Forbes-ը հայտնել է՝ ով է աշխարհում ամենահարուստ կին երաժիշտը
ՀասարակությունForbes ամսագիրն ամերիկյան երգչուհի Թեյլոր Սվիֆթի կարողությունը գնահատել է 1,6 միլիարդ դոլար: Այսպիսով, նա առաջ է անցել երգչուհի Ռիհաննայից, որի կարողությունը կազմում է 1,4 միլիարդ դոլար, և դարձել աշխարհի ամենահարուստ կին երաժիշտը։
Ամենահարուստ տղամարդ երաժիշտը մնում է ռեփեր Ջեյ Զին, որի կարողությունը գնահատվում է 2,5 միլիարդ դոլար։
Սվիֆթը մեկ միլիարդ դոլարի նշագծին հասել է 2023 թվականի հոկտեմբերին, մեծ մասամբ Eras Tour հաջող շրջագայության շնորհիվ. այն պատմության մեջ առաջին անգամ հավաքել է 1 միլիարդ դոլար եկամուտ: Ընդ որում, շրջագայությունը դեռ չի ավարտվել և կտևի մինչև դեկտեմբեր։ Ընդհանուր առմամբ, Eras Tour-ի շրջանակում երգչուհին հանդես կգա 152 համերգով։
Ինչպես նշում է Forbes-ը, Թեյլոր Սվիֆթը դարձել է երաժշտական ինդուստրիայի առաջին ներկայացուցիչը, որի 1 միլիարդ դոլար կարողությունը ձեռք է բերվել հիմնականում երգերի և կատարումների միջոցով, այլ ոչ թե գովազդային պայմանագրերի։ Թեյլոր Սվիֆթը գրեթե 600 միլիոն դոլար է վաստակել հոնորարներից և հյուրախաղերից։ Եվս 600 միլիոն դոլար Forbes-ը գնահատել է նրա երաժշտական կատալոգը, իսկ երգչուհու անշարժ գույքը՝ 125 միլիոն դոլար։