Կյանքի մայրամուտին հասցրեց իրականացնել իր երազանքը. մահացել է բեմադրիչ Ռուբեն Թումանյանը
ՄշակութայինԵրկարատեւ հիվանդությունից հետո՝ մահացել է բեմադրիչ ՌՈՒԲԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ նա Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում վերաբեմադրեց իր առաջին ներկայացումը՝ 30-ամյա «Թումանյանական խճանկար»-ը:
«Սա եղել է իմ առաջին ներկայացումներից մեկը՝ դեռ 30 տարի առաջ: Իհարկե, հիմա այս նոր բեմադրությունը կարելի է համարել ռեմիքս: Այն ժամանակ բեմադրության մեջ անդրադարձել էի Հովհաննես Թումանյանի երկու գործի՝ «Մի կաթիլ մեղրը» եւ «Թմկաբերդի առումը», այժմ՝ ավելացվել է «Կիկոսի մահը» եւ «Փարվանան», - «Իրավունք»-ի հետ զրույցում ասել էր նա:
Ռուբեն Թումանյանը երկար տարիներ ապրում էր Ռուսաստանում, բայց կյանքի մայրամուտին տեղափոխվել էր հայրենիք եւ սկսել ներկայացումներ բեմադրել միանգամից մի քանի թատրոններում: Իսկ թատրոնները նրան ընդունել էին գրկաբաց:
«Երբ եկա այստեղ, ձեռքերս արդեն քոր էին գալիս, ուզում էի ներկայացումներ բեմադրել, որովհետեւ Մոսկվայում էլի զբաղված էի ռեժիսուրայով, բայց՝ գովազդային, ինչը բոլորովին նույնը չէ: Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանի առաջարկով բեմադրվեց «Թումանյանական խճանկարը», իսկ «Հազարան բլբուլը»՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում: Այս ամենը երազանք էր, որ դառնում է իրականություն»:
Հիշատակն արդարոց օրհնութամբ եղիցի...
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ