Ինչ արդյունքներ ու խնդիրներ են արձանագրվել Արցախում ՏՏ ոլորտի զարգացման ծրագրերի իրագործման ընթացքում. մանրամասնում է փոխնախարարը
ՀասարակությունԱրցախում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման նպատակով իրականացվում է «ՏՏ ոլորտի պետական աջակցության» ծրագիրը, որը միտված է զբաղվածության տեսակարար կշռի ապահովմանը, արտադրանքի և ծառայությունների ծավալի տարածքային համաչափ աճին, արցախյան հատվածի առավելությունների և հնարավորությունների մասին իրազեկվածության և ներկայացվածության աստիճանի բարձրացմանը։
Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Սմբատ Պետրոսյանը:
Սրանցից յուրաքանչյուրն առանձին նպատակ է, որին հասնելու լուծումները ձևակերպված են որպես միջոցառում: Հարկ է նշել, որ, չնայած դրանց ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում են, սակայն ընդհանուր առմամբ, չենք հասցրել իրագործել մեր առջև դրված 3 նպատակները, օրինակ՝ 2022 թվականին նախատեսված է ոլորտում մասնագետների թվի աճը նվազագույնը հասցնել 30-ի, ինչը չհաջողվեց իրականացնել»,-ասել է փոխնախարարը՝ հավելելով, որ չի կարծում, թե նախատեսվածի փոխարեն ընթացիկ տարեվերջին ՏՏ ոլորտում ներգրավված մասնագետների թիվը գերազանցի 10-ը, հատկապես, երբ օբյեկտիվ պատճառներով պայմանավորված բացասական միտումներ ևս կան:
Նրա խոսքով՝ ոլորտը հիմնականում արտահանող ճյուղ է, ուստի արտարժույթի փոխարժեքի նվազումը բացասաբար է անդրադառնում և ոչ բոլոր ընկերություններն են կարողանում դրան դիմանալ: Այդ պատճառով Ստեփանակերտում աշխատող ընկերությունների և աշխատակիցների թիվը ևս նվազել է»,-մանրամասնեց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով նախատեսված միջոցառումների իրականացման հետ կապված խնդիրներին՝ փոխնախարարը, մասնավորապես, նշել է, որ ՏՏ ոլորտում զբաղվածների ավելացման նպատակով Արցախի շրջաններում թվային մասնագիտությունների գծով մասնագիտական վերապատրաստման կամ վերաորակաորման կրթական ծրագրերի շրջանակներում դասընթացներ են իրականացվում, որոնք, սակայն շոշափելի արդյունք դեռ չեն տվել: