Էյնշտեյնի՝ նախագահ Ռուզվելտին ուղղված պատմական նամակը կարող է վաճառվել 4 մլն դոլարով
ՀասարակությունՀեղինակավոր Christie's աճուրդի տունը պատրաստվում է վաճառքի հանել ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի երկու էջանոց նամակը՝ հասցեագրված ԱՄՆ նախկին նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին, գրում է The Guardian-ը:
Աճուրդը կայանալու է սեպտեմբերին. ըստ փորձագետների՝ նմուշը կարող է վաճառվել 4մլն դոլարով:
Այս նամակում ֆիզիկոսն այն ժամանակվա նախագահ Ռուզվելտին զգուշացնում է նացիստական Գերմանիայի արագ զարգացող և անկասելի ընթացք ունեցող միջուկային հետազոտական ծրագրերի մասին, որոնք ներառում են ատոմային ռումբի ստեղծումը: Էյնշտեյնը նախազգուշացրել է, որ Գերմանիայի կառավարությունն ակտիվորեն աջակցում է միջուկային հետազոտություններին և կարող է արտադրել «չափազանց հզոր ռումբեր», ինչպիսին, ի վերջո, ստեղծեց ԱՄՆ-ն և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին օգտագործեց ընդդեմ Ճապոնիայի:
Նա կոչ է արել ԱՄՆ կառավարությանը հետևել Գերմանիայի օրինակին և անել նույնը։ Ռուզվելտն ի պատասխան ստեղծել է կոմիտե, որը, փաստորեն, ատոմային ռումբի ստեղծող Ռոբերտ Օպենհեյմերի ղեկավարած «Մանհեթեն» նախագծի նախաբանն էր: Այս ծրագրի շրջանակում ԱՄՆ-ն ստեղծել է ատոմային ռումբ և նետել Հիրոսիմայի և Նագասակիի վրա՝ սկիզբ դնելով միջուկային դարաշրջանին: