Ավինյանն իր վրա կվերցնի՞ արդյոք շուրջ 7,9մլն-ի հարվածը, թե՞ «փուռը կտա» իր աշխատակիցներից մեկին
Օրեր առաջ, Երևանի ներկայիս և նախկին քաղաքապետերի միջև տեղի ունեցած բանավեճի ժամանակ, Հայկ Մարությանը բարձրաձայնեց, որ Տիգրան Ավինյանի՝ ԱՄՆ ուղևորության արժեքը կազմել է 7,9 մլն դրամ։ Տիգրան Ավինյանն իբր զարմացավ, թե ինքը տեղյակ չի եղել, սակայն արդեն այսօր՝ դեկտեմբերի 23-ին, քաղաքապետարանում՝ նիստի ժամանակ, հայտարարեց, որ ինքը ևս իմացել է, թե որքանով է ձեռք բերվել տոմսը։
«Ես ինքս էլ ապշած էի այդ թվերից, հետո մի փոքր խորացա և հասկացա, որ կարծում եմ՝ ընդհանուր անպատասխանատվության և անտարբերության որոշակի խնդիր կա այստեղ, որովհետև նոյեմբերի 22-ի այցի համար տոմսերը ձեռք են բերվել նոյեմբերի 20-ին և, անկեղծ ասած, եթե օրինակ մեկ օր ուշացումով էլ ձեռք բերեինք, կարող է մի կրկնակի կամ եռակի ավելի թանկ ձեռք բերեինք։ Ես ուզում եմ տեղեկացնել, որ որոշում եմ կայացրել այդ ծախսը ամբողջապես փոխհատուցել ինքնուրույն՝ նաև կանխելով հետագա հարցերը»,- ասել է Ավինյանը։