Մի՛ վախեցեք եւ չհանձվեք. Արթուր Վարդանյան
ՆերքաղաքականՀամահայկական ազգային պետականություն կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանի կինը՝ ԱՇԽԵՆ ՍՈՒՄԲՈՒԼՅԱՆԸ, երեկ տեսակցել է ամուսնուն: Նա նշեց, որ Արթուրը մարտական է տրամադրված:
«Ինձ ասաց, որ փոխանցեմ իր խոսքերը. «Ոչ մի քայլ նահանջ եւ պայքարեք մինչեւ վերջ, քանի դեռ չենք ազատագրել մեր հայրենիքը: Թշնամին ու դավաճանը մեզանից խլեցին մեր Արցախը, մեր Հայաստանն ու ազատությունը, բայց պայքարը դեռ չի ավարտվել, քանի դեռ կա գեթ մեկ հայ, ով պատրաստ է գնալ մինչեւ հաղթանակ: Եթե մեզ լռեցնեն, ուրեմն՝ կգլխատեն հայ ժողովրդին եւ դրանով հերթական մեծ եղեռնը կկազմակերպեն մեր ազգի նկատմամբ, եւ, ես որպես հայ, չեմ պատրաստվում եւս մեկ անգամ սգալ եւս մեկ հայի ցեղասպանություն ու հայոց պետականության կորուստ: Մեր տղերքի թափված արյունը ջուր չի դառնա, իսկ մենք երբեք թուրքի ճորտ չենք դառնա: Ազատ հայ ծնվել ենք ու ազատ հայ էլ կապրենք ու կմեռնենք, թեկուզ մեզ հազար անգամ նորանոր ճաղերի հետեւում պահեն:
Մի վախեցեք հարազատներս, մի վախեցեք, քանի որ այդ վախն է միակ զենքն ու գործիքը, որ դավաճանն ու թշնամին օգտագործում են ձեր դեմ: Մի՛ վախեցեք եւ չհանձվեք»: Սա էին Արթուրի խոսքերը, մնացած կոչը մոտակա օրերս կտեղադրվի իր կայքում...», - գրել է Աշխեն Սումբուլյանը: