Իրենք այդ փողից հրաժարվողը չեն. Մանուկ Սուքիասյան
ՆերքաղաքականԵրեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար ՄԱՆՈՒԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ, անդրադառնալով կարմիր գծերը թանկացնելու իշխանության որոշումը դատարանի կողմից ոչ իրավաչափ ճանաչելուն եւ նախագծի ընդունվելուն, ընդգծեց. «Եթե որեւէ մեկը բեռնաթափված կենտրոն է տեսնում, ես շնորհավորում եմ »:
— Կենտրոնը երբեք չի բեռնաթափվել, իրենք այնտեղ լուծել են ֆիսկալ խնդիր: 2024 թ․ դեկտեմբերի դրությամբ՝ 2023թ-ի համեմատ ավելի քան 1 մլրդ դրամ հավաքագրվել է կարմիր կետագծերի արդյունքում: Եվ եթե հիմք ենք ընդունում Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ասածը, որ 2023 թ. հունվար ամսին միանվագ վճարած վարորդների համեմատ 2024 թ.-ին ընդամենը 8000-ն է վճարել, բայց մուտքերի թիվն այդուհանդերձ աճել է, դա նշանակում է մի բան՝ մարդիկ հունվար ամսին ի վիճակի չեն եղել վճարել 160 հազար դրամ: Բայց քանի որ կենտրոնում ունեն գործ եւ հարկադրված պետք է գային այդ հանդիպումներին՝ մեկ ժամի դիմաց նախկին 100 դրամի փոխարեն՝ վճարել են 300 դրամ: Սա պարզ թվաբանություն է, եւ իրենք 1 մլրդ դրամ ավել հասույթ են ապահովել քաղաքային բյուջե: Ընդամենը շան գլուխն այդտեղ է թաղված… Իրենք այդ փողից հրաժարվողը չեն եւ ֆինանսական լրացուցիչ եկամուտների հարց են լուծում դրանով: