ամուսնալուծվելիս օրենքը կպարտադրի ամուսինների գույքի բաժանման հարցերը լուծի հաշտարարը.
ԻրավականԹեպետ 2018 թվականից Հայաստանում ներդրված է հաշտարարության ինստիտուտը, որի շրջանակներում արտոնագրվել են մի շարք հաշտարարներ, մինչ օրս հաշտարարությունը ՀՀ-ում մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով շատ ակտիվ կիրառություն չի ունեցել։
Հաշտարարի ինստիտուտը, սակայն, արդեն իսկ պարտադիր կիրառություն կունենա Հայաստանում։
Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությանը (Հաշտարարների ԻԿԿ)։ Արտոնագրված հաշտարարների ցանկին կարելի է ծանոթանալ e-mediators.am կայքի միջոցով։
«Հաշտարարների ԻԿԿ-ն միակն է ՀՀ-ում, որը համախմբում է ՀՀ-ում արտոնագրված բոլոր հաշտարարներին։ Կառույցի նպատակն է իր անդամների գործունեության թափանցիկությանը և արդյունավետության բարձրացմանը նպաստելը, նրանց գործունեության վերահսկողությունը, հավաքական շահերի պաշտպանությունը, իր անդամների կողմից հաշտարարի վարքագծի կանոնների պահպանումն ապահովելը»,- ասաց Գայանե Դեմիրչյանը:
2024թ․-ի նոյեմբերին տեղի ունեցավ արտոնագրված հաշտարարների ընդհանուր ժողովը, որի արդյունքում ընտրվեց Հաշտարաների ԻԿԿ-ի նախագահը և գործադիր մարմինը՝ ի դեմս խորհրդի 7 անդամի կազմով, որը նաև հաշտարարների կարգապահական վարույթ իրականացնող մարմինն է։
Ի՞նչ գործունեություն է իրականացնում Հաշտարարների ԻԿԿ-ն։
«Հաշտարարների ԻԿԿ-ն այս պահին ակտիվ մշակում է իր կանոնադրությունը, հաշտարարների վարքագծի կանոնները, նախատեսվում է նաև անվանափոխել կառույցը և այն կոչել Հաշտարարների պալատ։ Բացի այդ, քանի որ կառույցը նոր է ձևավորվել, խնդիրներն ու անելիքները շատ են, շատ են նաև մարտահրավերները։ Որպես կառույցի թիվ մեկ խնդիր՝ այս պահին կնշեմ գործունեության վայրի բացակայությունը, որի լուծումն ակնկալում ենք պետությունից՝ ի դեմս ՀՀ արդարադատության նախարարության: Այս պահին դեռ գործունեություն իրականացնելու համար տարածք չունենք»,- ասաց կազմակերպության ղեկավարը:
Նրա խոսքով՝ հանրությունն առհասարակ, այդ թվում՝ մասնագիտական համայնքը՝ ի դեմս դատավորների, փաստաբանների, պետք է իրազեկվեն հաշտարարության ինստիտուտի, հատկապես պարտադիր հաշտարարության մասին։
«Իր հերթին կառույցը ակտիվորեն պետք է մշակի մի շարք ուղենիշային և ընթացակարգային փաստաթղթեր, որոնք կապահովեն ինչպես կառույցի բնականոն աշխատանքները, այնպես էլ կնպաստեն հաշտարարների գործունեության հեշտացմանն ու արդյունավետության բարձրացմանը։ Կարևորագույն խնդիրներից է նաև հաշտարարների որակավորման և արտոնագրման գործընթացի շարունակականության ապահովումը, ինչպես նաև արդեն իսկ արտոնագրված հաշտարարների մասնագիտական գիտելիքների մշտական կատարելագործումը։ Լիահույս եմ, որ կառույցը պատվով կլուծի իր առջև ծառացած խնդիրները, և շատ մոտ ապագայում կունենանք ակտիվ գործող հաշտարարական համայնք, քանի որ, ըստ իս՝ հաշտարարությունը վեճերի լուծման լավագույն այլընտրանքային տարբերակն է»,- նկատեց Գայանե Դեմիրչյանը։
Որո՞նք են հաշտարարության առավելությունները, ինչո՞ւ դիմել հաշտարարին։
Հաշտարարի ԻԿԿ-ի ղեկավարն ասում է՝ հաշտարարությունը գաղտնի գործընթաց է, ի տարբերություն դատական գործընթացի, երբ ամեն ինչ հրապարակային է։
«Բացի դրանից, Հաշտարարությունը խնայում է այսօրվա իրականությունում թերևս ամենաթանկը՝ ժամանակը։ Հաշտարարությամբ վեճը կարող է լուծվել ժամերի, շաբաթների ընթացքում, ի տարբերություն տարիներ ձգվող դատական գործընթացների։ Հաշտարարությունը կարող է իրականացվել նաև առցանց, այսինքն՝ այն տարածության, վայրի և ժամային որևէ սահմանափակում չունի։ Դատավարական տեսանկյունից հաշտարարությանը տրված են մի շարք արտոնություններ՝ հայցի նախնական ապահովման հնարավորություն, հաշտության համաձայնության հաստատում հատուկ վարույթով, պետական տուրքի արտոնություններ և այլն։ Ամփոփելով՝ կցանկանամ նշել, որ հաշտարարությունը երկխոսության և փոխադարձ հարգանքի միջոցով տարաձայնությունները հնարավորությունների վերածելու և համերաշխություն հաստատելուն ուղղված գործընթաց է»,- ասաց հաշտարարը։
Գայանե Դեմիրչյանն ասում է՝ իհարկե, ամուսնալուծությունը լավ բան չէ, և պետք է ջանալ խուսափել դրանից, հնարավորության դեպքում պահպանել ընտանիքը, սակայն, եթե այնուամենայնիվ նման խնդրի առաջ եք կանգնել, դիմեք արտոնագրված հաշտարարներին և փորձեք լուծել ձեր վեճը հաշտությամբ։