Արագածոտնի մարզպետարանը՝ կոռուպցիայի ու թմրանյութերի բռնկված օջա՞խ. Մովսիսյանը հույս ունի «պլստա»
ՆերքաղաքականԱյն, որ օրերս Աշտարակի ոստիկանապետ Սերգեյ Մարտիրոսյանը (աշխատանքից ազատման դիմում է գրել) բացահայտել եւ թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալել է Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի երկրորդ օգնական Արմեն Մարկոսյանին, «Իրավունք»-ին հասած հավաստի տեղեկությունների համաձայն, միանգամայն փաստարկված է եւ կան հստակ ապացույցներ՝ տեղեկության հետ առնչվող, ինչը ծածկադմփոց անել չի հաջողվելու: Սակայն, սա միակ խայտառակ սկանդալը չէ, որ պայթել է մարզպետարանում: Եվ սա է պատճառը, որ մարզպետ Սերգեյ Մովսիսյանը շտապել է արձակուրդ մեկնել, ըստ էության, լավագույն դեպքում՝ չվերադառնալու եւ դրանով սեփական կաշին փրկելու հույսով: Այսինքն՝ այն գործընթացը, որը սկսվեց օգնական Արմեն Մարկոսյանի ձերբակալությամբ՝ սառցաբեկորի միայն տեսանելի մասն էր:
Այսպիսով՝ մարզպետարանին մոտ կանգնած «Իրավունք»-ի աղբյուրներն ասում են՝ թմրանյութի շրջանառությունը դեռ ի՞նչ է, մարզային իշխանությունում մի ամբողջ կոռուպցիոն շղթա է գործում՝ Սերգեյ Մովսիսյանի պաշտոնավարման օրոք: Ասում են, որ վերջինիս խորհրդական Ռազմիկ Թադեւոսյանը, որպես մեղադրյալ անցնում է բազմաթիվ քրեական վարույթներով: Ըստ շրջանառվող լուրերի, Աշտարակ ԲԿ-ի նախկին տնօրեն Ա. Հովհաննիսյանի հետ նախապես հանցավոր համաձայնություն ունենալով՝ իրականացրել է բազմաթիվ կոռուպցիոն հանցագործություններ, այդ թվում՝ յուրացվել է դիահերձարանին պատկանող գումարները, որից էլ, այսպես ասած, առանձնապես խոշոր չափի «փայաբաժին» առանձնացվել ու փոխանցվել է ո՛չ ավել, ո՛չ պակաս մարզպետ Ս. Մովսիսյանին։ Ավելին՝ մարզպետ Ս. Մովսիսյանի անմիջական ցուցումով կատարված բազմաթիվ հանցագործությունները մինչ այս պահը կոծկվում են, քանի դեռ Աշտարակ ԲԿ-ի տնօրեն Ա. Հովհաննիսյանն, ով, ի դեպ, Հակակոռուպցիոն քննչական կոմիտեի կողմից ձեռբակալվել է ու այժմ կալանավորված է, դեռեւս սպասում է մարզպետի աջակցությանն ու ցուցմունք չի տալիս՝ մտածելով, որ փրկելու է իրեն իր, այսպես ասած, հանցակից մարզպետը։
Լուսանկարում՝ Աշտարակ ԲԿ-ի նախկին տնօրեն Ա. Հովհաննիսյանն է
Ի դեպ, շշուկներ են պտտվում նաեւ, թե նույն մարզպետ Մովսիսյանն իր զբաղեցրած պաշտոնական դիրքը եւ լիազորությունները չարամտորեն օգտագործելով՝ չի ցանկացել հենց այնպես վերանշանակել Աշտարակ ԲԿ-ի նախկին տնօրեն Ա.Հովհաննիսյանին եւ իրենից ստանալով 30 հազար ԱՄՆ դոլար՝ դրա դիմաց ողորմացել է ու վերանշանակել տնօրենի պաշտոնին՝ շարունակելով իրականացնել համատեղ հանցավոր գաղափարները:
Բացի այս ամենը, մի մութ պատմություն էլ կա Արցախից բռնի տեղահանվածներին հատկացված աջակցության հետ կապված՝ կլինի գումարի, թե որեւէ այլ օգնության տեսքով: Նույն աղբյուրների համաձայն, նախապես մարզպետի եւ նույն մարզի խանութների տնօրենների հետ հանցավոր համաձայնությամբ՝ դրանք յուրացվել են, ու գրեթե 80 տոկոսը յուրացրել են իրենց «կլանով» ու որեւէ կերպ չեն օգնել Արցախից բռնի տեղահանվածներին։ Ահա, թե ինչու էր մարզպետ Ս. Մովսիսյանն ուզում ամեն կերպ ձերբազատվել Աշտարակի ոստիկանապետ Սերգեյ Մարտիրոսյանից, որպեսզի, ըստ էության, այս ամենը ջրի երես դուրս չգա:
Սեփ. լրատվություն