Այս հարցի պատասխանը Նիկոլ Փաշինյանի շուրթերից պետք է հնչի հիմա, հետո ուշ կլինի. ՀԱՊ կուսակցություն
ՆերքաղաքականՀԱՊ կուսակցությունը բաց նամակ է հղել՝ ուղղված, ինչպես նշված է հայտարարության մեջ, ներկայիս փաստացի ՀՀ «ղեկավարին».
«Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է մի շատ տարօրինակ գրառում, որում մասնավորապես ասված է, որ 1994 թ. հրադադարից հետո բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին, եւ իր մեծ սխալը կայացել է նրանում, որ դա չի խոստովանել ո՛չ իրեն, ո՛չ ժողովրդին։
Մի կողմ թողնենք այս պնդումների պրիմիտիվությունը եւ մակերեսայնությունը։ Այստեղ առկա են շատ ավելի վտանգավոր շերտեր։ Կոչ ենք անում բոլորին, ովքեր իրապես մտահոգ են մեր երկրի ճակատագրով, բոլոր հնարավոր հարթակներից հետեւյալ հարցը ուղղել վերոհիշլալ անձնավորությանը՝ հնարավո՞ր է արդյոք, Աստված մի արասցե, գա մի պահ, երբ նմանապես հայտարարի, որ, օրինակ, Մեղրին, Սյունիքը կամ մեր հայրենիքի այլ տարածքներ բանակցությունների արդյունքում նախկինների կողմից արդեն տրված են եղել Ադրբեջանին, ինքն այլեւս ոչինչ չէր կարող անել, սակայն սխալ է թույլ տվել եւ դրա մասին չի խոստովանել ժողովրդին։ Այս հարցի պատասխանը Նիկոլ Փաշինյանի շուրթերից պետք է հնչի հիմա։ Հետո ուշ կլինի», - ասված է բաց նամակում: