«Ուժեղ Հայաստան՝ Ռուսաստանի հետ» շարժումը կտրականապես դեմ է նացիզմի ցանկացած դրսեւորմանը
ՆերքաղաքականԴեկտեմբերի 23-ին «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումն անցկացրեց «102 տարի ԽՍՀՄ. նացիզմի դիմակայումը» խորագրով համաժողով:
Շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՆ ազդարարելով համաժողովը՝ ողջունեց ներկաներին եւ նշեց, որ քննարկման առանցքում մի քանի կարեւոր հարցերի ուղղությամբ են շեշտը դրել:
«Ինչպես գիտենք՝ մոտ օրերս լրանում է Խորհրդային Միության ստեղծման 102-րդ տարեդարձը՝ այն երկրի, որը հսկայական ներդրում է ունեցել նացիզմի ջախջախման գործում: Եվ մենք, որպես մեծ երկրի ժառանգորդներ, չենք կարող անտարբեր դիտել նացիստական գաղափարախոսության վերածնման փորձերը, որոնցով փորձում են թունավորել մեր երիտասարդ սերնդի դեռեւս ձեւավորվող աշխարհայացքը», - ասաց նա:
Համաժողովի ընթացքում ելույթ ունեցան կուսակցությունների ներկայացուցիչներ, քաղաքագիտական, փորձագիտական շրջանակներից այրեր, որոնք եւս կարեւոր հարցադրումներ առաջ քաշեցին: Մասնավորապես այն, որ Հայաստանում իշխանությունների թողտվությամբ ակտիվանում են նեոնացիստական տարրեր, որոնք խայտառակություն են բերում մեր երկրին համաշխարհային քաղաքակիրթ հանրության տեսանկյունից, քանզի շատ երկրներ տասնամյակներ շարունակ հակաֆաշիստական դիրքերում են:
Փաստացի, սա այն ճանապարհն է, որը տանում է դեպի մեր պաշտպանունակության թուլացում, այնուհետեւ՝ Թուրքիայի վերահսկողության տակ անցում եւ մեր պետականության վերջնական կործանում: Այդ ճակատագիրն են կիսում բոլոր այն երկրները եւ ժողովուրդները, որոնք քայլում են նացիզմի ճանապարհով: Մեր օրերի ամենավառ օրինակը Ուկրաինայի ինքնաոչնչացումն է՝ արեւմտյան հովանավորների ղեկավարման ներքո:
«Ուժեղ Հայաստան՝ Ռուսաստանի հետ. Նոր Միության համար» շարժումը կտրականապես դեմ է նացիզմի ցանկացած դրսեւորմանը, դեմ է Հայաստանի թուրքական ապագային եւ համոզված է, որ Հայաստանի դաշինքը Ռուսաստանի հետ մեր պետականության եւ հայ ժողովրդի փրկության ապահով հանգրվանն է:
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ