ՀՀ և ՌԴ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում համաձայնագիր է ստորագրվել ՀՀ-ում Ռուս-Հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին
ՀասարակությունՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Մոսկվայում մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստին, որն անցկացվել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Նիստի ընթացքում միջկառավարական հանձնաժողովի համանախագահները հանդես են եկել ելույթներով, այնուհետև ստորագրվել է փոխհամաձայնեցված արձանագրությունը, որտեղ ընդգրկվել են նաև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով համագործակցության կետեր:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Կոնստանտին Մոգիլևսկին համաձայնագիր են ստորագրել ՀՀ-ում Ռուս-Հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին։ Նոր համաձայնագիրը, որով հստակեցվում են բուհի կառավարման, կրթագիտական ծրագրերի իրականացման հնարավորությունները փոխադարձության և փոխգործակցության հիմունքներով, ՀՀ օրենսդրության համաձայն պետք է անցնի վավերացման ներպետական ընթացակարգերը:
Նիստի ընթացքում Ռուսաստանի Դաշնության լուսավորության նախարարի տեղակալ Անդրեյ Կարնեևի հետ քննարկվել են նաև ՌԴ-ում հայկական դասագրքերի տպագրության և դաշնային ցանկում ներառելու հարցերը։