Նյութապաշտություն եւ նախանձ. ահա ազգին կործանման տանող արատները. Հայկ Ղազարյան
ՀրապարակախոսությունԱյդ հատկություններն են մարդկային արատներից վատթարագույնն ու վտանգավորը, որոնք ամենաշատն են թունավորում մարդու հոգին, վնասում, գայթակղում ու կախարդում նրան, մղելով դավաճանության, ուրացման, ատելության, բանսարկության ու վրեժխնդրության, ինչի հետևանքով էլ թերևս մի կտոր հողի վրա մնացել ենք մի բուռ ժողովուրդ: Նախևառաջ շահամոլությունն ու նախանձն են մարդկանցից խլում շրջապատի ու հայրենիքի սերը, հարգանքը, առաքինությունն ու նվիրումը: Շահի ձգտումն էլ մարդուն դարձնում է խամաճիկ, ստրկամիտ ու գերի։ Նա չի կարող լինել սկզբունքային, հավատարիմ ու անկեղծ:
«Դու աշխարհ եկար մերկ, դու կհեռանաս աշխարհից նույն կերպ. դու ծնվել ես առանց ուժի, կմեռնես նույն կերպ թույլ, ինչպիսին եղել ես։ Եկել ես առանց փողի ու նյութական միջոցների, կհեռանաս առանց փողի ու նյութականի։ Ձեր առաջին ցնցուղն այն է, երբ լողացրել և հագցրել են: Ձեր վերջին ցնցուղը լինելու է նույն կերպ: Ահա սա է մարդը. Այդ դեպքում ինչո՞ւ կա այդքան ագահություն, այդքան գոռոզամտություն, այդքան չարություն, այդքան նախանձ, այդքան ատելություն, այդքան դժգոհություն, այդքան եսասիրություն: Մենք սահմանափակ ժամանակ ունենք Երկրի վրա: Մենք պետք է զգույշ լինենք, թե ինչպես ենք այն օգտագործում։ Սա այն է, ինչ մենք պետք է մշտապես հիշենք», - այս խոսքերով Օմար Խայամն է շատ դիպուկ պատգամ հղել ագահ, նյութապաշտ, նախանձ, չար ու եսասեր մարդկանց:
Իսկ այդ հատկությունը հոգեպես աղքատ, խղճուկ, բնազդներով ու էժանագին կրքերով ու վայելքներով ապրող մարդկանց հատկություն է: Պատմության ընթացքում ամենամեծ հարստությունն ու փառքն էլ դեռևս չեն գոհացրել շահից ու փառքից կուրացած մարդկանց հոգիները: Իսկ երբ կմոտենա կյանքի մայրամուտը, այդպիսիները կհասկանան, որ կարևորը շրջապատի սերն ունենալն է, հայրենիքն է, արժանապատվությունն է, պատիվն է, հոգու հարստությունն է, առողջ ընտանիքն է, ջերմ մարդկային հարաբերություններն են: Կհասկանան, որ մարդու առաքելությունն այս աշխարհում լավ անուն, լավ գործեր ու սերունդ թողնելն է: Սա է իրական հարստությունը, որը պետք է ուղեկցի և ուժ տա՝ առաջ գնալու: Իսկ մենք մեզ հետ այս աշխարհից կարող են տանել միայն հաճելի ու լավ հիշողություններ: Հիմա մենք այդպիսիների էժանագին կրքերի պատճառով ազգովին հայտնվել ենք մղձավանջի ու աղետի մեջ և կանգնած ենք հայրենիքի ու պետականության հերթական կորստի առաջ՝ այդպես էլ դասեր չքաղելով անցյալի դառը իրողություններից ու կյանքի փիլիսոփայությունից։
ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու