Իրանական կողմի դիրքերի ամուր լինելը Մերձավոր Արեւելքում՝ բխում է մեր շահերից. Վարդան Ոսկանյան
ՆերքաղաքականՍիրիան մտնում է պատմության նոր շրջափուլ։ Արդեն այդ երկրում իրադրության տերը ապստամբ ընդդիմադիր գործիչ Աբու Մոհամմադ ալ-Ջոլանին է։ Ընդամենը տասը օր պահանջվեց նրա ղեկավարած «Հայա թահրիր ալ Շամ» շարժմանը՝ տապալելու Սիրիան կառավարող Ասադների ավելի քան կեսդարյա իշխանությունը։ Սիրիայի նոր առաջնորդ Աբու Մոհամմադ ալ-Ջոլանիի անունն այսօր արդեն դարձել է ինչպես ժողովրդական ցնծության, այնպես էլ միջազգային հետաքրքրության առարկա։ Ո՞վ է այս փուլում Սիրիայի ճակատագիրը կերտողը, եւ ի՞նչ է սպասվում այդ երկրին, որտեղ նոր բախումներ են կանխատեսում վերլուծաբանները։ Սիրիայում ստեղծված իրավիճակի, ինչպես նաեւ այդ ամենի անմիջական ազդեցությունը Հայաստանի հետ կապ ունենալ եւ չունենալու հետեւանքների շուրջ «Իրավունք»-ը զրուցել է ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԻ հետ:
«ՍԻՐԻԱՅԻ ՆԵՐՍՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԴԵՌԵՎՍ ՇԱՏ ՀԵՌՈՒ Է ԿԱՅՈՒՆ ԼԻՆԵԼՈՒՑ»
— Ըստ Ձեզ` Սիրիայի ճակատագիրն ու ապագան որոշելու պատասխանատվությունն այս պահին ո՞վ է կրում:
— Իրականում ակնհայտ է, որ Սիրիայի ճակատագրի համար պատասխանատվությունը հենց անձամբ էրդողանական վարչախումբը եւ Թուրքիայի նախագահն է ստանձնել, ու այդ մասին բազմաթիվ հայտարարություններ են եղել: Անշուշտ, ոչ նման բառերով, բայց ակնհայտ է, որ էրդողանական վարչախումբը, ըստ էության, վերահսկում է այն իրավիճակը, որը տիրում է «Հայաթ Թահրիր ալ-Շամ» կառույցի կողմից վերահսկվող տարածքներում: Հետեւաբար, յուրաքանչյուր զարգացում պայմանավորված է լինելու նաեւ Թուրքիայի անմիջական միջամտություններով, բայց իրավիճակը միանշանակ չէ, եւ դեռեւս շատ վաղ է խոսել որեւէ կողմի հաղթանակի կամ պարտության մասին:
Ըստ էության, այժմ Սիրիան վերահսկող միասնական ուժ գոյություն չունի: Երկրի տարածքի մոտ մեկ երրորդ մասը վերահսկվում է քրդական ուժերի կողմից, որոնք, մեղմ ասած, այնքան էլ նորմալ հարաբերություններ չունեն Դամասկոսում այժմ իշխանության եկած ուժերի հետ եւ, միեւնույն ժամանակ, ընթանում են մարտական գործողություններ` հրադադարներով, բայց, այսուհանդերձ, մարտական գործողություններ պրոթուրքական, այսպես կոչված, Սիրիայի «Ազգային բանակ» կառույցի հետ չպետք է շփոթել այս կառույցը Դամասկոսում իշխանության եկածների հետ: Մյուս կողմից էլ պետք է նկատի ունենալ իսրայելական օկուպացիան: Իսրայելը ընդլայնել է իր բռնազավթված տարածքների շրջանակը Սիրիայի հարավում եւ, նաեւ որոշակի միջամտություն է իրականացնում մեր էթնիկական խնդիրներում: Դեռեւս շատ հստակ չէ, բայց առնվազն այդ մասին խոսում են, որ իսրայելական կողմը կարող է աջակցել քրդերին՝ հակաթուրքական պայքարում եւ նաեւ Իսրայելի հետ սահմանակից Գոլանի բարձունքների շրջանում ստեղծել դրուզական ինքնավար միավոր, որը կլինի պրոիսրայելական: Դամասկոսում իշխանությունը կիսելու խնդիրը շատ արդիական է, որովհետեւ առայժմ ժամանակավոր վարչապետի պաշտոնակատար կա, եւ դեռեւս, ինչպես ասում են, միայն Աստծուն է հայտնի, թե երբ ընտրություններ կանցկացվեն, այդ ընտրությունների արդյունքները որքանով ընդունելի կլինեն տարբեր կողմերի համար:
Իրականում ինչ-որ առումով դրական քարոզչական ֆոն են փորձում ապահովել թուրքական կողմը ու նաեւ այլ կողմեր: Սիրիայի ներսում իրավիճակը դեռեւս շատ հեռու է կայուն լինելուց կամ այդ կայունության որեւէ հեռանկար այս պահի դրությամբ դեռեւս չի նշմարվում: Պետք է հետեւել գործընթացներին, իրանական կողմն էլ ակտիվորեն աշխատում է այլ ուղղություններով: Այո, իրանցիները դուրս են եկել Սիրիայից, բայց սա չի նշանակում, թե Սիրիան դադարել է կարեւոր լինել Իրանի համար: Իրանցիները աշխատում են տարբեր կողմերի հետ` թե՛ Սիրիայի ներսում, թե՛ Սիրիայից դուրս եկած, այդ թվում՝ նաեւ Սիրիայի զինված բանակի մնացածների հետ, որոնք անցել են Իրաքի տարածք եւ, ըստ էության, այժմ գտնվում են պրոիրանական ուժերի հետ դաշինքի մեջ, նաեւ ալավիական շրջաններում իրավիճակը միանշանակ չէ:
— Ի՞նչ նկատի ունեք` ալավիական շրջաններում իրավիճակը միանշանակ չէ ասելով:
— Ալավիները շիայական խումբ են` 2-2,5 միլիոն թվաքանակով, միջերկրածովյան հատվածով հենց ա՛յն տարածքում, որտեղ գտնվում են ռուսական փաստացի երկու ռազմակայանները, եւ թե՛ էթնիկական, թե՛ կրոնական, թե՛ քաղաքական առումով Սիրիայի ներսում դեռեւս կայունության մասին խոսելը շուտ է, ու նաեւ շատ վաղ է խոսելը, թե ով է վերջնականապես հաղթել այս հակամարտության շրջանակներում (նկատի ունեմ արտասիրիական ուժերին, որովհետեւ հենց Թուրքիայի ներսում էլ այժմ թեեւ ընդդիմադիր շրջանակներում, բայց խոսում են այն մասին, որ էրդողանական վարչախումբը խրվելու է ճահճում` թե՛ քրդերի հետ զինված պատերազմի պայմաններում, թե՛ Դամասկոսում կենտրոնական իշխանությունը հաստատելու հանգամանքը նկատի ունենալով):
«ՈՐՔԱՆ ԹՈՒՐՔԻԱՆ ԽՐՎԱԾ ԼԻՆԻ ՍԻՐԻԱԿԱՆ ՃԱՀՃՈՒՄ, ԱՅՆՔԱՆ ՄԵԶ ՀԱՄԱՐ ԱՌԱՎԵԼ ՇԱՀԱՎԵՏ ԿԼԻՆԻ»
— Պարոն Ոսկանյան, արդյո՞ք այս իրավիճակները կանխատեսելի էին Սիրիայի համար:
— Կարծում եմ, որ որեւէ մեկը ճշմարտության դեմ մեղանչած կլինի՝ եթե պնդի, թե կանխատեսելի էր, որ նման արագ կերպով տեղի կունենար Դամասկոսի անկումը: Իրականում, դատելով նաեւ առկա տեղեկատվությունից, այդ տեղեկատվության վերլուծությունից, հայտարարություններից, նաեւ պաշտոնապես սա անակնկալ էր նույնիսկ թուրքական կողմի համար, բայց ունենալ իրավիճակ, որը ունենք եւ հետեւաբար այս համատեքստում պետք է նախ դուրս մնալ թե՛ էյֆորիկ, թե՛ խիստ վատատեսական գնահատականներից ու հետեւել գործընթացներին: Ամեն դեպքում, մեկ անգամ եւս կրկնում եմ, որ իրավիճակը շատ հեռու է կայուն լինելուց:
— Իսկ Հայաստանն ինչպիսի՞ ճակատագրի կարող է արժանանալ, եւ որքանո՞վ է արդյոք այս ամենն առնչվում մեր երկրի հետ:
— Եթե մենք աշխարհագրորեն թեկուզ միայն դիտարկենք Սիրիան, ապա դա Հայաստանին շատ մոտ գտնվող տարածք է, եւ մենք մեկ անգամ, կարծես թե, թույլ ենք տվել այդ սխալը՝ ուշադրություն չդարձնելով, կամ կարեւոր չհամարելով Սիրիայի ներսում ընթացող գործընթացները ու դրա հետեւանքները տեսել ենք Արցախում: Ինչպես գիտենք, Արցախում թուրքական կողմի վարձկանները սիրիական ահաբեկիչներն էին, որոնք տեղափոխվել էին մերձարաքսյան գոտի եւ խնդիրներ էին ստեղծել մեզ համար: Ուստի՝ թվացյալ հեռավորությունը Սիրիայի՝ չպետք է խաբուսիկ լինի: Այո՛, մենք էլ Մերձավոր Արեւելքի մասերից մեկն ենք, թեեւ հետխորհրդային տարածք, բայց, այդուհանդերձ, Մերձավոր Արեւելքի մի բաղադրիչ, որի վրա այս կամ այն կերպ Մերձավոր Արեւելքում ընթացող գործընթացներն ազդում են:
Մյուս կարեւոր հանգամանքը, որը պետք է նկատի ունենալ՝ Ռուսաստանի եւ Իրանի պարագան է: Գիտեք, որ Իրանը Հայաստանի Հանրապետության անվտանգային ճարտարապետության մեջ զբաղեցնում է կարեւոր դերակատարություն: Հատկապես հաշվի առնելով «Զանգեզուրյան միջանցք»-ի «խնդիրը», հաշվի առնելով Սյունիքի մարզի անվտանգությունը, նաեւ մի շարք այլ բաղադրիչներ: Հետեւաբար, ակնհայտ է, որ իրանական կողմի դիրքերի ամուր լինելը Մերձավոր Արեւելքում բխում է մեր շահերից: Եվ ռուսական գործոնը պետք է ակնհայտորեն նկատի ունենալ, որովհետեւ Ռուսաստանի տարբեր ճակատներում զբաղվածությունը նույնպես նկատելիորեն ազդում է Հայաստանի Հանրապետության անվտանգային ճարտարապետության վրա:
Հետեւաբար, պարզ է, որ ռուսական կողմի համար Սիրիայում ստեղծվել են խնդիրներ: Որքանով, որ այդ խնդիրները կենսականորեն Ռուսաստանի համար մի կողմ են, բայց դա կարող է մեզ վրա էլ ազդեցություն ունենալ, եւ մյուս հանգամանքը. թուրքական կողմի դիրքերի ամրացումը յուրաքանչյուր հատվածով Մերձավոր Արեւելքի՝ բնականաբար չի բխում մեր շահերից, որովհետեւ մենք գործ ունենք ակնհայտ թշնամական կազմավորման հետ, որի նպատակները, կարծում եմ, բոլորի համար էլ պարզ են: Ուստի՝ որքան, որ Թուրքիան զբաղված լինի նաեւ սիրիական խնդիրների «կարգավորմամբ», որքան խրված լինի սիրիական ճահճում, այնքան մեզ համար առավել շահավետ կլինի, եւ գոնե մենք կստանանք ժամանակ՝ վերականգնվելու, ստեղծելու դաշնակցային հարաբերություններ տարբեր կողմերի հետ, ամրացնելու Հայաստանի անվտանգությունը:
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ