Անույշ Խուդավերդյանը պաշտոնապես լքել է «Հանրային ձայն» կուսակցությունը. Վարդան Ղուկասյան
ՆերքաղաքականՕրերս լուրեր տարածվեցին, թե «Հանրային Ձայն» կուսակցությունն Անույշ Խուդավերդյանին չի հեռացրել կուսակցությունից, ավելին՝ նա հանդիսանում է ՀՁ-ի խորհրդի անդամ, մինչդեռ նա նաեւ ԴՕԿ կուսակցության նախագահն է: Ինչ է իրականում կատարվում, «Իրավունք»-ը հետաքրքրվեց ԴՕԿ կուսակցության հիմնադիր ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՑ:
— Լուրեր են տարածվել, որ Անույշ Խուդավերդյանը դեռեւս «Հանրային Ձայն» կուսակցության խորհրդի անդամ է: Ինչպե՞ս կբացատրեք սա:
— Անույշ Խուդավերդյանը շատ վաղուց է դուրս եկել այդ կուսակցությունից: Երբ ես ինքս ձեռքերս լվացի այդ կուսակցությունից, ինձ հետ հավասար դուրս եկան իմ համախոհները, որոնց մեջ էր նաեւ Խուդավերդյանը: Նախ սկսենք այն բանից, որ նման կուսակցություն էլ չկա: Եթե կա, թող ցույց տան, թե ինչով է զբաղվում այդ կուսակցությունը: Կամ ի՞նչ խորհրդի անդամ: Ովքե՞ր են այդ խորհրդի անդամները: Այն գուշա՞կը` Եմեջյան ազգանունով, որ ինքն էլ հայտարարեց, թե դուրս է գալիս ՀՁ-ի խորհրդի անդամների կազմից, թե՞ Վահան Ավագյանը, ով իմ շնորհիվ դարձավ ավագանի եւ եւս մի քանի անգամ դուրս գալու հայտարարություն է արել: Մամուլում պահպանված են այդ նյութերը: Եթե ցանկանում եք, մտեք կարդացեք:
— Պարոն Ղուկասյան, Անույշ Խուդավերդյանը հայտարարե՞լ է «Հանրային Ձայն»-ից իր դուրս գալու մասին:
— Շատ անգամներ: Նույնիսկ իր սոցէջում է գրառում կատարել եւ բոլորովին վերջերս էլ թարմացրել է այդ հայտարարությունը, որ վաղուց ՝ իր դիմումի համաձայն նա դուրս է եկել ՀՁ կուսակցությունից: Ավելին ասեմ` այդ կինն անգամ տեղյակ էլ չի եղել, որ հանդիսանում է տվյալ կուսակցության խորհրդի անդամ, քանի որ չի եղել ոչ մի տեսակի նիստ, իսկ եթե եղել էլ է, ապա նա չի մասնակցել այդ նիստերին: Նրան պաշտոնական հրավեր չեն ուղարկել: Այնպես որ, վաղուց է, ինչ Անույշ Խուդավերդյանը դուրս եկել այդ չարաբաստիկ կուսակցությունից եւ եկել իմ հետեւից: Ի դեպ, այդ կուսակցությունը այնպիսի վատ վիճակում է գտնվում, որ ոչ մեկը ոչ մեկին չի տեսել, ու ոչ մեկը ոչ մեկին չի ճանաչում: Ով ասես այնտեղ ընդգրկված է, սակայն ոչ մի տեսակ աշխատանք չի կատարվում:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ