ՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԿԱՊԻ ՕՂԱԿՆ ԷԼ ԱՎԵԼԻ Է ԿԱՐԵՎՈՐՎԵԼ
ՎերլուծությունԴեկտեմբերի կեսերին, Մոսկվայում կայացած ԵԱՏՄ երկրների վարչապետների հանդիպմանը զուգահեռ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Հայաստանի փոխարեն ՌԴ-ում (բացատրությունը, թե Նիկոլն էր խնդրել) այս ամսվա վերջերին ծրագրված ԵԱՏՄ ղեկավարների գագաթաժողովը կկայանա դեկտեմբերի 26-ին: Իսկ դրա նախօրեին Սանկտ Պետերբուրգում ծրագրված է եւս մեկ հանդիպում՝ ԱՊՀ ղեկավարների:
ՆԻԿՈԼԸ ՄԵԿՆՈՒՄ Է ՊԵՏԵՐԲՈՒՐԳ
Այն, որ Նիկոլը ԵԱՏՄ ղեկավարների նիստին ուզած-չուզած մասնակցելու է (չնայած` Նիկոլից ով գլուխ կհանի), սպասելի է: Խոշոր հաշվով, թեեւ Հայաստանի փոխարեն այդ նիստը կայանալու է Սանկտ Պետերբուրգում, սակայն մեկ է, այդ նիստում հենց Նիկոլը պետք է նախագահի: Ենթադրելի է, որ ԱՊՀ ղեկավարների նիստին եւս նա կմասնակցի: Ամեն դեպքում, ըստ Պեսկովի, Նիկոլը եւս, բնականաբար, հրավիրված է. «Սանկտ Պետերբուրգում անպայման սպասում են։ Նախագահը պարոն Փաշինյանին հրավիրել է եւ, բնականաբար, Սանկտ Պետերբուրգում մյուս գործընկերների հետ նաեւ նրան է սպասում ավանդական հանդիպմանը»:
Հատկապես ԱՊՀ ղեկավարների այդ հանդիպման հետ կապված ուշագրավ լուրեր սկսեցին շրջանառվել Կազանում տեղի ունեցած Ալիեւ-Փաշինյան աղմուկ հանած հանդիպման ֆոնին: Հիշեցնենք, որ այդ հանդիպման բաղադրիչներից դարձավ ընդհանուր հայտարարությունը, որ վիճելի հարցերի շուրջ կան պայմանավորվածություններ, հանձնարարվել է ԱԳ նախարարներին՝ շատ արագ հանդիպել եւ այդ պայմանավորվածությունները բերել պայմանագրային տեսքի: Ըստ այդմ, տարածվել էր բավականին համոզիչ կարծիք, որ այդ ամենի արդյունքում հենց Սանկտ Պետերբուրգի ԱՊՀ ղեկավարների հանդիպման հարթակում շատ հնարավոր է «խաղաղության պայմանագրի» կնքում: Միգուցե իրականում հենց այդպես էլ ծրագրված էր: Սակայն իրողությունն այն է, որ չնայած համատեղ հայտարարությանը, արտգործնախարարների այդ «շատ արագ» հանդիպումն այդպես էլ տեղի չունեցավ, եթե միայն չպարզվի, որ գաղտնի հանդիպում է եղել: Հանդիպման փորձ, հիշեցնենք, եղավ, բայց այս անգամ եւս Նիկոլն ու Արոն ինչ-որ «աֆյորայի» էին գնացել: Այսինքն, թեեւ հանդիպման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ռուսական հարթակում, սակայն այդ գործընթացը փորձեց խլել հեռացող Բլինքենը, իսկ Արոն մեծ ուրախությամբ համաձայնեց նրա «քավորությամբ» հանդիպել Բայրամովի հետ: Միայն թե Բայրամովը կոպտորեն մերժեց, որից հետո Բաքվի հարաբերություններն ԱՄՆ հեռացող վարչախմբի հետ տեղափոխվեցին գրեթե թշնամանքի դաշտ:
Անգամ կա այն վարկածը, որ դա իրականում Ալիեւի եւ Նիկոլի համատեղ ծրագրած օպերացիան էր՝ «խաղաղության պայմանագիրը» պայմանավորվածի պես արագորեն վերջնական տեսքի չբերելու համար: Բայց անկախ նրանից, թե որքանով է այդ վարկածը հավանական, իրողությունն այն է, որ հենց այդ դիրքերից էլ Ալիեւը եւ, մեծ հավանականությամբ, նաեւ Նիկոլը կներկայանան Սանկտ Պետերբուրգի այդ գագաթաժողովին: Չնայած այդքան էլ այդպես չէ. հենց այդ դիրքերից ներկայանալ չի ստացվի: Նկատի ունենք, որ մեծ տարածաշրջանում գլոբալ իրավիճակ է փոխվել: Աշխարհի մասշտաբով եւս իրավիճակի փոփոխության մեծ հավանականություն ունեցող դինամիկա կա, կապված նրա հետ, որ Թրամփն ուր որ է, կստանձնի պաշտոնը: Եվ այդ ամենը, իհարկե, չի կարող շրջանցել Ալիեւին էլ, Նիկոլին էլ, անկախ այն բանից, թե իրականում նրանք համատեղ կամ առանձին-առանձին ինչ նոր «աֆյորաներ» են մշակել:
ՀԱԿԱԷՐԴՈՂԱՆԱԿԱՆ ԹԱԿԱՐԴՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է
Տարածաշրջանային փոփոխություններ ասելով, իհարկե, նկատի ունենք այն իրավիճակը, որ շարունակում է համառորեն զարգանալ Սիրիայում, որի էֆեկտը ակտիվորեն տարածվում է ողջ մեծ տարածաշրջանով մեկ՝ ազդելով մասնավորապես Իրանի եւ Թուրքիայի վրա: Թուրքիայի համար պատկերը հետեւյալն է. հնարավոր զարգացումները, որոնց մասին քանիցս ենթադրություններ հայտնելու առիթ ունեցել ենք, շարունակում են այդ սպասելի հունով զարգանալ: Այսպես, Թուրքիան հետեւողականորեն շարունակում է ամրանալ Սիրիայում: Օրերս պաշտոնական այցով Դամասկոսում էր Ֆիդանը, եւ այդ այցի ֆոնին հայտարարվեց, որ Սիրիայի նոր վարչակազմը Թուրքիայի հետ պաշտոնական, պաշտպանական դաշինքի մեջ է մտել: Այս համատեքստում, թուրքական զինուժը դուրս կգա Իդլիբի բոլոր կետերից եւ փոխարենը երկու խոշոր ռազմակայան կստեղծի Հոմսի եւ Դամասկոսի մոտ: Իհարկե` այն, որ թուրքական բանակն ինչ-որ մեխանիզմով տեղակայվելու է Սիրիայում, ի սկզբանե էլ կասկածներ չկային:
Բայդ դա այդպես էլ չի լուծում Անկարայի համար թիվ 1՝ քրդերի հետ կապված խնդիրը: Ավելին, Սիրիայում թուրքական բանակի տեղակայման լուրերի ֆոնին, քրդերն էլ ավելի են ակտիվացրել անկախ պետականության ստեղծման մասին խոսակցությունները՝ նաեւ հիմնավորելով, որ ոչ մի դեպքում չեն մնա մի պետության կազմում, որը պաշտոնապես Թուրքիայի ռազմական դաշնակից է ներկայացվում: Այս ֆոնին, Էրդողանը շարունակում է ճառերը Սիրիայի ամբողջականության մասին, այդ թվում, որ նոր իշխանությունները պարտավոր են ամեն գնով այդ ամբողջականությունն ապահովել: Եթե չկարողանան, ապա այդ հարցում նրանց կօգնի թուրքական բանակը: Ամերիկացիներն էլ հետեւողականորեն մեծացնում են իրեց ռազմական ուժը քրդաբնակ հատվածում: Իսկ Իսրայելը, ոչնչացնելով Ասադից մնացած ռազմական պոտենցիալը՝ սիրիական ներկա ուժերին չթողնելու համար նույն հետեւողականությամբ շարունակում է ծավալվել Սիրիայի հարավային գոտիով դեպի քրդական տիրույթ: Դրանով երկուսն էլ ցույց են տալիս, որ չեն պատրաստվում հրաժարվել Քուրդիստանի ստեղծման ծրագրերից, որը Թուրքիայի համար կարող է մահացու դառնալ: Եվ այն, որ ամենածայրահեղ զարգացումների դեպքում Էրդողանի համար ռուսների բազաների ներկայությունը կարող է վերջին հույսի պես մի բան դառնալ, դա էլ է հաստատ:
ԻՐԱՆԱԿԱՆ «ՏԱՐՕՐԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Ահա այս բավականին «խուճուճ» իրավիճակում նաեւ Իրանի հետ կապված անորոշություններն են պահպանվում: ԱՄՆ-Իսրայել տանդեմը, սիրիական իրավիճակից ելնելով, Իրանին ընկալում է` որպես թուլացած կողմ: Նաեւ այն առումով, որ Իրանից Սիրիայում տեղի ունեցածի հետ կապված նաեւ Ռուսաստանին ուղղված որոշ մեղադրանքներ եղան, եւ կա այն տպավորությունը, որ գործող իշխանությունների օրոք Թեհրանի եւ Մոսկվայի հարաբերությունները շարունակում են հետեւողականորեն թուլանալ: Այսինքն, հակադիր ուժերը կցանկանան այս պահին օգտագործել: Եվ այն, որ Իսրայելն ավելի ու ավելի համառորեն է խոսում Իրանին հարվածելու մասին, ինչը քաջալերվում է իշխանության եկող թրամփական թիմի կողմից, թերեւս պատահական չէ:
Բայց ամբողջ հարցն այն է, թե իրո՞ք ռուս-իրանական հարաբերություններում սառնություն է սկսվել: Մի կողմից, կան սիրիական իրավիճակի հետ կապված երկու կողմից էլ առնվազն փորձագիտական մակարդակով մեղադրանքներ: Դրանից զատ, առանց Սիրիայի էլ լռվել-մնացել է ռուս-իրանական ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը, եւ պարզ տեսանելի է, որ այստեղ հիմնական մեղավորությունը Թեհրանինն է: Եվ մյուս կողմից, եթե անգամ այդ ամենը կա, մեկ է, դա նշանակում է, որ Իրանի համար այս պահին Մոսկվայի աջակցությունն առավելագույնս է անհրաժեշտ: Եվ այս ֆոնին, օրինակ, կան խոսակցություններ, որ Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ-ի գագաթաժողովին Իրանը կարող է դառնալ այդ կազմակերպության դիտորդ: Նույն համառությամբ խոսվում է, որ Իրանը կարող է անդամակցել ՀԱՊԿ-ին: Վերջապես, նախօրեին իրանական խողմի խնդրանքով կայացել է Մոսկվայում Իրանի դեսպան Կազեմ Ջալալիի եւ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի հանդիպումը, որի ժամանակ «քննարկվել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի Ռուսաստան այցը: Չմոռանանք, որ հենց այդ այցի հետ էլ կապվում է ռազմավարական համագործակցության պայմանագրի ստորագրման հարցը, եւ երեկ էլ եղան լուրեր, որ պայմանագիրը կարող է ստորագրվել հունվարի վերջին: Գումարած, նախօրեին իրանական արժանահավատ աղբյուրը հայտնեց, որ այս օրերին ավարտվել է Իրանին ռուսական Սու-35 կործանիչների մատակարարման ծրագիրը, եւ հիմա այդ միանգամայն ծանրակշիռ ինքնաթիռների ոչ պակաս ծանրակշիռ քանակություն՝ 60 ինքնաթիռ Թեհրանի ենթակայության տակ է: Առավել եւս, որ մեկ ուշագրավ միջադեպ եղավ նաեւ նախօրեին: Ամերիկացիները հայտարարեցին, թե իրենց նավը սխալմամբ խոցել է սեփական F-18 ինքնաթիռը, բայց ահա հուսիթները շտապեցին հիմնավորել, որ ոչ մի սխալ էլ չի եղել, իրենք են այդ ինքնաթիռը խոցել: Իսկ ահա ամերիկացիները, եթե այդ փաստը խոստովանեն, ապա նաեւ պետք է ընդունեն, որ հուսիթներն ի զորու են նման գերժամանակակից ինքնաթիռ խոցել, ինչի համար պետք է, ասենք, C-300 համակարգ: Որտեղի՞ց դա հուսիթներին: Կամ քանի՞սն ունեն, բա Իրա՞նը քանիսն ունի, եւ ի՞նչ վիճակում կհայտնվի իսրայելյան ավիացիան, եթե ռեալ հարձակման անցնի: Վերջապես, հուսիթները ցուցադրաբար հերթական անգամ հարվածեցին Թել Ավիվին, եւ այն, որ իսրայելյան ամենաառաջադեմ հակահրթիռները չկարողացան այդ հարվածը կանխել, հուշում է հուսիթների մոտ հիպերձայնային հրթիռների առկայության մասին: Ու նույն հարցերն են, ինչ F-18-ի դեպքում:
Այս ամենը, հասկանալի է, կարող է լրջորեն ազդել Իսրայելի տրամադրությունների վրա՝ ավելի առաջնային դարձնելով Քուրդիստանի ծրագիրը եւ թուրքերի հետ բախման գնալը: Իսկ մյուս կողմից, այս ամենը հերթական հիմնավորումն է, թե Թեհրանի համար ռուս-իրանական հարաբերությունները ինչ չափով են շարունակում պահպանել իրենց դերը, երբ խոսքն իրականում լինել-չլինելու հարթությունում է:
Ըստ այդմ, շարունակում է իր էական դերը պահել նաեւ հարավկովկասյան տարածաշրջանով ՌԴ-Իրան կապի հարցը, եւ այն տպավորությունն է, որ պետերբուրգյան այս այցի ժամանակ դա եւս մեկ անգամ կբացատրվի ինչպես Նիկոլին, այնպես էլ՝ Ալիեւին: