Թրամփը հայտարարել է, որ իր օրոք պաշտոնապես կլինի միայն երկու սեռ՝ արական և իգական
ՄիջազգայինԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր օրոք երկրում պաշտոնապես կլինի միայն երկու սեռ՝ արական և իգական։
«Թրամփի վարչակազմի օրոք ԱՄՆ կառավարության պաշտոնական քաղաքականությունը կճանաչի միայն երկու սեռ՝ արական և իգական: Այդքան բարդ չի՞ հնչում, չէ՞», - ասել է Թրամփն Արիզոնայում TurningPoint's AmericaFest 2024 միջոցառմանը։
Նա խոստացել է նաև «տղամարդկանց դուրս հանել կանանց սպորտից»։ Հանրապետականը բազմիցս հայտարարել է, որ մտադիր է արգելել տրանսգենդերներին մասնակցել կանանց մրցույթներին։ Բացի այդ, Թրամփը սպառնացել է կրճատել դաշնային ֆինանսավորումը «ցանկացած դպրոցի, որը խթանում է տրանսգենդերների հետ կապված խելագարությունը»։
2018 թվականին Թրամփը, երբ նախագահ էր, արգելել էր տրանսգենդերներին ծառայել բանակում, բացառությամբ որոշ դեպքերի:
Տրանսգենդերներն ամերիկյան բանակում ծառայելու իրավունք են ստացել 2016 թվականին այն ժամանակվա նախագահ Բարաք Օբամայի հրամանագրով։ Բայդենը, 2021 թվականի հունվարին երդմնակալությունից հետո, չեղյալ է հայտարարել իր նախորդի արգելքը՝ հավատալով, որ «գենդերային ինքնությունը չպետք է խոչընդոտ հանդիսանա զինվորական ծառայության համար, և որ Ամերիկայի հզորությունը նրա բազմազանության մեջ է»։
Այս տարվա նոյեմբերին The Times-ը գրել էր, որ Թրամփը մտադիր է բոլոր տրանսգենդեր զինծառայողներին բանակից հեռացնել: