Առաջին երեք օրերին Ռուսաստանից ոչինչ չլսեցինք, բացի «զառանցական վարկածները»․ Ալիև
ՄիջազգայինԱյն, որ ֆյուզելյաժը (վթարի ենթարկված ինքնաթիռը- խմբ.) պատված էր անցքերով, օրակարգից ամբողջությամբ հանեց թռչունների երամի հետ բախման վարկածը, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։
Նա ցավով նշել է, թե «Ռուսաստանում որոշ շրջանակներ գերադասել են հավատարիմ մնալ այս տարբերակին»։
«Մեզ վրդովեցրեց և զարմացրեց այն, որ ռուսական պաշտոնական կառույցները գազի ինչ-որ բալոնի պայթյունի վարկածներ էին ներկայացնում։ Այսինքն՝ բացահայտ ցույց էին տալիս, որ ռուսական կողմը ցանկանում է կոծկել հարցը, և դա, իհարկե, պատիվ չի բերում որևէ մեկին»։
Ընդգծելով, որ, իհարկե, ադրբեջանական ինքնաթիռը միտումնավոր չի խոցվել, երկրի նախագահն ասել է, որ մեղքն ընդունելը, բարեկամ երկիր համարվող Ադրբեջանից անհապաղ ներողություն խնդրելը և դրա մասին հանրությանը հայտնելն այն միջոցներն ու քայլերն էին, որ պետք է արվեին: «Ցավոք, առաջին երեք օրերին Ռուսաստանից ոչինչ չլսեցինք, բացի զառանցական վարկածները»,– ասել է Ալիևը։