«37 ՄԵԴԱԼ, ՈՐԻՑ 8 ՈՍԿԵ, ՄԵԾ ԱՐԴՅՈՒՆՔ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ». ԿՐՏՍԵՐ ՏԱՐԻՔԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ ԱՐԹՈՒՐ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
ՍպորտՎերջերս Երևանում կայացել է «Բարեկամության գավաթ» անվանումը կրող Բռնցքամարտի միջազգային 2-րդ մրցաշարը, որին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, ՌԴ-ի, Իսրայելի, Մոլդովայի, Իրանի և Հունաստանի ուժեղագույն պատանի կաշվե ձեռնոցի մարտիկները։ Ընդհանուր առմամբ 130-ից ավելի մարզիկներ պայքարեցին մեդալների 13 հավաքածուի համար։ 13 քաշային կարգերից 8-ում հաղթեցին հայ մարզիկները։ Մեր երկրի հավաքականը նվաճել է 37 մեդալ, որից 8 ոսկե, 11 արծաթե և 18 բրոնզե։ Iravunk. com -ի մարզական թղթակիցը բացառիկ զրույց է ունեցել կրտսեր տարիքի պատանիների հավաքականի գլխավոր մարզիչ ԱՐԹՈՒՐ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց.
- Իմ սաներից ԷՐԻԿ ԱՊԵՐՅԱՆԸ հանդես եկավ 60 կգ քաշային կարգում։ Սկզբից նա միաձայն հաղթեց Իսրայելի ներկայացուցչին, ապա նոկաուտով, վաղաժամ հաղթեց մեր հայրենակցին, եզրափակչում կրկին մեր հայ մարզիկին հաղթեց ու այդպես ոսկե մեդալ նվաճեց։ Շատ գոհ եմ Էրիկից, նա շատ փայլուն հանդես եկավ այս մրցաշարում։ Մյուս ոսկե մեդալակիրը իմ սան ՏԻԳՐԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆՆ է, նա ևս շատ լավ հանդես եկավ այս մրցաշարում։ Հանդես եկավ 46 կգ քաշային կարգում։ Մեկնարկում հաղթեց Մոլդովայի ներկայացուցչին, ապա պարտության մատնեց վրացի մրցակցին, եզրափակչում էլ հաղթեց հայ մրցակցին։ Այդպես նա ևս նվաճեց ոսկե մեդալ։
Իսկ արծաթե մեդալ նվաճեց ԴԱՎԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԸ, հանդես է գալիս 80 կգ քաշային կարգում։ Առաջին գոտեմարտում նրա մրցակիցը վրացի էր, ով չներկայացավ մենամարտին, ռինգ դուրս չեկավ, այդպես հաղթանակը շնորհվեց Դավիթին, հետո հաղթեց հայ մրցակցին, ափսոս, եզրափակչում պարտվեց մյուս վրացի հակառակորդին։
Բրոնզե մեդալակիր ԳՈՌ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ 52 կգ քաշային կարգում հանդես եկավ։ Նա հաղթեց իրանցի մրցակցին, ափսոս, պարտվեց վրացի հակառակորդին ու այդպես բրոնզե մեդալի արժանացավ։ Ես գոհ եմ մեր հավաքականից, 80-ից ավելի բռնցքամարտիկներ, Եվրոպայի չեմպիոններ ու մրցանակակիրներ էին մասնակցում այս մրցաշարին ու ընդհանուր նվաճեցինք 37 մեդալ, որից 8 ոսկե, դա շատ մեծ արդյունք եմ համարում։ Իմ սաները ներկայացնում են Չարբախ մարզական ակումբը։ Շատ մեծ հույսեր եմ կապում նրանց հետ, պիտի լավագույնս պատրաստվենք արդեն հաջորդ տարվա Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններին։ Այս մարզիկները նրանք են, ովքեր շատ շուտով կհամալրեն արդեն երիտասարդների հավաքականի շարքերը։ Կաշխատենք շտկել թերությունները, որպեսզի հաջորդ անգամ մյուս մարզիկներն էլ ոսկե մեդալ նվաճեն։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ