«ԲԱՑԱՌԵՑԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, ՔԱՆԻ ՈՐ ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԻ ՄԵՐ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ». ԲԱՆԱԿԱՅԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՍպորտIravunk. com -ի մարզական թղթակիցը զրուցել է ՀՀ ԶՈւ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող, վերջերս Երևանում կայացած Բանակայինների ըմբշամարտի աշխարհի առաջնության հաղթող, ազատ ոճի ըմբշամարտիկ, ծնունդով գյումրեցի, Գյումրիի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սան ԱՆԴՐԱՆԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ։
- Ողջույն, Անդրանիկ ։ Շնորհավորում ենք հաղթանակի առթիվ։
- Շնորհակալ եմ։ 65 կգ քաշային կարգում եմ հանդես եկել ։Մեկնարկում բացարձակ առավելությամբ 11։0 հաշվով հաղթեցի ֆրանսիացի մրցակցիս, երկրորդ գոտեմարտում կրկին 11։0 հաշվով պարտության մատնեցի Իրանի Իսլամական Հանրապետությունը ներկայացնող ըմբիշին։ Իսկ ահա եզրափակչում, ոսկե մեդալի համար թեժ պայքարում հաղթեցի Հյուսիսային Կորեայի Դեմոկրատական հանրապետության ներկայացուցչին 9։7 հաշվով։ Ամենաբարդը սա էր եզրափակիչ գոտեմարտը, գերլարված ստացվեց, քանի որ չեմպիոնական էր։ Այս հաղթանակը նվիրում եմ իմ զինվոր եղբայրներին, հարազատներին, սահմանին կանգնած մեր եղբայրներին, քանի որ նրանց շնորհիվ ենք կարողանում այսպիսի նվաճումներ ունենալ։ Բացառեցի պարտությունը, քանի որ պիտի ներկայացնեի մեր Հայոց բանակը, ինչը շատ պարտավորեցնող էր ինձ համար։ Դահլիճում էին գտնվում բազմաթիվ զինվորականներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, հարազատներ, ընկերներ ու դու պարտավոր ես բարձր պահել երկրիդ, բանակիդ պատիվը ու հավաքել էի բոլոր ուժերս։
- Անդրանիկ, կարող ես պատմել որևէ հիշարժան գոտեմարտի, հաղթանակի մասին։
- Եվրոպայի երիտասարդների առաջնության ժամանակ կիսաեզրափակչում հաղթեցի ադրբեջանցի մրցակցիս։ Դա Սամակոյում էր ընթանում։ Իսկ դեռահասների միջազգային մրցաշարում հաղթել եմ թուրք մրցակցի։ Շատ անմոռանալի զգացողություններ էին առաջացել ինձ մոտ։ - Հետագա ծրագրերը որոնք են։
- Մի քանի օրից կլինի Հայաստանի առաջնությունը, եթե հաղթեմ, ապա հնարավորություն կստանամ մասնակցելու արդեն հաջորդ տարի կայանալիք Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններին։
- Շնորհակալություն, Անդրանիկ, մեզ ժամանակ տրամադրելու համար։
- Ես էլ շատ զգացված եմ ուշադրության համար, անխափան գործունեություն Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ