Իրականացվել է Բեյրութ-Երեւան 5 չվերթ, ՀՀ են ժամանել Սիրիայի մոտ 100 քաղաքացի. ՀԿԽԸ-ից մանրամասնում են
ՀանդիպումՀայկական Կարմիր խաչի ընկերությունն այս օրերին ի՞նչ աշխատանքներ է իրականացնում Սիրիայից Հայաստան տեղափոխված փախստականների հետ կապված, «Իրավունք»-ը մանրամասներ է պարզել ՀԿԽԸ Լրատվության բաժնի ղեկավար ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՑ:
— Հայկական Կարմիր խաչի ընկերությունը հոկտեմբերից սկսած իրականցնում է Լիբանանից ժամանած չվերթների մոնիտորինգ։ ՀԿԽԸ-ի հիմնական գործառույթներից է ՀՀ սահմանակետերի մոնիթորինգը, որի ընթացքում ուսումնասիրվում են ներհոսքի տենդենցները՝ հիմնականում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցությամբ։ Հոկտեմբերից սկսած համապատասխան մասնագետները սկսել են դիտարկել Լիբանանի չվերթները՝ այնտեղ պայմանավորված ճգնաժամի հետեւանքով հնարավոր ներհոսքը գրանցելու համար։
— Տիրապետո՞ւմ եք թվերի, թե արդեն որքան սիրիահայ է տեղափոխվել Հայաստան եւ հիմնականում ի՞նչ վիճակում են նրանք:
— Սիրիայում իրավիճակի սրացումից հետո իրականացվել է Բեյրութ-Երեւան հինգ չվերթ եւ ՀՀ են ժամանել Սիրիայի մոտ 100 քաղաքացի։ Սիրիայի քաղաքացիները Հայաստան են գալիս նաեւ այլ չվերթներով։ ՀԿԽԸ աշխատակիցները օդակայանում նախնական հարցումներ են իրականացնում, ինչպես նաեւ տրամադրում լրացուցիչ տեղեկատվություն։
— Արդյոք կատարել եք կարիքների գնահատում, թե ինչի՞ կարիք ունեն մեր սիրիահայ հայրենակիցները:
— ՀՀ ժամանած Լիբանանի եւ Սիրիայի քաղաքացիները հիմնականում անորոշ վիճակում են եւ նշում են, որ չգիտեն, թե երբ կվերադառնան իրենց երկիր։ Առաջնային կարիքների մասին խոսելիս հիմնականում նշում են ֆինանսական աջակցության կարիքը, որպես տան վարձակալության, ձմեռային հագուստի կամ սնունդ գնելու միջոց։
— Ի՞նչ պայմաններում կարող են փախստականները դիմել ՀՀ Կարմիր Խաչին՝ ստանալու օգնություն: Ի՞նչ աջակցություն եք տրամադրում նրանց եւ ինչպե՞ս նրանք կարող են կապ հաստատել Ձեզ հետ:
— Հայկական Կարմիր խաչի ընկերությունն առաջարկում է աջակցություն տարբեր ուղղություններով՝ սկսած հոգեբանական առաջին օգնությունից մինչեւ պարենային եւ հիգենիկ պարագաների տրամադրում։ Այս պահին օդակայանում աշխատող մեր գործընկերներն ուղղորդում են Սիրիայի եւ Լիբանանի քաղաքացի հանդիսացող անձանց Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն գրանցվելու, կացության հնարավոր տեսակների մասին տեղեկատվություն ստանալու համար։
— Արդյո՞ք Կարմիր Խաչը նախատեսում է հատուկ ծրագրեր՝ փախստականների ինտեգրման համար Հայաստանում:
— Հայկական Կարմիր խաչի ընկերությունը եւ Կարմիր խաչի ու Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիան նախաձեռնել են ֆոնդահայթաթման աշխատանքներ, որի արդյունքում այս պահին արդեն կա հաստատված աջակցության ծրագիր, որը կմեկնարկի 2025թ․-ի հունվարին։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ