Սկանդալային Pegasus լրտեսող ծրագրի ստեղծող ընկերությունը դատարանում պարտվել է WhatsApp մեսենջերին
ՀասարակությունWhatsApp-ը ուրբաթ օրը հայտարարել է Pegasus լրտեսական ծրագրի ստեղծող իսրայելական SO Group Technologies ընկերության նկատմամբ իրավական հաղթանակի մասին, գրում է The Guardian-ը։
NSO Group Technologies-ը դատական գործընթացի մեջ է ներգրավվել Meta ընկերությանը պատկանող հաղորդագրությունների փոխանակման հավելվածի կողմից՝ 2019 թվականի մայիսի երկու շաբաթվա ընթացքում իր տխրահռչակ Pegasus ծրագրով 1400 մարդու հեռախոսները վարակելու և լրտեսելու մեղադրանքով:
«Հինգ տարվա դատավարությունից հետո մենք շնորհակալ ենք այսօրվա որոշման համար: NSO-ն այլևս չի կարող խուսափել WhatsApp-ի, լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության վրա իր անօրինական հարձակումների համար պատասխանատվությունից։ Համաձայն այս որոշման, լրտեսական ընկերությունները պետք է նախազգուշացվեն, որ նրանց անօրինական գործողություններն անթույլատրելի են»,- ասվում է մեսենջերի հայտարարության մեջ։
Դատարանը որոշել է, որ NSO Group-ը խախտում է ԱՄՆ-ի համակարգչային խարդախության և չարաշահումների մասին օրենքը: Apple-ը նմանատիպ հայց էր ներկայացրել ընկերության դեմ, սակայն սեպտեմբերին հետ էր կանչել այն։ Դատավորի որոշման համաձայն, NSO Group-ը ժամանակ է ձգել ողջ դատավարության ընթացքում։ Հեմիլթոնը NSO Group-ին պարտավորեցրել է 2024 թվականի սկզբին WhatsApp-ին տրամադրել իր լրտեսական ծրագրի ելման կոդը։ Ուրբաթ օրվա իր որոշման մեջ նա ասել է, որ ընկերությունը բազմիցս խախտել է պահանջները, ինչը հիմնական պատճառ է դարձել, որ բավարարվի WhatsApp-ի խնդրանքը՝ ընկերության դեմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ:
NSO Group-ը բազմիցս հայտարարել է, որ իր կառավարական հաճախորդները վերահսկում են Pegasus-ի օգտագործումը և պատասխանատու են դրա միջոցով իրականացվող հաքերային հարձակումների համար, սակայն գործի նյութերը ցույց են տվել, որ դա այդպես չէ: Ցույց է տրվել, որ ընկերությունն է «տեղադրել և հավաքել տեղեկատվություն Pegasus-ի միջոցով, որն օգտագործվել է ոչ միայն WhatsApp-ի, այլև iPhone-ների մեջ ներթափանցելու համար՝ լուսանկարներ, էլ. նամակներ և տեքստային հաղորդագրություններ կորզելու նպատակով: