Տարին ամփոփում ենք՝ կրկին մաղթելով՝ առանց Նիկոլ-Աննա Հայաստա՛ն
ՎերլուծությունԻնչպես եւ կանխատեսվում էր, ՀՀ առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահները Նիկոլ Փաշինյանի բանավեճի հրավերին ի պատասխան՝ նրան ուղարկեցին… գրողի ծոցը՝ ամեն մեկն իր ոճով:
Ինչ խոսք, բնական էր նման արձագանքը, որովհետեւ միակ բանավեճը, որ Փաշինյան Նիկոլի շուրջ կարող է տեղի ունենալ, դա մեծ դատավարության ընթացքում՝ պետական մեղադրողի ու իր փաստաբանի (եթե այդպիսին գտնվի) բանավեճը կարող է լինել: Ուրիշ բանավեճ նրա հետ, ոչ միայն անիմաստ է, այլեւ հանցակցություն կլիներ: Ընդ որում՝ այլեւս կարեւոր էլ չէ, թե ինչ զառանցանքի շուրջ էր վերջինս առաջարկում բանավիճել, որովհետեւ վեց տարվա ընթացքում, թերեւս չպարզաբանված հարց չի մնացել ընդդիմության կողմից, եւ չի եղել սկզբունքային մի հարց, որի վերաբերյալ Փաշինյանը մի վեց անգամ կարծիքը չփոխվի՝ ըստ իրավիճակային տատանումների կամ օրվա տրամադրության:
Բայց այստեղ հարցերի հարցն այն է, թե ինչու հանկարծ Նիկոլ Փաշինյանը «դուխավորվեց» ու որոշեց դեմ առ դեմ գնալ բանավեճի՝ նախկին նախագահների հետ: Իհարկե, նա գիտեր, որ իր հետ նախագահներից ոչ մեկն էլ չէր գնալու բանավեճի, բայց փաստ է, որ համարձակվեց հրապարակային հնչեցնել այդ միտքը, ինչի համար կային նախադրյալներ:
Երբ խորհրդարանական ամենամեծ ընդդդիմության՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորները գնում են Հանրային հեռուստաընկերություն՝ բանավիճելու ՔՊ-ական պատգամավորների՝ նույն է թե նիկոլականների հետ, երբ Ազգային ժողովում կառավարության հետ ունենում են հարցուպատասխաններ, ապա շատ տրամաբանական է, որ Փաշինյանի մոտ կարող էր միտք հղանալ, որ առաջին դեմքերով էլ բանավեճը կստացվի: Այլապես տրամաբանությունը ո՞րն է, որ Փաշինյան Նիկոլի հետ բանավիճել չարժի, բայց ՔՊ-ական վերին ու ստորին օղակների ներկայացուցիչների հետ, շատ էլ լավ կարելի է: Ի վերջո, եթե դավաճան է այս իշխանությունը, ուրեմն՝ առաջին դեմքից մինչեւ վերջինը մեղսակից են: Ավելին նույն ՔՊ պատգամավորներն էլ Փաշինյան Նիկոլի քաղաքական գծի կրողներն են: Եվ եթե ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորները գնում են նրանց հետ բանավիճելու, ԱԺ-ում հարցեր տալու, ապա ինչո՞ւ չի կարող ՔՊ-ի ու «Հայաստան» դաշինքի առաջնորդների՝ Նիկոլ Փաշինյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ էլ տեղի ունենալ բանավեճ:
ԻՍԿ ՏԱՆԸ ՄԵԾԵՐԻՑ ՄԱՐԴ ՉԿԱ՞
Ահա, թե ինչու երկարեց Նիկոլ Փաշինյանի լեզուն: Թերեւս, հենց սա նկատի ուներ նա, երբ ասում է, թե իր հետ բանավիճելու բան չունեն նախկին նախագահները, բայց վեց տարի է բանավիճում են իր հետ, հեռակա՝ «ապահով հեռավորությունից»: Դեռ մի բան էլ հոխորտում է, թե բա՝ եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն՝ մի «ամեն ասածս ծանոթ-բարեկամով, երբեմն տնով-տեղով, երբեմն օտարերկրյա ծանոթներով դրեք-վերցրեք»:
Ակնարկը հստակ է՝ եթե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը բանավեճի է բռնվում Նիկոլ Փաշինյանի հետ Ազգային ժողովի նիստերի դահլիճում՝ մանդատը վայր դնելու եւ դավաճանական իշխանության հետ զրո հանդուրժողականություն դրսեւորելով, ապա ինչո՞ւ չի կարող մի քիչ էլ թունդ զրույցի Նիկոլի հետ բռնվել ավագ Քոչարյանը: Դրա համար էլ Փաշինյանն իրեն հատուկ ցինիզմով, ըստ էության, ոչ ուղակիորեն հետաքրքրվում է՝ իսկ տանը մեծերից մարդ չկա՞…
Եթե այն գլխից հայտարարվեր, որ դավաճանական իշխանության հետ ոչ մի քննարկում, ոչ մի հարցուպատասխան, ոչ մի գործակցություն ու բանավեճ չի կարող լինել, այսօր իշխանությունն այսքան լկտիացած ու ընդդիմությունն էլ այսքան անկարող չէր լինի:
ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ ԿԱ՛
2024 թվականի համատարած հիասթափության ու ամոթի մեջ, թերեւս ներքաղաքական դաշտում միակ ուժը, որը գաղափարական պայքար է տանում հրապարակային՝ պարզորոշ ընդգծելով իր ծրագրերն ու նպատակները, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումն է: Անցնող տարվա ընթացքում Շարժումն անցկացրել է վեց կոնֆերանս, ընդունել բանաձեւեր ու հայտարարություններ: Առանց ավելորդ սեթեւեթանքի՝ ներկայացրել իր գաղափարական ուղղությունը: Ցույց տվել, որ, ի վերջո, պետք է դուրս գալ՝ «Նիկոլը վատն է, մենք՝ լավը» պարզունակ տուն-տունիկից եւ խոսել, թե վերջապես ինչ պետք է անել, որ դուրս գանք երկրի համար այս կործանարար ընթացքից, ինչը շատ այլ ընդդիմադիր ուժեր խուսանավում են անկեղծորեն մատնանշել: Այս մասին եւս մեկ անգամ փաստեց օրերս տեղի ունեցած «102 տարի ԽՍՀՄ. նացիզմի դիմակայումը» խորագրով համաժողովը, որը կազմակերպել էր Շարժումը:
Համաժողովին ներկա էին ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը, Հայաստանի Կոմունիստական կուսակցության նախագահ Երջանիկ Ղազարյանը, Հայաստանի Առաջադիմական միացյալ կոմկուսի նախագահ Վազգեն Սաֆարյանը, Համահայկական ազգային պետականություն կուսակցության փոխնախագահ Աշխեն Սումբուլյանը, ինչպես նաեւ քաղաքագիտական եւ փորձագիտական լայն շրջանակ: Խորհրդաժողովի ավարտին ընդունեց բանաձեւ, որը կհրապարակվի առաջիկա օրերին Iravunk.com-ում:
ԻՆՉ ՍՊԱՍԵԼ 2025-ԻՑ՝ ՕՁԻ ՏԱՐՈՒՑ
Իհարկե, ամենաշատը մենք կուզեինք դրական նոտաներով ամփոփել տարին, բայց հենց երեկ իշխանությունը թանկացրեց նաեւ աղբահանության վարձավճարները Երեւանում։ Այո՛, երեւանցիների վստահության քվե չստացածները թանկացնելով քաղաքային տրանսպորտը, տեղական տուրքերն ու վարձավճարների չափերը ամեն ինչ անելու են, որ 2024-ից ավելի վատը լինի 2025-ը: Ուստի՝ 2025 թվականից՝ Օձի տարուց, մնում է ակնկալել մեր ժողովրդի համար ոչ թե թունոտ մթնոլորտ եւ խայթոցների կրկնապատկում, այլ՝ իմաստություն: Չէ որ որքան էլ Նիկոլ Փաշինյանը հիմա էլ թրաշ կպցրած իրեն երեւակայի Ձմեռ պապ, միեւնույնն է, գնացքն արդեն գնացել է, եւ այդ մասին գիտի առաջին հերթին հենց նա: Նրան չեն փրկի իր алень-ները, ուստի՝ հույսն իր հետ համատեղ տանիքի ներքո ապրող ՁյունԱՆՆԱՆ է, ում կփորձեն կապել ժողովրդի գլխին՝ զսպելով առաջին հերթին ՔՊ-ում մեծ ախորժակ ունեցողներին: Կհաջողվի՞ այդ սցենարը, ցույց կտա 2025 թվականը եւ այն, թե որքանով իրական ընդդիմությունը կմիավորվի եւ ինչքանով ազգի քաղաքացիական գիտակցությունը կկարողանա տարբերակել՝ իրական ու կեղծ ընդդիմադիրներին, հայրենասերներին ու ֆեյք «փրկիչներին»: Իհարկե, եթե հասցնենք ու արտաքին մարտահրավերներն ավելի շուտ չբախեն Հայաստանի դուռը…
Մենք մեր ընթերցողների հետ կհանդիպենք արդեն գալիք տարի, իսկ մինչ այդ 24/7 ռեժիմով կլինենք ձեզ հետ Iravunk.com կայքի միջոցով, ինչպես նաեւ «Իրավունք TV» յութուբյան ալիքով:
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ: Զինվեք համբերությամբ եւ լավատեսությամբ՝ 2025-ին անակնկալների պակաս չի լինելու, միայն թե անկորուստ լինի…
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ