Թրամփը նաեւ Գրենլանդիայի վրա է աչք դրել
ՄիջազգայինԴոնալդ Թրամփը, ով իշխանության եկավ միանգամայն խաղաղասիրական հայտարարությունենրի ֆոնին, ընտրվելուց հետո ակտիվ հավակնություններ է մատուցում ողջ աշխարհին: Սկսեց Կանադային եւ Մեքսիկային ուղղված կիսակատակ-կիսալուրջ առաջարկներով` դառնալ ԱՄՆ-ի նահանգներ:Հաջորդը Պանամայի ջրանցքն էր. Թրամփը սպառնում է վերցնել այն:
Այսքանից հետո Թրամփն ամենալուրջ տոնով հայտարարում է. «Բացարձակ անհրաժեշտություն» է Գրենլանդիան դարձնել Միացյալ Նահանգների համար սեփականությունը։
«Ամբողջ աշխարհում ազգային անվտանգության և ազատության համար Ամերիկայի Միացյալ Նահանգները կարծում է, որ Գրենլանդիայի սեփականությունն ու վերահսկողությունը բացարձակ անհրաժեշտություն է», - գրել է ԱՄՆ նորընտիր նախագահը Truth Social-ում:
Այսպես Թրամփը մեկնաբանել է Շվեդիայում ԱՄՆ նախկին դեսպան և ձեռներեց Քեն Հաուերիին Դանիայում ամերիկյան նոր դեսպան նշանակելու իր որոշումը, որը, նրա կարծիքով, «հիանալի աշխատանք կկատարի՝ ներկայացնելով ԱՄՆ շահերը»։
Գրենլանդիա կղզին Դանիայի թագավորության ինքնավար տարածքի կարգավիճակ է ստացել 1979 թվականին։ Թրամփին, իբր, նույնիսկ իր առաջին նախագահական ժամկետում, ինչպես գրում էին լրատվամիջոցները, հետաքրքրում էր, թե հնարավո՞ր է գնել Գրենլանդիան, սակայն թագավորության իշխանությունները հրաժարվեցին քննարկել այդ թեման։ Այսինքն այն, որ Թրամփը լրջորեն է հետաքրքրված Գրենլանդիայով, կարելի է փաստ համարել: Ի դեպ, կան նաեւ խոսակցություններ, որ Թրամփը ցանկանում է Ռուսաստանին գործարք առաջարկել` կապված արկտիկական կոմունիկացիոն ուղիների հետ: Այս տեսանկյունից, կարելի է հասկանալ, թե Գրենլանդիան Թրամփի ինչին է պետք: