Ինչպես ռուսականը փոխարինել հայկական նմուշի վարորդական վկայականով
Հասարակություն«Իրավունք»-ի խմբագրություն է դիմել ժամանակին ՌԴ քաղաքացի, այժմ ՀՀ քաղաքացի հանդիսացող անձ եւ հարց ուղղել, թե ունենալով ռուսական վարորդական վկայական՝ ի՞նչ կարգով կարող է հայկական նմուշի վարորդական վկայական ստանալ կամ փոխարինել այն՝ հայկականով: Հարցի պատասխանը պարզել ենք ՀՀ Ներքին գործերի նախարարության հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների եւ լիցենզավորման վարչությունից:
«Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի թիվ 385-Ն որոշման 1-ին հավելվածի 73-րդ կետի՝ այլ պետություններում ստացած եւ 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթեւեկության մասին» կոնվենցիայով եւ դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականը փոխանակվում է՝ առանց որակավորման քննություններ հանձնելու: Ըստ նույն հավելվածի 74-րդ կետի՝ սույն կարգի 73-րդ կետով նախատեսված դեպքում վարորդական վկայականը փոխանակվում է այլ պետություններում ստացած վարորդական վկայականի վավերականությունը պարզելուց հետո, իսկ փոխանակված վարորդական վկայականը վերադարձվում է այն տրամադրած պետության իրավասու մարմիններին», - ասված է ՆԳՆ-ից մեզ տրամադրված տեղեկատվության մեջ։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ