2025-ը թող դառնա նոր սկիզբ՝ մեր ազգային և սոցիալական գաղափարների ու համերաշխության ընկալման համար. Սաֆարյան
ՆերքաղաքականՀարգելի Հայրենակիցներ,
Սիրելի ընկերներ,
Հայաստանի առաջադիմական միացյալ Կոմունիստական կուսակցության անունից և հանձնարարությամբ շնորհավորում եմ Ձեզ Նոր տարվա առթիվ:
Թող 2025 թվականը մեր ժողովրդի համար լինի խաղաղության, հաջողությունների, ձեռքբերումների ու ազգային իղձերի իրականացման տարի:
Անցնող տարին լի էր տարաբնույթ տագնապներով ու վտանգներով: Խորին ցավակցությունն ենք հայտնում մեր զոհված զինվորների, ազատամարտիկների հարազատներին ու մտերիմներին: Հավերժ փառք նրանց անմար հիշատակին:
Մեր հասարակությունը, ցավոք, երկփեղկված է, շատերը հայտնվել են լուսանցքից դուրս: Մեր ժողովրդի Մեծերը` Ֆրիկից մինչև Րաֆֆի, Հովհաննես Թումանյանից մինչև Չարենց ու Պարույր Սևակ և շատ ու շատ երևելիներ փորձել են ձևակերպել մեր ժողովրդի լինելիության և համերաշխության բանաձևը: Հանրահայտ ճշմարտություն է, որ ազգային համերաշխության գաղափարի հանրային ընկալումը սերտորեն առնչվում է սոցիալական արդարության նորմերի հաստատման վրա:
Ցանկանում ենք, որ 2025 թվականը դառնա նոր սկիզբ մեր ազգային և սոցիալական գաղափարների ու համերաշխության ընկալման համար:
Շնորհավոր նոր տարի...
Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության նախագահ`
ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆ