ՌՈՒՍ-ԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿՓՈԽԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՈՂՋ ԲԱԼԱՆՍԸ
ՎերլուծությունԴեռ հազիվ էինք հասցրել ենթադրություն ներկայացնել, որ Սիրիայի հետ կապված՝ Մերձավոր Արեւելքում ստեղծված ներկա իրավիճակում Իրանը, որ պաուզայի վրա էր դրել ռուսների հետ համագործակցության հարցը, կսկսի ակտիվորեն գործել այդ ուղղությամբ: Եվ ահա, հաջորդեց Իրանի արտգործնախարարության ներկայացուցչի հավաստիացումը, որ հունվարի վերջին կստորագրվի Իրանի եւ Ռուսաստանի միջեւ երկկողմ համաձայնագիր:
ՌԱԶՄԱԿԱՆ ՓՈԽՕԳՆՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Ըստ իրանական աղբյուրի. «Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը կարեւոր զարգացում կլինի Իրանի եւ Ռուսաստանի հարաբերություններում։ Այն կներառի ներդրումներ, լայն տնտեսական կապեր, գիտելիքների փոխանակում եւ լայնածավալ ռազմական համագործակցություն»: Եվ որ այս դեպքում շատ ավելի էական է, աղբյուրը ենթադրում է, որ համաձայնագիրը «կներառի փոխադարձ պաշտպանության բաղադրիչ, որը կներառի երկու երկրներից մեկի վրա հարձակման դեպքում ինչ-որ չափով միմյանց պաշտպանելու պարտավորություն»:
Այդ տեղեկությունն էլ ավելի դետալավորեց հեղինակավոր իրանցի ռազմաքաղաքական փորձագետ, եւ որ կոնկրետ դեպքում ավելի էական է, միանգամայն տեղեկացված աղբյուրի համարում ունեցող Հայալ Մուազզին՝ իր տելեգրամյան ալիքում ներկայացնելով. «Ինչպես հայտնում է իրանական մեր աղբյուրը, Մոսկվան եւ Թեհրանը երկու երկրների միջեւ ռազմավարական գործակցության պայմանագիրը կստորագրեն հունվարի 20-ին: Իրանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական պաշտպանության պայմանագիրը խիստ գաղտնի է պահվում։ Այս ուղենշային պայմանագիրը մշտապես կապում է իրանցի զինվորականներին Ռուսաստանի հետ՝ Իրանին անսահմանափակ հասանելիություն տալով ռուսական զենք եւ կործանիչներ գնելու համար»:
Այսինքն, ՌԴ-ն եւ Իրանը նաեւ փոխադարձ ռազմական օգնության մասին պայմանագի՞ր են ստորագում, թե՞ դա ընդհանուր պայմանագրի բաղադրիչն է: Չնայած` դա շատ էական չէ, կարեւորն այստեղ այն է, որ ՌԴ-Իրան համագործակցությունը, դատելով իրանական նշված աղբյուրների, մոտավորապես նույն իմաստը կունենա, ինչ ՌԴ-ի եւ Հյուսիսային Կորեայի այդքան աղմուկ հանած պայմանագրը, որի հիման վրա հյուսիսկորեացի զինվորականներն այս պահին Կուրսկի ճակատում են: Այսինքն, Ռուսաստանը եւ Իրանը ստեղծում են պայմանագրային հիմք, որը կողմերից մեկի վրա հարձակման դեպքում դեպքում ենթադրում է, կամ, ինչպես կորեացիների հետ պայմանագրում է, պարտադրում է մյուս կողմին՝ անմիջապես միջամտել ռազմական գործողություններին: Ասել է թե Իրանի վրա հարձակումը, ըստ էության, կվերածվի Ռուսաստանի դեմ հարձակման եւ հակառակը: Դա է ցույց տալիս նաեւ Մուազզիի հետագա մեկնաբանությունը. «Իրանի եւ Ռուսաստանի միջեւ լավ հարաբերություններից շահում են ոչ միայն երկու երկրները, այլեւ` ողջ տարածաշրջանը: Այո՛, այս գործարքի շնորհիվ Իրանը կարող է աշխարհի ամենաազդեցիկ երկրների վարկանիշում բարձրանալ 8-րդ, 7-րդ կամ նույնիսկ 6-րդ հորիզոնական։ Այդուհանդերձ, նման դիրքորոշումը կբերի կարեւոր պարտավորություններ, այդ թվում՝ ռազմական հակամարտության դեպքում Ռուսաստանին աջակցելու անհրաժեշտությունը: Փաստորեն, Իրանը պաշտոնապես դառնում է հնարավոր Երրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, եթե դա տեղի ունենա։ Սա հեռուն գնացող քայլ է, որն ամրապնդում է Իրանի դիրքերը համաշխարհային ասպարեզում, բայց նաեւ մեծացնում է նրա պատասխանատվությունն իր դաշնակիցների հանդեպ»:
Հասկանալի է, որպես իրանցի, Մուազզին նախ մտածում է այն պարտավորությունների մասին, որը նման պայմանագրի դեպքում ստանձնում է սեփական երկիրը: Բայց նաեւ չմոռանանք, որ նույն պարտավորությունը միաժամանակ ստանձնում է նաեւ Ռուսաստանը՝ Իրանի դեմ ռազմական ագրեսիայի դեպքում Ռուսաստանն էլ կունենա Իրանին աջակցելու անհրաժեշտությունը: Իհարկե, կարելի է նաեւ տեսական բանավեճ բացել, թե ում համար է մյուս կողմի ռազմական աջակցությունն ավելի կարեւոր՝ Իրանի՞, թե՝ Ռուսաստանի: Սակայն երեւի ճիշտ բացատրությունն այստեղ այն է, որ նման պայմանը երկուսին էլ շատ պետք է՝ Իրանին ավելի շատ անվտանգային առումով, Ռուսաստանին՝ աշխարհաքաղաքական, որի տակ, իհարկե, նաեւ անվտանգային որոշակի բաղադրիչ կա: Իսկ աշխարհի համար այս դեպքում հիմնականը բուն փաստն է՝ եթե նման պայմանագիր իրոք հունվարի 20-ին ստորագրվի, դա ի՞նչ իրավիճակ է առաջացնելու: Բնականաբար, նման հարցն առավել քան արդիական է առաջին հերթին Հայաստանի համար, ավելի կոնկրետ՝ հարավկովկասյան պետությունների, ապա նաեւ՝ Թուրքիայի:
ԻՆՉ Է ՌՈՒՍԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱՆԻ ՀԱՄԱՐ
Բայց նախ կրկնենք. այն, որ Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունն Իրանի համար դարձել է միակ տարբերակ, ինչ կարծես թե վերջապես սկսել են գիտակցել Արեւմուտքի հետ հաշտության գաղափարներով իշխանության եկած Մասուդ Փեզեշքիանը, զգացվում է: Նախ, Սիրիայում ձախողումը Թեհրանին ցույց տվեց, որ ինչքան էլ խոսեն Իրանի ռազմական հզորությունից, բայց բավական է մեկ սխալ, եւ տարածաշրջանային ծայրահեղ սուր պայքարում կձախողվես: Նույն Սիրիայի օրինակը նաեւ ցույց տվեց, որ գոնե այս պահին ռուսական բազաներն այնտեղ են, այսինքն, Մոսկվան եւ Անկարան անհրաժեշտության դեպքում կարող են նաեւ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ Թեհրանին շրջանցելով:
Մյուս կողմից էլ Իսրայելի ակտիվացումն է, որն արդեն սկսել է բացահայտ խոսել Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու մասին, ընդ որում, ակնհայտորեն խրախուսվելով իշխանության եկող Թրամփի կողմից: Վերջինս իրեն դրսեւորել եւ դրսեւորում է որպես բազմապատիկ անգամ ավելի իսրայելամետ գործիչ, քան ԱՄՆ հեռացող վարչախումբն էր: Այսինքն, Արեւմուտքի հետ պայմանավորվել ասվածը Իրանի համար հիմա նշանակում է Թրամփի հետ պայմանավորվել, եւ նա շատ ավելի կոշտ պայմաններ կառաջադրի, քան սպասվում էր դեմոկրատներից: Նաեւ, իրական օրակարգ է մտել Քուրդիստանի թեման, որը Իրանի համար եւս գրեթե այնքան լուրջ խնդիր է, որքան Թուրքիայի: Չինաստանի հետ էլ կարելի է տնտեսական հույսեր կապել, բայց ոչ ռազմական: Ամեն դեպքում, սիրիական իրադարձությունները եւս ցույց տվեցին, որ Պեկինը հավատարիմ է իր ռազմավարությանը. թող ուրիշները կռվեն, իսկ չինացիները կփորձեն դրա հաշվին փող աշխատել:
Այս իրավիճակում միակ կողմը, որը Իրանի հետ կապված ռազմավարական շահեր է տեսնում, մնում է Ռուսաստանը: «Հյուսիս-Հարավ» նախագիծը, որը ռուսներին Իրանով դուրս է բերում գլոբալ հարավ, այն մեգանախագիծն է, որը Մոսկվային օդ ու ջրի պես պետք է արեւմտյան ուղղությամբ ներկայիս թշնամական իրողությունների ֆոնին: Իսկ այդ նախագիծը, եթե ապահովված չլինի միանգամայն ծանրակշիռ ռազմական աջակցությամբ, հազիվ թե իրականություն դառնա: Եվ արդեն հակառակը. սիրիական իրողությունները Իրանին եւս ցույց տվեցին, որ «Հյուսիս-Հարավն» իր համար էլ է անփոխարինելի: Ծովային ուղիներն անգլոսաքսոնիզմի հսկողության տակ են, Սիրիայով միանգամից Միջերկրական ծով դուրս գալու սխեման ձախողվում է, իսկ Թուրքիայի հետ հարաբերությունները չգիտես ուր են գնում: Այսինքն, երկու երկրների՝ Ռուսաստանի եւ Իրանի համար «Հյուսիս-Հարավ» սխեմայի համար ռազմական պաշտպանություն ապահովելու համար պատերազմի դեպքում փոխադարձ օգնության պայմանագիրը գործնականում դարձել էր կենսական:
ԻՆՉ ԿԱՐՈՂ Է ՓՈԽՎԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ
Սակայն մեկ էական նյուանս եւս կա: Իրան-Ռուսաստան ռազմատնտեսական համագործակցության համար Հարավային Կովկասը դառնում է էլ ավելի կենսական տիրույթ: Այս տեսանկյունից, իհարկե, հետաքրքիր էր, որ նշված զարգացումների ֆոնին, Իրան այցելեց ՌԴ փոխվարչապետ, նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ փոխվարչապետների եռակողմ հայտնի հանձնաժողովի ռուսական ներկայացուցիչ Օվերչուկը: Փեզեշքիանի հետ նրա հանդիպումը եւս ցույց տվեց, որ Ռուսաստանն ու Իրանը գոնե խոսում են կովկասյան տիրույթով Ռուսաստանն Իրանին կապող կոմունիկացոն սխեմաների ծրագրերի կտրուկ ակտիվացման մասին: Այսպես, ըստ իրանական աղբյուրների, Իրանի նախագահը խոսել է, որ ռուսական կողմը կարող է հնարավորինս շուտ սկսել քարտեզագրման եւ Ռաշտ-Աստարա երկաթուղու նախագծի իրականացման նախապատրաստական աշխատանքները: Ի պատասխան, Օվերչուկը փաստել է, որ ծրագրի ֆինանսավորման գիծն արդեն ապահովված է, նաեւ, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են արդիականացնել եւ նորացնել երկաթուղու իրենց տարածքում գտնվող հատվածները: Իրանն էլ պետք է իր երկաթուղիները սկսի համապատասխանեցնել պահանջվող մասշտաբներին:
Այս տեղեկությունից մեկ բան կարելի է կռահել. Ադրբեջանն իրեն շարունակում է տեսնել նշված ընդհանուր սխեմայի մեջ: Եթե սրան ավելացնեն նաեւ իրադարձությունները, որոնք զարգանում են Վրաստանում, կարելի է ենթադրել, որ վրացիները եւս աստիճանաբար տեղափոխվում են նույն հարթակ: Ամեն դեպքում, Արեւմուտքի հետ հարաբերությունները շարունակում են աչքի առաջ վատթարանալ, որի վերջին հարվածը կդառնա դեկտեմբերի 29-ին եվրաշպիոն Զուրաբիշվիլուն նախագահական պալատից հանելը: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանը նախօրեին, աբխազական կողմի խնդրանքով, վերականգնեց Աբխազիային էլեկտրաէներգիայի անվճար մատակարարումը: Իսկ դա հույս է տալիս, որ աբխազները վերջին «բունտից հետո կսկսեն ավելի ռեալ գնահատել իրենց հնարավորությունները, թեեւ դա ավելի հստակ կդառնա սպասվող նախագահական ընտրությունների արդյունքում: Ամեն դեպքում, ներկա զարգացումներն ակնարկում են, որ աբխազական երկաթուղու վերագործարկման հեռանկարները եւս, հետխորհրդային ողջ ժամանակահատվածի համեմատ, ներկա պահին ամենաբարձր հավանականությունն են ստացել:
Դե ինչ վերաբերվում է Նիկոլին, ապա որքան էլ նրա ուղղությամբ բրիտանական ճնշումները շարունակվում են եւ միգուցե ավելի կթեժանան, սակայն նրա մանեւրականությունը վերջնականապես կզրոյանա, եթե ստորագրվի ռուս-իրանական ռազմավարական համաձայնագիրը, եւ չհասցնի մինչ այդ տեղավորվել տարածաշրջանային այս բոլոր զարգացումների ընդհանուր տրամաբանության մեջ: Միգուցե Նիկոլը դեռ Թրամփի հետ կապված ինչ-որ սպասելիքներ ունի: Սակայն մեկ բան եւս հաշվի առնենք. հաստատ պատահական չէ, որ ռուս-իրանական պայմանագրի ստորագրման ժամկետ է ներկայացվում հունվարի 20-ը: Այդ օրը Թրամփը մտնելով Սպիտակ տուն, կտեսնի, որ Իրանի վրա հարձակումը, ըստ էության, դարձել է Ռուսաստանի վրա հարձակմանը համազոր: Իսկ այդ փաստն ի զորու է վերաշարադրել նաեւ Թրամփի հարավկովկասյան քաղաքականությունը, եթե, իհարկե, նա նման քաղաքական կուրս այդ պահին կունենա: Եթե ոչ, ապա ստիպված կլինի կառուցել այդ իրողություններին համահունչ նոր կուրս: Այսինքն, ամերիկյան ուղղությունից, եթե Նիկոլը ինչ-որ հույսեր ունի, դրանք հազիվ թե արդարանան: