Օգտակար բուսայուղեր, որոնցով կարելի է փոխարինել ձիթապտղի յուղը
ՀասարակությունԿանոլայի, արևածաղկի և քնջութի յուղերը հարուստ են առողջ մոնոչհագեցած ճարպերով և հակաօքսիդանտներով: Բացի այդ, դրանք ունեն նաև հաճելի համ, ուստի հիանալի այլընտրանք են ձիթյուղին։ Այս մասին The Conversation-ի հետ զրույցում ասել է ավստրալացի սննդաբան Էմիլի Բյորչը։
Սննդաբանի խոսքով՝ սննդակարգում ձիթայուղ ներառելը կարող է նվազեցնել 2-րդ տիպի շաքարային դիաբետի զարգացման վտանգը, բարելավել սրտամկանի առողջությունը, ինչպես նաև հակաօքսիդանտային ակտիվության շնորհիվ նվազեցնել օրգանիզմում բորբոքումների մակարդակը, ինչը մեծապես պայմանավորված է մոնոչհագեցած ճարպաթթուների և պոլիֆենոլների բարձր պարունակությամբ:
Որոշ հետազոտողներ ենթադրում են, որ առավելագույն օգուտ կարելի է ստանալ օրական մինչև 20 գրամ կամ մոտ 5 թեյի գդալ ձիթայուղի գործածության դեպքում, սակայն երբեմն ձիթայուղ գնելը կարող է տնտեսապես շահավետ չլինել: Բյորչի խոսքով՝ այլ բուսայուղերը (կանոլայի յուղը, արևածաղկի յուղը կամ քունջութի յուղը) ևս հարուստ են հակաօքսիդանտներով ու օգտակար մոնոչհագեցած ճարպաթթուներով։ Բացի այդ, դրանք ունեն բավական հաճելի համ ու շատ ավելի մատչելի են։ Մասնագետի կարծիքով՝ արևածաղկի յուղը հիանալի տարբերակ է տապակած ուտեստների համար, իսկ քունջութի յուղը՝ տարատեսակ սոուսների ու ասիական խոհանոցի ուտեստների։
Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ արևածաղկի ձեթի օգտագործումը կարող է կանխել սրտի հիվանդությունները՝ նվազեցնելով արյան մեջ «վատ» խոլեստերինի՝ ցածր խտության լիպոպրոտեինների մակարդակը: Կանոլայի յուղը ևս պարունակում է համեմատաբար քիչ հագեցած ճարպեր, որոնք բարձրացնում են «վատ» խոլեստերինի մակարդակը: