերի կառավարման համակարգը, խափանվել է առաջադրված մարտական խնդրի կատարումը, արդյունքում հակառակորդն օգտվել է ստեղծված իրավիճակից և անխոչընդոտ տիրացել ռազմավարական բարձունքի, ճեղքել է առկա բնագիծը, մեկ այլ դեպքում շրջանցել է յուրային ստորաբաժանումներին և զարգացնելով գրոհը՝ տիրապետության տակ է վերցրել խմբավորման պաշտպանությանը հանձնված տարածքները։
2025 թվականի հունվարի 3-ին Տ․Խ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ)։
2025 թվականի հունվարի 4-ին Տ․Խ․-ն ձերբակալվել է դատարան ներկայացվելու համար։ Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։
2025 թվականի հունվարի 5-ին դատարանը բավարարել է միջնորդությունը և Տ․Խ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:»։