2024-ի մաhերը․ ովքե՞ր լքեցին մեզ անցնող տարում
Օրացուցային հերթական տարվա վերջին էջը շուտով կթերթենք։ 2024-ը ոմանց համար ձեռքբերումների տարի էր, ոմանց համար՝ կորուստների։ Թեև, 2020-ից հետո բոլոր չորս տարիներն էլ հիմնականում հենց կորուստների տարիներ են։
MediaHub-ն այդ կորուստներից առանձնացրել է մարդկային կորուստները։
Այսպես, փետրվարի 7-ին, 58 տարեկան հասակում կյանքից հեռացավ Բեմական շարժման և մեներգի ամբիոնի դասախոս, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը։
Գինոսյանը մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, եղել է Լեոնիդ Ազգալդյանի հրամանատարությամբ գործող «Ազատագրական բանակ» ջոկատի ռազմիկ, ծառայել է նաև ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության առանձին գումարտակում, 1996-ին զորացրվել է ՀՀ ԶՈՒ շարքերից։
Գինոսյանն 1987 թվականից պարել է Հայրիկ Մուրադյանի ստեղծած «Վան» ազգագրական խմբում։ «Վան», «Անդովկ», «Ակունք» խմբերի համերգային ծրագրերի շրջանակներում մասնակցել է արտերկրյա մի շարք շրջագայությունների և դարձել 4 տարբեր միջազգային փառատոնների դափնեկիր։ Նա 2001-ին հիմնադրել է «Ծովակ» և «Կարին» ավանդական երգի-պարի խմբերը։
Գինոսյանը զբաղվել է նաև բանահավաքությամբ։ Այցելելով բազմաթիվ գյուղեր, նա գրի է առել բազում պարերի նկարագրություններ, վերականգնել է 36 պար, որոնց առաջին կատարողը հենց «Կարին» խումբն է։
Մարտի 21-ին կյանքից հեռացավ ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովը։ Աղաջանովը ծնվել է Թիֆլիսում, նրա պապը եղել է Ալեքսանդր Մանթաշովի բժիշկը։ Աղաջանովն ուսումնասիրել է Ալցհեյմերի հիվանդությունը և մշակել դրա բուժման և կանխարգելման ուղիները։
Հիշեցնենք նաև, որ Միխայիլ Աղաջանովը Իոսիֆ Աղաջանովի հայրն է, որի դաժան սպանությունը ցնցեց ամբողջ Հայաստանը, և որի համար ցմահ ազատազրկված է Մհեր Ենոքյանը։
Հունիսի 22-ին հանրությանը հայտնի դարձավ, որ մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը։ Սիրված դերասանուհին 66 տարեկան էր։
Լալա Մնացականյանը ծնվել է 1957 թվականի հոկտեմբերի 8-ին՝ Երևանում, դերասանուհի Էլիզա Գյուլեսերյանի և մաթեմատիկոս Բաբկեն Մնացականյանի ընտանիքում։ Եղել է նրանց երրորդ դուստրը։ Սովորել է Երեւանի N 78 դպրոցում։ Կարմիր դիպլոմով ավարտել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի թատրոնի և կինոյի դերասանական բաժինը։
Բազմաթիվ կերպարներ է կերտել թատրոնում, կինոյում և հեռուստատեսությունում։ Նկարահանվել է «Ձիավոր, որին սպասում են», «Ընկեր Փանջունի», «Ամանորը մեր անբաժան ընտանիքում», «Մանյունյա» և այլ ֆիլմերում: Լայն ճանաչում է ձեռք բերել «Մեր բակը» նախագծից: 140 մանրապատումների սցենարիստ է և դերակատար։
Հուլիսի 21-ին հանրությանը ցնցեց «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր, ակտիվիստ Հովհաննես Հարությունյանի անժամանակ մահը։ Հարությունյանը Տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդի նախկին նախագահն էր, նորաստեղծ «Առաջ» կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահը։
Նա 31 տարեկան էր։ Ամուսնացած էր։ Մահվան պատճառը հիվանդությունն է։
Սեպտեմբերի 20-ին էլ կյանքից հեռացավ քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Արտաշես Գեղամյանը։ Նա 74 տարեկան էր։
Գեղամյանը ծնվել է 1949թ. դեկտեմբերի 2-ին՝ Երևանում:
2003-2019 թվականներին, որոշակի ընդմիջումներով, եղել է ԱԺ պատգամավոր։
Տարին ամփոփեցինք ևս մեկ տխուր լուրով. դեկտեմբերի 23-ին 76 տարեկանում կյանքից հեռացավ ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը։
Պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանի և նրա ղեկավարած մասնագետների հմուտ թիմի հետ են կապված մեր երկրում ակնաբուժության ոլորտում գրանցված լրջագույն ձեռքբերումները: Չորս տասնամյակից ավելի հմուտ ակնաբույժին հաջողվել էր համատեղել գիտամանկավարժական և կլինիկական գործունեությունը՝ փրկելով ու վերականգնելով հարյուրավորների տեսողությունը, լուծելով ակնային խնդիրները:
Բժիշկ-գիտնականն ակնաբուժության ոլորտի նվիրյալներից էր: