Ամանորի կախարդանքը Երեւանի թատրոններում
ՄշակութայինԵրեւանի թատրոններն այս տարի կրկին կախարդական մթնոլորտ են ստեղծել՝ Ամանորը ջերմությամբ ու հեքիաթներով դիմավորելու համար: Բեմադրիչներն ու դերասաններն, ասես, հեքիաթի հերոսներ, սրտանց աշխատել են, որ յուրաքանչյուր ներկայացում հանդիսատեսին փոխանցի տոնական ուրախության ու հուզմունքի մթնոլորտ:
Այս տարի թատրոններում կրկին ցուցադրվում են սիրված հեքիաթներ: Ամանորի ներկայացումների մեկնարկը տրվել է դեկտեմբերի 18-ից եւ կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 30-ը, այնուհետեւ վերսկսելով 2025 թվականի հունվարի 3-ից մինչեւ հունվարի 7-ը: Տոմսերի գները տատանվում են 1500-ից մինչեւ 5000 դրամ:
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը Ամանորին կներկայացնի, ըստ Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթի, «Մատնաչափիկ» ներկայացումը (բեմադրիչ՝ Նունե Կիրակոսյան): Ծաղկից ծնված փոքրիկ աղջիկը, որի անունը Մատնաչափիկ է, անցնում է բազմաթիվ փորձությունների միջով: Ճանապարհին նա հանդիպում է դոդոշին, բզեզին եւ խլուրդին, որոնցից յուրաքանչյուրը ցանկանում է նրան իր հարսնացուն դարձնել: Չնայած դժվարություններին, Մատնաչափիկը մնում է բարի եւ հավատարիմ իր երազանքներին: Ի վերջո, նա գտնում է իր երջանկությունը՝ տունը, որտեղ իրեն սպասում են։ Ներկայացումից առաջ փոքրիկ հանդիսատեսին հյուր կգան Ձմեռ պապն ու Ձյունանուշը:
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում բեմ կբարձրանա, ըստ Լուիս Քերոլի` «Ալիսան հայելիների աշխարհում» ներկայացումը (բեմադրիչ՝ Կարո Բալյան): «Ալիսան հայելիների աշխարհում» հեքիաթային, երաժշտական ներկայացում է, որտեղ Ալիսան հայտնվում է կախարդական աշխարհում՝ լի ուրախ պարերով, զվարճալի կերպարներով եւ շախմատային արկածներով։ Խոսող կենդանիներն ու կախարդական իրավիճակները բեմը լցնում են ուրախությամբ ու հրաշքով՝ հիացնելով մեծերին ու փոքրերին։
«Փոքր» թատրոնում Ամանորի` «Թեյախմություն Ձմեռ պապի հետ» ներկայացումը ինտերակտիվ է (բեմադրիչ՝ Վահան Բադալյան):
«Թատրոն Կայարան»-ում կցուցադրվի, ըստ Վիգեն Ստեփանյանի` «Թումանյանի անճարները Ամանորին» ներկայացումը (բեմադրիչ՝ Իշխան Ղարիբյան)։
Վ. Մ․