Արհմիությունները սատարում են յոթժամյա աշխատաժամանակին անցնելու օրինագիծը․ հայտարարություն
ՆերքաղաքականՀայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան ողջունել է աշխատանքային ժամերի կրճատման նախագիծը։ Կոնֆեդերացիան տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասված է․
«Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան ողջունում և սատարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը, քանի որ՝
- աշխատանքային ժամերի կրճատումը կնպաստի աշխատանքի որակի բարձրացմանը, աշխատողների հոգեկան և ֆիզիկական առողջության պահպանմանը և կյանքի որակի բարելավմանը։ Երբ աշխատողներն ունենան բավարար հանգստի ժամանակ, նրանք կարող են վերականգնել իրենց ուժերը և ավելի արդյունավետ աշխատել իրենց աշխատանքի ժամերին։
- Սա գործուն քայլ է դեպի սոցիալական բաղադրիչը, ինչը սահմանադրական պարտավորություն է, քանի որ Հայասատանի Հանրապետությունը սոցիալական պետություն է։
- Գործատուները պարտավոր են ապահովել արժանապատիվ աշխատանքային միջավայր և կազմակերպել աշխատանքի այնպիսի բաշխում, որի արդյունքում աշխատողը կարող է արդյունավետ իրականացնել իր գործառույթն ավելի նվազ աշխատանքային ժամերի ընթացքում։
- Ցածր և գնաճի հետ անհամաչափ աշխատավարձերի, պայմաններում, ամենաշատ արձանագրվող խախտումներից են աշխատողների գերծանրաբեռնվածությունը, փոխարինող աշխատողներ չներառելը, անգամ աշխատողի՝ ամենամյա կամ չվճարվող արձակուրդում գտնվելու ժամանակ փոխարինող աշխատողը շատ դեպքերում ստիպված է լինում կատարել կրկնակի աշխատանք և չփոխհատուցվել։
- Ինչ վերաբերում է տոնական և ոչ աշխատանքային օրերի կրճատմանը՝ սա նույնպես աշխատողին ի վնաս և գործատուներին կրկնակի շահույթ ստանալուն է հանգեցրել, քանի որ այն ոլորտներում որտեղ աշխատում են անընդմեջ, տոնական և ոչ աշխատանքային օրերին, գործատուներն ավելի պակաս են վարձատրել։ Եվ եթե անգամ տեղի է ունեցել ՀՆԱ –ի աճ, ապա այն համարժեք չի բաշխվել աշխատողների միջև։
- Հետևաբար, այս քաղաքականությունը չի հանգեցրել Հայաստանում ապրող և աշխատող քաղաքացու բարեկեցության բարձրացմանը, հակառակը անհավանական գնաճի պայմաններում աշխատավարձերը չեն ինդեքսավորվում և ՀՀ-ում շարունակում է բարձր մնալ աշխատող աղքատների թվաքանակը;
- Այսիպիսով ոչ մի կերպ քաղաքացին իր վրա չի զգում արձանագրված
ՀՆԱ-ի աճը։
Բացի այդ երկարատև աշխատանքային ժամերը և աշխատանքային ծանրաբեռնվածությունը հանգեցնում են հոգեբանական և ֆիզիկական հոգնածության և լարվածության, որի արդյունքում ավելանում են աշխատավայրերում դժբախտ դեպքերը, այդ թվում՝ մահվան ելքով, և մասնագիտական հիվանդությունները․ մինչդեռ ՀՀ Սահմանադրության 82-րդ հոդվածի համաձայն «Յուրաքանչյուր աշխատող, օրենքին համապատասխան, ունի առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների, առավելագույն աշխատաժամանակի սահմանափակման, ամենօրյա և շաբաթական հանգստի, ինչպես նաև ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք»:
Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս նույն աշխատանքն իրականացնել արագ և արդյունավետ։ Սա նշանակում է, որ աշխատելու համար անհրաժեշտ է ավելի քիչ ժամանակ։
Ինչ վերաբերում է ՀՆԱ -ի աճին՝ այն ավելի շատ պայմանավորված է ինտենսիվ միգրացիոն հոսքերով և արդյունավետ քաղաքականությամբ այդ ոլորտում և այլ գործընթացներով, քան տոնական, ոչ աշխատանքային օրերի քանակի կրճատմամբ։
Արհմիությունները սատարում են այս նախագիծը, քանի որ պետության սոցիալական քաղաքականությունը պետք է ուղղված լինի կենսամակարդակի բարձրացմանը, և առաջին հերթին պետք է հաշվի առնվի ՀՀ-ում ապրող և աշխատող քաղաքացու բարեկեցությունը, այլ ոչ միայն բիզնեսի շահը։
Ցանկացած բիզնես և տնտեսություն չի կարող զարգանալ առանց աշխատող մարդու, և ի վերջո, պետք է ընդունել, որ աշխատողը գործիք չէ և արժանի է արժանապատիվ աշխատանքային պայմանների և կյանքի։
Միայն արժանապատիվ աշխատանքով ապրող և աշխատող քաղաքացիներն են կարող ապահովել պետության անվտանգությունը և կայունությունը, միայն այդ դեպքում է հնարավոր սոցիալական արդարություն։ Այս մոտեցումն այլընտրանք չունի»։