Մանր մարդիկ իշխեցին մեզ եւ կանգնեցինք պետության կործանման փաստի առաջ. Հայկ Ղազարյան
ՆերքաղաքականԱղետ, ավեր, դավեր են լինում երկրներում, որտեղ իմաստունները չեն կառավարում երկիրը, որտեղ առաջին դեմքերն առաջինը չեն իրենց հպատակների մեջ...
«Պետությունները կործանվում են այն դեպքում, երբ հիմարներին չեն տարբերում լավերց»:
Անտիսֆեն, (հին հույն փիլիսոփա )
«Ամբողջ ազգեր կսարսափեն, եթե իմանային, թե ինչ մանր մարդիկ են իշխում իրենց»:
Չարլզ Մորիս դը Թալեյրան-Պերիգորդ
Չտարբերեցինք հիմարներին լավերից, իմաստունների փոխարեն իշխանության բերեցինք փողոցին, ապաշնորհներին, մանր մարդիկ իշխեցին մեզ եւ կանգնեցինք պետության կործանման փաստի առաջ, եւ սարսափ ապրեցինք եւ եղավ աղետ, ավեր ու դավեր հայոց աշխարհում, եղավ ողբ, ցավ, եղավ պղծում ու խեղում սրբությունների, եղավ ուրացում Աստծո, քրիստոնեական արժեքների ու հավատքի, սեփական ազգի ու հայրենիքի։ Եղան խեղված մարդկային ճակատագրեր, ոտնահարված արժանապատվություններ ու իրավունքներ, դավադրություններ, ստորություններ հանուն փառքի, նյութի ու շահի, հանուն բնազդային էժանագին վայելքների, եղավ նվաստացում սեփական ժողովրդի, ապականում եւ խեղաթյուրում ազգային արժեքների, եղավ մարդկանց այլասերում ու բարոյազրկում։ Եվ ունեցանք ապրած, բայցեւ չապրած 34 տարիներ, հանուն ոչնչի դարձած հազարավոր զոհեր, պայքարի, տառապանքների, զրկանքների, ցուրտ ու մութ ժամանակների տարիներ։ Ունեցանք նվաստացուցիչ պարտություն Արցախի կորուստ եւ հեղինակազրկված ու թուլացած պետություն։ Ունեցանք ցածրարժեքների, թշվառների, ստրկամիտների, անհավատների, անհայրենիքների ու դավաճանների զանգվածներ, ատելության, անհամերաշխության, անվստահության եւ անհանդուրժողականության մթնոլորտ։
Չին փիլիսոփա Լաո Ցզին էլ գտնում էր, որ. «Լավագույն կառավարիչը նա է, ում մասին ժողովուրդը գիտի միայն նրա գոյության մասին։ Մի քիչ ավելի վատն են այն կառավարիչները, ովքեր իրենց ժողովրդից պահանջում են սիրել եւ մեծարել իրենց: Շատ ավելի վատն են այն կառավարիչները, որոնցից ժողովուրդը վախենում է, եւ ամենավատն էլ այն կառավարիչն է, ում ժողովուրդը արհամարում է»:
ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու