Ասադի դեմ մահափորձի մասին լուրերը սովորական ֆեյկ են
ՎերլուծությունՍիրիայի նախկին նախագահը թունավորվել է, Ասադի դեմ մահափորձ է կազմակերպվել: Երեկ շրջանառության մեջ հայտնված այս սկանդալային լուրն այդպես էլ որեւէ հաստատում չի ստանում:
Լուրը տարածեց բրիտանական մամուլ, ընդ որում, այնպիսի հեղինակավոր աղբյուր, ինչպիսին The Sun-ն է: Ըստ այդմ, թե Ասադը ծանր վիճակում է, բայց ողջ է մնում: Նաեւ, որ պարզ չէ՝ հանցագործությունը քաղաքական էր, թե ընտանիքում կոնֆլիկտի մասին էր խոսքը՝ նրա կինը փորձել է ամուսնալուծվել ու մեկնել Լոնդոն, սակայն Ասադը դեմ է եղել։
The Sun-ը, սակայն, վկայակոչել է այնպիսի կասկածելի աղբյուրի, որը նախկինում բազմիցս նկատվել է ֆեյքերի բացահայտ տարածման մեջ։ Հրատարակությունը նշում է, որ դեկտեմբերի 31-ին General SVR tg հեռուստաալիքը տեղեկատվություն է տարածել Ասադի վատառողջության մասին։ Ենթադրվում է, որ դեկտեմբերի 30-ին 59-ամյա Ասադի ինքնազգացողությունը հանկարծակի վատացել է, և նա բժշկական օգնության կարիք է ունեցել, սակայն նրանք ցանկացել են առանց աղմուկի լռեցնել այդ հարցը, ուստի որոշել են սիրիացի նախկին առաջնորդին բուժել տանը:
Այս տեղեկությունը սկսեց տարածվել մի ալիքով, որը, ըստ որոշ աղբյուրների, պատկանում է տխրահռչակ քաղաքագետ-օտարերկրյա գործակալ Սոլովին, ով երկար տարիներ ուկրաինական և արևմտյան լրատվամիջոցներով պատմություններ է տարածում այն մասին, որ Պուտինը իբր մահացու հիվանդ է, ռուսական իշխանությունը շուտով կփլուզվի։ Դրանից հետո պարզվեց, որ օրինակ մեկ դրվագով Google-ից 2,7 մլն ռուբլի է ստացել։
Ամբողջովին խայտառակ չլինելու համար, ի վերջո, The Sun-ը, այնուամենայնիվ, նշեց, որ General SVR tg ալիքի նյութում աղբյուրների և ապացույցների հղումներ չեն ներկայացվել, ինչպես նաև Ռուսաստանի կողմից պաշտոնական հաստատում չի եղել։
Սակայն այս ամենի մեջ մեկ էական դրվագ եւս կա, որն ամենից առաջ է խոսում The Sun-ի տեղեկության կասկածելի լինելու մասին: Բանն այն է, որ այս պահին որեւէ ռեալ տվյալ չկա, թե կոնկրետ որտեղ է գտնվում Ասադը: Ռուսաստանում, դա պաշտոնապես ասվել է: Բայց կոնկրետ որտե՞ղ, դա երեւի միայն ՌԴ բարձր իշխանությունները եւ հատուկ ծառայությունները գիտեն: Ասադի կոնկրետ բնակության վայրի մասին տեղեկությունն արդեն իսկ սենսացիա կլիներ: Փոխարենը, բրիտականան լրատվամիջոցը, մի կողմ թողնելով այդ «աննշան» փաստը, միանգամից խոսում է Ասադի տան անցուդարձից` Ասադը թունավորվել է, կինն ուզում է բաժանվել եւ այդպես շարունակ:
Չնայած, այս պատմության մեջ շատ էական մեկ հարց կա` ինչո՞ւ են բրիտանացիներն այդքան համառորեն շարունակում հետաքրքրվել Ասադով, ով պետք է, որ այս պահին քաղաքական որեւէ արժեք իրենից չներկայացներ: Չնայած, այդպես չէ: Հիշեցնենք` Ասադը Սիրիայից հեռացել է ոչ այնպես, ինչպես ժամանակին Յանուկովիչը հեռացավ Ուկրաինայից: Յանուկովիչը պաշտոնապես հայտարարեց Ուկրաինայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի մասին: Ասադը նման հայտարարություն չի արել, այսինքն` իրավական առումով նա մնում է Սիրիայի նախագահ, որին ընդամենը անօրինական, միջազգայնորեն ահաբեկչական ճանաչված խմբավորումների միջոցով ստիպել են երկրից հեռանալ: Այդ խմբավորումների լիդերները, Արեւմուտքի ակտիվ դերակատարմամբ, հիմա Սիրիայի իշխանություն են խաղում, բայց չունեն որեւէ լեգիտիմություն. նոր ընտրություններ Սիրիայում չեն եղել եւ երեւի դեռ շատ երկար ժամանակ չեն լինելու: Եվ այդ ամբողջ ընթացքում Ասադը մնալու է Սիրիայի լեգիտիմ նախագահ, որը գտնվում է Ռուսաստանում: Այսինքն, եթե ռուսները, ասենք Իրանի հետ որոշեն այդ հանգամանքը խաղարկել, սիրիական այս ողջ «հեղափոխությունը» կարող է բոլորովին այլ ընթացք ստանալ: Առավել եւս այն մղձավանջի պայմաններում, որն այսօր տիրում է Սիրիայում:
Բրիտանական հետախուզությունը, որպես սիրիական այդ գործընթացի ստվերային կազմակերպիչ, հասկանում է այն վտանգը, որն իրենից ներկայացնում է Ասադը: Պետք է նրան ոչնչացնել, ու քանի որ դա այս պահին շատ դժվար է անելը, պետք է փորձել Ասադին հնարավորինս վարկաբեկել: Որ հանկարծ սիրիացիները չմտածեն լեգիտիմ նախագահին վերադարձնելու մասին: