Թվային շտապ օգնության դեղատուփը՝ արդեն հայերենով. Cyberhub
ՀասարակությունԲազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը՝ CyberHUB-AM հարթակը նախաձեռնած կազմակերպությունը, միացել է թվային անվտանգության ոլորտում ողջ աշխարհում գործունեություն իրականացնող իր գրեթե չորս տասնյակ գործընկեր կազմակերպություններին, և լոկալիզացրել՝ Թվային շտապ օգնության դեղատուփը, որը կօգնի արագ արձագանքել թվային անվտանգության մարտահրավերներին։
Ի՞նչ է Թվային շտապ օգնության դեղատուփը
Digital First Aid Kit-ը, կամ DFAK–ը, որն անգլերենից թարգմանվում է՝ Թվային շտապ օգնության դեղատուփ, անվճար հարթակ է, որը թույլ է տալիս արագ գտնել կոնկրետ թվային խնդիրների լուծման «դեղահաբեր»։ Թեմաներն այստեղ ներկայացված են հարցերի դեպքում՝ ինչ անել, եթե «չեմ կարողանում մուտք գործել օգտահաշիվ» կամ «կասկածելի նամակ եմ ստացել» ֆորմատով։
Դեղատուփի նպատակն է՝ թվային խնդիրներին արագ արձագանքող (առաջին օգնությունը ցուցաբերող) մասնագետներին, թվային անվտանգության դասընթացներ անցկացնող թրեյներին և պարզապես՝ թվային խնդիրների բախվող քաղհասարակության ու լրատվամիջոցների ներկայացուցիչներին հնարավորինս արդյունավետ իրականացնել իրենց, գործընկերների և հարազատ համայնքների թվային պաշտպանությունը։
DFAK-ը նաև պարտունակում է տվյալների բազա՝ քաղհասարակությանը տարբեր երկրներում և տարբեր լեզուներով անվճար թվային աջակցության ցուցաբերող կազմակերպությունների մասին, որում, իհարկե, ներառված է նաև Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը։
Բեքգրաունդ
DFAK-ը ստեղծվել է դեռ 2015 թվականին թվային անվտանգության փորձագետների կողմից՝ որպես աջակցության անվճար ու բաց հարթակ հատկապես այն անձանց, խմբերի ու կազմակերպությունների համար, ովքեր աշխատում են մարդու իրավունքների, սոցիալական արդարության, թվային իրավունքների պաշտպանության ուղղությամբ։
Ներկայում գործարկված տարբերակը երրորդն է՝ Digital First Aid Kit 3.0, թվային խնդիրները լուծելու թարմացված առաջարկներով, գիտելիքներով և կապերով։