«ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՆ ՈՒԶՈՒՄ ԷԻՆ ԿՈՆՖԼԻԿՏ ՍՏԵՂԾԵԼ, ԲԱՅՑ ՉՍՏԱՑՎԵՑ». ՄՈՒԱՅԹԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ ԱԼԵՔՍԱՆ ԱՂԱԲԱԼՅԱՆ
ՍպորտՎերջերս Թուրքիայի Անթալիա քաղաքում կայացած Անթալիայի գավաթ IFMA International open cub Muaythai միջազգային խոշոր առաջնությանը մասնակցել են Հայաստանի Մուայթայի հավաքականի անդամները, նվաճելով 8 մեդալ, որից 2 ոսկե, 4 արծաթե և 2 բրոնզե։
Iravunk. com -ի մարզական թղթակիցը կապ է հաստատել ու բացառիկ զրույց ունեցել Հայաստանի Մուայթայի հավաքականի գլխավոր մարզիչ ԱԼԵՔՍԱՆ ԱՂԱԲԱԼՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց մրցաշարը.
- Նշեմ, որ 9 մարզիկից 8-ը մեդալ են նվաճել, ինչը շատ լավ արդյունք եմ համարում, ես շատ գոհ եմ։ Փայլուն հանդես եկան ու ոսկե մեդալի արժանացան Թամազ Աթաշյանը 12-13 տարեկանների խմբում ։Նա հանդես եկավ 42 կգ քաշային կարգում, հաղթելով երկու թուրք մրցակցի։ Մյուս ոսկե մեդալակիրը Բայլոզ Խուդոյանն էր, նա 12-13 տարեկանների խմբում 46 կգ - ում, պարտության մատնեց սկզբից Լեհաստանի ներկայացուցչին, եզրափակչում էլ թուրք հակառակորդին։ Շատ մեծ հպարտության զգացողություններ առաջացան, երբ Թուրքիայում մեր մարզիկների տոնած հաղթանակների շնորհիվ հնչեց Հայաստանի օրհներգը, մեր Եռագույն դրոշը ծածանվեց։ Արծաթե մեդալ նվաճեցին Արայիկ Բրուտյանը, Եփրեմ Մանուկյանը, Գոռ Հարությունյանը, Վաչիկ Միքայելյանը, բրոնզե մեդալի արժանացան Արման Սարգսյանը և Սամվել Հարությունյանը։ Նշեմ, որ Եփրեմը տեխնիկական նոկաուտով թուրքին հաղթեց ։Արծաթե մեդալակիր Արայիկ Բրուտյանը ևս փայլուն հաղթանակ տոնեց թուրքի հանդեպ, եզրափակչում վնասվածքի պատճառով էլ չկարողացավ մենամարտել ադրբեջանցու հետ։
- Արդյոք չկար որևէ մտավախություն, քանի որ մեզ համար թշնամի երկրում էիք մասնակցում մրցաշարի։
- Բնական է, շատ քիչ ունեինք մտավախություն, սակայն վստահ էինք, որ լավ կլինի, նրանք իրենց նորմալ էին դրսևորում սպորտը չխառնելով քաղաքականության հետ։ Ադրբեջանցիները մի փոքր ուզում էին կոնֆլիկտ ստեղծել, հրահրել, բայց չստացվեց դա նրանց մոտ։
- Մուայթայ մարզաձևը մեր երկրում զարգացած կարող ենք համարել։
- Իհարկե, այս մարզաձևը վերջին 3 տարիների ընթացքում շատ լուրջ առաջխաղացում ունի, թե մարզիկների որակով, թե մեդալների քանակով։ Նոյեմբերին Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում կայացած ավագ տարիքի պատանիների մինչև 23 տարեկանների ու մեծահասակների Եվրոպայի առաջնությանը նվաճել ենք 2 արծաթե ու 1 բրոնզե մեդալ։ Փոխչեմպիոնի կոչմանը արժանացավ 57 կգ քաշային Նարեկ Խաչիկյանը, նա հանդես եկավ մեծահասակների կազմում։
- Տեղյակ եմ, որ ծնունդով Արցախից եք, այնտեղ ևս հավաքականի գլխավոր մարզիչն եք եղել ու ֆեդերացիայի նախագահը։
- Այո, բնակվում էի Ստեփանակերտում, ցավոք, կորցրինք ողջ Արցախը ու հիմա այստեղ Երևանում վարձով ենք բնակվում։ 40-ից ավելի մարզիկներ կան Արցախից, որ այժմ ինձ մոտ պարապում են։ Ցավոք, շատերը չեն կարողանում պարապել, քանի որ Երևանից հեռու են գտնվում, մարզերում կամ երկրից են հեռացել ընտանիքով։
- Հետաքրքիր է, թե ինչպիսի մարզաձև է մուայթայը։
- Այն թայլանդական մարզաձև է, ամբողջ աշխարհում համարվում է շատ լուրջ մարզաձև, ուրախալի է, որ մարզաձևը սամբոյի նման հայտնվել է արդեն օլիմպիական ընտանիքում։
Իսկ ահա Հայաստանի Մուայթայի ֆեդերացիայի նախագահ ԱՐՏԱԿ ԲՐՈՒՏՅԱՆԸ, մեզ հետ զրույցում այսպես ամփոփեց տարին.
«Նշեմ, որ Թուրքիայում կայացած այս միջազգային մրցաշարին մասնակցում էին 28 երկրի 540 ուժեղագույն մարզիկներ։ Շատ թեժ պայքար էր ընթանում։ Այս մրցաշարը ռեյտինգային էր, այն միավոր է տալիս արդեն հաջորդ տարի կայանալիք Եվրոպայի ու Աշխարհի առաջնությունների համար։ Մյուս տարի մեր լավագույն մարզիկներից Նարեկ Խաչիկյանը կմասնակցի Աշխարհի խաղերին, որը 4 տարին մեկ անգամ է լինում ՕԽ ֊ի նման։ Մայիսին Աշխարհի մեծահասակների առաջնությունը կլինի Թուրքիայում, սեպտեմբերին Աբու ֊Դաբիում կլինի պատանիների Աշխարհի առաջնությունը, Հունաստանում կլինի Եվրոպայի երիտասարդների ու մեծահասակների առաջնությունը, օգոստոսին Աշխարհի խաղերը։ Ուրախալի է, որ ԿԳՄՍ ֊ի կողմից մեր մարզիկները պարգևատրվում են։
Այս տարի մեր մարզիկները ընդհանուր 79 մեդալ են նվաճել, որից 37 ոսկե, 26 արծաթե ու 16 բրոնզե։ Առիթից օգտվելով, ուզում եմ շնորհավորել մեր հայ ազգին, զինվորներին գալիք Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում առողջության, խաղաղության,նորանոր նվաճումների տարի։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ