Ինչ նպատակներ ունի 2025-ին դերասան եւ արդեն լեռնագնաց Գեւորգ Գրիգորյանը
ՄշակութայինՑրտաշունչ ձմեռային այս օրերին «Իրավունք»-ը նկատել է, թե ինչպես է դերասան ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ վազում Բաղրամյան պողոտայով: Ընդ որում՝ խոսքն ամենեւին էլ ֆիլմի նկարահանման մասին չէ. դերասանը, ով հայտնի է մի շարք հեռուստասերիալների գլխավոր դերերով, որոշել է էքստրիմ սպորտում հասնել լուրջ հաջողությունների, ինչի համար պատրաստվում է գիշեր ու ցերեկ:
— Եղանակը չի՞ խանգարում վազքին, հատկապես, որ ինչպես նկատեցինք, մարզվում եք՝ առանց տաք հագուստի:
— Չէ, եղանակը բացարձակ չի խանգարում մարզումներին: Ես հիմնականում վազում եմ երեկոյան ժամերին, որովհետեւ հիմնականում մարզվում եմ սարերի համար, որ սարեր բարձրանալուց կոփված լինեմ, իսկ սարերում միշտ սառը, ցուրտ եղանակ է: Դա է հիմնական պատճառը նաեւ, որ տաք հագուստով չեմ մարզվում:
— Փաստորեն, գալիք տարի նոր արշավների՞ եք պատրաստվում:
— Բավականին երկար ժամանակ է , ինչ չեմ մասնակցել ուրիշների կողմից կազմակերպված արշավների, սակայն սարեր բարձրանում եմ, առնվազն շաբաթական երկու անգամ: Հիմա միացել եմ «North Peak» լեռնային ակումբին եւ լեռնորդ պիկի ուղեկցորդ եմ դառնում: Այս ընթացքում Հայաստանում ոչ մի նոր սար դեռ չեմ բարձրացել, որովհետեւ Հայաստանում նոր սար քիչ է մնացել, որոնք բավականին հեռու են գտնվում: Հետեւաբար, իմաստ չեմ տեսնում բարձրանալը: Հիմնականում բարձրանում եմ Արագած լեռը, որը համարում եմ աշխատանքային առումով հարմար սար եւ հետո Երեւանին է մոտ ու նաեւ ամենաբարձրն է համարվում, եւ այդ առումով՝ ամենաբարդը: Դրա համար նաեւ իմաստ չկա այլ սարեր գնալու: Դա ես միայն իմ հաճույքի համար չեմ անում, այլ նախապատրաստական միտում ունի, որպեսզի պատրաստ լինեմ եկող ամառվան, որն ավելի շատ դժվար է լինելու, քան եղել է նվաճածս սարերը, որոնք անցել եմ:
— Գո՞հ եք 2024 թվականից: Արդարացե՞լ են Ձեր սպասումները:
— Այո, շատ, քանի որ բոլոր սպասումներս արդարացվել են: Ինչի ձգտել եմ, ամեն բան կարելի է ասել ստացվել է: Ունեցել եմ գլխավոր նպատակ՝ երեք սար բարձրանալու, որից միայն մեկը չի ստացվել, սակայն դա իրականում ամենից հեշտ սարն է այդ երեքից եւ վստահաբար եմ ասում, որ մյուս տարի անպայման կստացվի ու կբարձրանամ: Ոչ մի գերբնական խնդիր չեմ տեսնում դրանում: Կարեւորը հիմա մարզվելն է ու սպորտային ֆորմայի մեջ մնալը, ինչը եւ անում եմ: Անգամ կարող եմ ասել, որ 2024 թվականն իմ կյանքում ամենից հաջողված տարին է եղել ու շատ արդարացված, քանի որ այն էներգիան, որը դրել եմ իմ նվաճումների համար՝ արդյունքը արդյունավետն է եղել:
— Ի՞նչ սպասելիքներ ունեք 2025-ից:
— Սպասելիքներս են բարձրանալ նախկին Խորհրդային միության 5 ամենաբարձր գագաթներից Պիկ Լենինան, Պիկ Կոռժենեվսկայան, Պիկ Կոմունիզման եւ ստանալ «Ձնե Հովազ» կոչումը, որը դեռեւս ոչ մի հայ լեռնագնաց չի ստացել: Իսկ 2025 թվականի սեպտեմբերին նախատեսում եմ բարձրանալ Մանասլու լեռը, որը 8000 մետրից բարձր է ու նաեւ շեշտեմ՝ առանց հավելյալ թթվածնի: Թերեւս անձնական ամբիցիոզ նպատակներս այդքանն են եւ սպասելիքներս էլ են այդքանը: Դե իսկ մնացածը, եթե ստացվի, ապա սեփական տուն եմ ցանկանում գնել կամ հող, որի վրա կսարքեմ իմ տունը: Տեսնենք, չգիտեմ՝ դա ինչքանով կհաջողվի իրագործել 2025 թվականին: Հույս ունեմ դա էլ կստացվի:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ