ՀՖՖ-ն միլիոններ է պարտք Ռուբեն Հայրապետյանին․ փաստաբան
ՍպորտՀայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան դեռ հարյուրավոր միլիոն դրամ է պարտք Ռուբեն Հայրապետյանին և ֆեդերացիան ցանկանում է իր պարտքերը չմարելու համար օգտագործել պետության ռեսուրսները։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է փաստաբան Ամրամ Մակինյանը։
«Ընդհանրապես, իմ պրակտիկայի ընթացքում հարյուրավոր քրեական գործերի եմ ծանոթացել և չեմ տեսել այսպիսի քրգործ, որ քննիչը բան ու գործը թողած և հիմնական ապացուցման առարկայի հետևից գնալու փոխարեն ընդհանրապես սկսել է անձի գործունեությունը քննարկման առարկա դարձնել քրգործի շրջանակներում»,– նշել է նա։
Փաստաբանը հիշեցրել է, որ այս գործը հարուցվել է 2019 թվականի դեկտեմբեր ամսին․ «Երբ կարողացել ենք ծանոթանալ գործի նյութերին, հասկացել ենք, որ հոկտեմբերից սկսած այն ժամանակվա ոստիկանությունն ամիսներ շարունակ նյութեր են նախապատրաստել։ Իրավաբանները լավ գիտեն, որ ամիներ շարունակ չի կարելի նյութեր նախապատրաստել, դա Քրեական դատավարության օրենսգրքի կոպտագույն խախտում է և առաջիկանում դատարանում այդ մասին կխոսենք»,– նշել է նա։