Թեհրանից հաստատում են՝ Բաքուն պաշտոնական բողոք է ներկայացրել
ՄիջազգայինՊաշտոնական Թեհրանը հաստատել է ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունը, որի համաձայն, նախօրեին Ադրբեջանի արտգործնախարարություն էր հրավիրվել Բաքվում Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատար Սայեդ Ջաֆարի Աղայե Մարյանը, որին բողոքի պաշտոնական նոտա էր ներկայացվել։
Հիշեցնենք՝ Ադրբեջանը ԱԳՆ է կանչվել երկրում Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյեդ Ջաֆար աղայի Մարյանին։ Պահանջել են Իրանից դադարեցնել Ադրբեջանի հասցեին ուղղված «սադրանքները»։ Այդ երկրի գերատեսչությունից նշել են, թե առիթը Ադրբեջանի և Իլհամ Ալիևի հասցեին Իրանի Արդեբիլի նահանգի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ, Իմամ Ջումա Արդեբիլի Սեյեդ Հասան Ամելիի արած «վիրավորական արտահայտություններն» են:
Բաքուն նաև դժգոհություն է հայտնել, թե «վերջին շրջանում Իրանի բնակիչների շրջանում հակաադրբեջանական տրամադրություններ են բորբոքվել»։
Իրանում հաստատել են․ «Ադրբեջանի ԱԳՆ-ի բողոքը կապված էր մեր քաղաքներից մեկում տեղի ունեցած արարողության ժամանակ չմտածված և անտեղի հայտարարությունների հետ։ Նման հայտարարությունները ոչ մի ընդհանուր բան չունեն Իրանի կառավարության պաշտոնական դիրքորոշման հետ», - ասել է Իրանի ԱԳ նախարարի օգնական և նախարարության եվրասիական ուղղության ղեկավար Մոջթաբա Դեմիրչիլուն: