Նոյեմբերյանում երեխաները Ձմեռ պապիկից խաղաղություն են խնդրում. Ալլ Անանյան
ՄշակութայինՍահմանային Նոյեմբերյանում, որտեղ տագնապն ու անորոշությունը գրեթե մշտապես ներկա են, նկարչուհի ԱԼԼ ԱՆԱՆՅԱՆԸ շարունակում է ստեղծագործել եւ իր մշակութային պայքարից չշեղվել՝ անգույն իրականությունը դարձնելով գունեղ իր վրձնի միջոցով։ Նախատոնական այս օրերին ինչպես են պատրաստվում Ամանորին սահմանամերձ շրջանում ու ինչ հույսեր են կապում 2025 թվականի՝ Օձի տարու հետ, «Իրավունք»-ը պարզել է նրա հետ զրույցում:
«ՍԱՀՄԱՆԻՆ ԱՊՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՔԱՋՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ, ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ՝ ԱՎԵԼԻՆ»
— Ինչպիսի՞ն էր 2024 թվականը՝ ստեղծագործական առումով: Կա՞ մտավախություն, որ սահմանամերձ համայնքում արվեստը կմնա անտեսված կամ կտուժի քաղաքական որոշումների պատճառով։ Ինչպե՞ս եք պայքարում այս մարտահրավերների դեմ։
— Այս տարի իմ ստեղծագործական ակտիվության միակ դրսեւորումը եղավ Կոմիտասին նվիրված ֆլեշմոբին մասնակցությունը, որի համար շնորհակալ եմ կազմկերպիչներին։ Նախորդ տարիների համեմատ՝ պասիվ էի, նոր աշխատանքներ ունեմ, բայց դեռ առիթ չեմ ունեցել ցուցադրելու աշխատանքներս։ Եթե մարդը սեփական անվտանգության մասին մտավախություն ունի, հազիվ թե կենտրոնանա արվեստի կամ առհասարակ մշակույթի վրա: Իհարկե, քաղաքական ճիշտ կամ սխալ որոշումներն ազդեցություն ունենում են: Իմ պայքարի միակ միջոցն արվեստն է:
— Դժվարությունները, որոնք կապվում են սահմանային տարածքներում ապրելու հետ, արվեստն արդյոք օգնում է դառնալ հույսի աղբյուր, խթանել հասարակության դիմադրողականությանը:
— Արվեստը միշտ էլ օգնում է, իսկ ինչ վերաբերում է սահմանային համայնքում ապրելուն, ապա դրա դժվարությունները գիտեն միայն սահմանին ապրողները: Ամեն գիշեր քնելուց դու չես կարող իմանալ, թե լույսը ինչպես կբացվի։ Չեմ թաքցնում, սահմանին ապրելու համար քաջություն է պետք, իսկ ստեղծագործելու համար՝ ավելին։
«ԵԹԵ ՄԵՆՔ ՉԵՆՔ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹԸ, ԷԼ ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ ԵՆՔ ՊԱՅՔԱՐՈՒՄ»
— Ինչպե՞ս եք տեսնում սահմանամերձ տարածքների արվեստի ապագան, թե՞ հիմա ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, որ պետք է խոսել ոչ թե արվեստի ապագայի, այլ զուտ գոյատեւելու մասին:
— Այս հարցին կպատասխանեմ Չերչիլի խոսքերով՝ «եթե մենք չենք ֆինանսավորում մշակույթը, էլ ինչի՞ համար ենք պայքարում»:
— Դուք այն քիչ արվեստագետներից եք, ով մշտապես արտահայտել է իր դիրքորոշումը՝ իր ազգի ճակատագրի հետ կապված կարեւորագույն հարցերում: Հետաքրքիր է՝ ի՞նչն է այսօր Ձեզ մտահոգում տարեմուտին ընդառաջ:
— Սահմանի ամրությունը:
«ՍԱՀՄԱՆԻՆ ԱՊՐՈՂԸ ՆԱԽ ՄՏԱԾՈՒՄ Է ՍԵՓԱԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
— Ինչպե՞ս է սահմանամերձ շրջանում ապրող արվեստագետը պատրաստվում տոնել Ամանորը: Ի՞նչ առանձնահատկություններ կամ դժվարություններ կան տոներին ընդառաջ՝ սահմանում ապրող խաղաղ բնակչության համար:
— Բոլորի նման՝ նոր սպասումներով, նոր հույսերով: Սահմանային համայնքներում կա աշխատանքի խնդիր, հետեւաբար նաեւ բարեկեցության: Բոլորն են ուզում լավ ապրել, բայց սահմանին ապրողը նախեւառաջ մտածում է սեփական երեխայի անվտանգության մասին: Պատահական չէ, որ երեխաները ձմեռ պապիկից խաղաղություն են խնդրում:
— Հաճախ սահմանային կյանքը լուրջ մարտահրավերներ է ստեղծում՝ դրանով իսկ առաջնահերթ դարձնելով ցանկությունների շարքում հենց խաղաղությունը։ Այս առումով Ամանորից եւ ընդհանրապես՝ 2025 թվականից ինչպիսի՞ սպասումներ ունեք:
— Առաջին հերթին խաղաղություն, որպեսզի արվեստի մարդիկ կարողանան լիարժեք զբաղվել արվեստով, եւ առհասարակ ամեն մարդ զբաղվի իր գործով եւ ունենանք մեր երազած հայրենիքը։
— Գալիք տարին Օձի տարի է, ի՞նչ եք կարծում՝ այն մեզ իմաստությո՞ւն կբերի, թե՞ միմյանց հանդեպ շարունակական խայթոցներն ու «փշշոցները» կկրկնապատկի:
— Կենդանակերպերին թողնենք հանգիստ եւ ամեն մեկս փորձենք ավելի խելամիտ լինել, ավելի հայրենասեր, լինենք ավելի մարդասել ու ամեն բան լավ կլինի: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ ու թող իրականանան բոլորի երազանքները:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ