Ովքեր են մասնակցելու Գյումրիի ընտրություններին եւ ինչու խաղի մեջ մտցրեցին Սարիկին
ՆերքաղաքականՕրեր առաջ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ համատեղ ասուլիսի էր հրավեր բոլոր ընդդիմադիր ուժերին, սակայն հրավերը ընդունել էր միայն ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը: Ասուլիսի ընթացքում երկու ընդդիմադիր ուժերը պաշտոնապես հայտարարեցին, որ մասնակցելու են Գյումրիում կայանալիք արտահերթ ՏԻՄ ընտրություններին:
«Մեր շատ գործընկերներին առաջարկել եմ, որ մասնակցեն այսօրվա ասուլիսին, սակայն նրանք պատասխանեցին, որ դեռ վերջնական որոշում չեն կայացրել՝ մասնակցելու են Գյումրու ընտրություններին, թե՝ ոչ: Իմ հայտարարությանն արձագանքել է միայն Վարդան Ղուկասյանը»,- ասաց Սուրենյանցը:
Տեսակապի միջոցով Վարդան Ղուկասյանն էլ իր հերթին ներկայացրեց իր ղեկավարած քաղաքական ուժի մոտեցումները՝ ընդգծելով, որ իրական ընդդիմություն, կարելի է ասել, չկա: Ինչ վերաբերում է Գյումրիի արտահերթ ՏԻՄ ընտրություններին, նշեց. «Ընդհանուր հաշվով՝ Գյումրու ընտրություններին մասնակցելու են 12-14 կուակցություն, եւ բոլորը հանդես են գալու ընդդիմադիր դիրքերից: Սակայն, ինչպես տեսնում ենք, Սուրեն Սուրենյանցը, լինելով «կուլտուրական մարդ», հրավեր է արել, ու իր հրավերը անգամ չեն ընդունել, էլ ուր մնաց` իմ հրավերը ընդունեին ու գային ընդդիմադիր ուժերը: Մենք ի՞նչ ենք տեսնում՝ ընդդիմադիր կուսակցություն իրականում մնացել է 1 տոկոս»:
Սուրենյանցը Գյումրիում կատարվածը որակեց որպես ժողովրդավարության գռեհիկ շահագործում:
«Ինչ տեղի ունեցավ Գյումրիում, ոչ թե ժողովրդավարության դրսեւորում էր, այլ ժողովրդավարության գռեհիկ շահագործում»,- ասաց Սուրենյանցը՝ անդրադառնալով ՔՊ-ի իրականացրած նախնական քվեարկությանը: Ըստ նրա` Նիկոլ Փաշինյանը հիմա էլ սկսել է միջազգային քաղաքագիտական տերմինը՝ «փրայմերիզ»-ը վարկաբեկել: Նրա խոսքով՝ Գյումրիում ՔՊ-ն ունի առավելագույնը 15-20 % ձայն, եւ որպեսզի վերջիններս իրավիճակը հաղթահարեն, Նիկոլ Փաշինյանը լուծում է գտել՝ խաղի մեջ մտցնել Սարիկ Մինասյանին։
«Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանի խաղի մեջ մտնելը կապված է ուրիշ բանի հետ։ Նիկոլ Փաշինյանը փորձում է ստանալ նախկինների օրոք հաջող գործարարություն արած, բայց ներկա պահին շատ հաջող ադապտացված «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանի աջակցությունը։ Իրականում Սարիկ Մինասյանը Արման Սահակյանի նվերն է ՔՊ-ին»- փակագծեր բացեց Սուրենյանցը եւ հավելեց, որ դրա դիմաց Սահակյանին խոստացել են ՀՖՖ նախագահի պաշտոնը, ինչին Վարդան Ղուկասյանը արձագանքեց. «Մուրազը փորը կմնա»:
ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը չբացառեց, որ կլինեն ընդդիմադիր ուժեր, որոնք կհամագործակցեն ՔՊ-ի հետ եւ հիշեցրեց, որ իր կուսակցության մեջ էլ են եղել «անասուններ», որոնք Երեւանի ավագանիում համագործակցել են ՔՊ-ի հետ։ Ուստի՝ նա հրապարակային միացավ Սուրեն Սուրենյանցի հրապարակած հայտարարության կետերին՝ այն է ՔՊ-ին հակազդելու համար ընդդիմադիր ուժերը պետք է կնքեն միմյանց դեմ չհարձակվելու պակտ, նաեւ հրապարակավ հայտարարեն, որ բացառելու են որեւէ համագործակցություն ՔՊ-ի եւ նրա «պսեւդոարեւմտամետ սատելիտների» հետ, այդ թվում՝ ավագանի անցնելու դեպքում էլ չեն համագործակցի ՔՊ-ի հետ։
«Ինչ-որ սկզբունքներ կան, որոնց շուրջ ընդդիմադիրները պետք է գան հայտարարի, որպեսզի թույլ չտան, որ Գյումրիում ՔՊ-ն հաղթի»,- նշեց Սուրենյանցը:
«Իրավունքի» հարցին, թե ովքեր են լինելու Գյումրու քաղաքապետի իրենց թեկնածուները, երկու կուսակցության լիդերներն էլ հրաժարվեցին թեկնածուներին ներկայացնել:
«Տառապանքս փորձ ունի, եւ ես չեմ հրապարակի դեռեւս մեր թեկնածուի անունը, որպեսզի հիմիկվանից նրան չհետապնդեն»,- ասաց Վարդան Ղուկասյանը: Նույն կարծիքին էր նաեւ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրենյանցը:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ