«ԵՐԵՎԻ ԻՄ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԻ ՀԱՄԱՐ ԵՍ ԱՅԴՔԱՆ ՉԵՄ ՈՒՐԱԽԱՑԵԼ, ՈՐՔԱՆ ՄԵՐ ՀԱՅ ԱԶԳԸ». ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆ
ՍպորտIravunk. com -ի մարզական թղթակիցը զրուցել է վերջերս Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում կայացած 2024 թվականի Ծանրամարտի Աշխարհի առաջնությունում գերծանր քաշային կարգում աննախադեպ նվաճում ունեցած, Աշխարհի չեմպիոն հռչակված, Եվրոպայի չեմպիոն, Փարիզի ՕԽ փոխչեմպիոն, Աշխարհի գավաթակիր, արդեն ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ, ծնունդով գյումրեցի ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ հետ։ - Ողջույն, Վարազդատ։ Շնորհավորում ենք փառահեղ հաղթանակի, աննախադեպ նվաճման, ինչպես նաև օրերս ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչմանն արժանանալու առթիվ։ - Շատ շնորհակալ եմ։ Ինչպես և ակնկալում էինք, պայքարը ԱԱ֊ում իսկապես շատ թեժ էր ընթանում, գիտեինք, որ իրանցի ծանրորդները բավականին ուժեղ են։ Որքան պետք էր երկամարտում հաղթելու համար, այդքան էլ բարձրացրի։ Եթե ավելացնելու անհրաժեշտություն լիներ, հրման առաջին մոտեցմանն ավելի մեծ քաշի կմոտենայի։ Նշեմ, որ Աշխարհի չեմպիոն հռչակվելը ինձ համար երազանք ու նպատակ էր, մանավանդ այդքան արծաթե ու բրոնզե մեդալներից հետո։ Կարողացա ուրախության պահեր պարգևել իմ հայ ազգին, ինչի համար շատ հպարտ եմ։ Երևի իմ ոսկե մեդալի համար ես այդքան չեմ ուրախացել, որքան մեր հայ ազգը։Նրանց համար էլ այս չեմպիոնությունը շատ երկար սպասված էր, որովհետև երկար տարիներ գերծանր քաշային կարգի ոսկին մեկ երկիր էր գնում, ու վերջապես այն արդեն Հայաստանում է։ Այլ զգացողություններ ու ապրումներ ունեմ։ Իհարկե, գիտակցում եմ, որ հետագայում էլ ավելի շատ պիտի աշխատեմ ու պարապեմ, ինչին պատրաստ եմ։ Պետք է ՕԽ արծաթն էլ ոսկի դարձնեմ։ Ցավում եմ միայն, որ Գոռ Մինասյանը չկարողացավ մեդալ նվաճել։ Իրեն այդքան էլ լավ չէր զգում, քանի որ ծնկի վնասվածք ուներ և առաջնությունից առաջ երկար ժամանակ չէր մարզվել։ - Կարող ենք արդեն տարին ամփոփել։ - Չեմ կարող այս տարվա իմ արդյունքներից բավարարված չզգալ, քանի որ միակ հայ մարզիկն եմ, որ այս տարի այդքան մեդալներ է նվաճել։ Սակայն, միևնույն ժամանակ էլ լիովին գոհ չեմ ինձնից։ Գիտեմ, որ ավելացնելու և ավելի լավ հանդես գալու հնարավորություն միշտ էլ կա։ Առաջիկայում մի քանի օր կհանգստանամ ու կսկսեմ պատրաստվել արդեն 2025 թվականի Եվրոպայի առաջնությանը։ - Վարազդատ, հաշված օրեր են մնացել այս տարվա ավարտին ու կգա արդեն Նոր տարին։ - Առիթից օգտվելով, ուզում եմ շնորհավորել իմ հայ ազգին, մեր զինվորներին գալիք տոների առթիվ, մաղթում խաղաղության, առողջության, նորանոր նվաճումների տարի։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ