Սատուրնի օղակների առեղծվածը. Որքա՞ն տարեկան են դրանք իրականում և որտեղից կարող էին առաջանալ
ՀասարակությունՍատուրնի օղակները, չնայած իրենց զարմանալիորեն «թարմ» տեսքին, կարող են նույնքան հին լինել, որքան արեգակնային համակարգը: Այս եզրակացությանն են հանգել Տոկիոյի Գիտությունների ինստիտուտի և Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի գիտնականները։ Այս հայտնագործությունը հերքում է նախկին ենթադրությունները, որ օղակները ձևավորվել են համեմատաբար վերջերս՝ ընդամենը 100-400 միլիոն տարի առաջ: Հետազոտության արդյունքներով հոդվածը հրապարակվել է Nature Geoscience ամսագրում։
Միկրոմետեորիտներ և մակերեսի «մաքրում»
Նախկինում գիտնականները կարծում էին, որ միլիարդավոր տարիների ընթացքում Սատուրնի սառցե օղակների՝ միկրոմետեորիտների հետ բախման արդյունքում նրանց վրա պետք է շատ փոշի կուտակվեր։ Այնուամենայնիվ, նոր տեսական մոդելը ցույց է տվել, որ երբ միկրոմետեորիտները մեծ արագությամբ բախվում են, սառույցը գոլորշիանում է, ինչի հետևանքով աղտոտող մասնիկները դուրս են մղվում տիեզերք կամ ձգվում դեպի Սատուրնի մագնիսական դաշտը։ Այս «մաքրման» մեխանիզմը թույլ է տալիս օղակներին պահպանել իրենց «երիտասարդությունը» միլիարդավոր տարիներ:
Օղակների հնարավոր ծագումն ու ապագան
Ըստ երկու ամենահայտնի վարկածների՝ Սատուրնի օղակները ձևավորվել են նյութի շուրջմոլորակային ամպի մնացորդներից, որոնք չկարողացան դառնալ մոլորակի լիարժեք արբանյակներ, կամ էլ դրանք երկնաքարի կամ աստերոիդի հետ բախումից հետո մեծ արբանյակի ոչնչացման արդյունք են։
Եթե ենթադրենք, որ օղակներն իրոք հայտնվել են Արեգակնային համակարգի ձևավորման հենց սկզբում, դա նոր հեռանկարներ է բացում դրանց ծագումն ուսումնասիրելու համար։ Հետազոտողների կարծիքով՝ այդ ժամանակներում տեղի ունեցած քաոսային բախումները կարող էին հանգեցնել բեկորների ամպի ձևավորմանը, որից առաջացել են Սատուրնի օղակները։
Հետազոտության մեկ այլ բացահայտում վերաբերում է օղակների ճակատագրին: Նախկինում ենթադրվում էր, որ դրանք կվերանան 100 միլիոն տարվա ընթացքում, սակայն մաքրման մեխանիզմի հայտնաբերումը ցույց է տալիս, որ դրանք կարող են շատ ավելի երկար գոյատևել: