«Հրապարակ». Աշխատանքի իմիտացիա կամ «գալոչկա»՝ Փաշինյանի հանձնարարությամբ
Մամուլի տեսություն«Հրապարակ»-ը գրում է.
«Գրել էինք, որ անցած շաբաթ Աշտարակում կայացած «Քաղպայմանագրի» քաղաքական ժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կուսակիցներին հորդորել է դուրս գալ կաբինետներից, շփվել ժողովրդի հետ, մարզեր այցելել, քանի որ այսպես շարունակվելու դեպքում հույս չունենան, թե առաջիկա ընտրություններում կհաղթեն։ Փաշինյանը բավականին զայրացած է եղել կուսակցականների «պարազիտ» պահվածքի համար եւ անգամ ասել է, որ իրենք միայն աշխատավարձ-պարգեւավճար ստանալու համար չեն` պետք է նաեւ աշխատեն։
Ժողովից հետո ՔՊ-ում մրցավազք է սկսվել, բայց ոչ այնքան Փաշինյանի հանձնարարականը կատարելու, որքան կատարման իմիտացիա ստեղծելու համար․ ՔՊ-ականներն իրենց էջերում հրապարակում են իրենց մարզային այցերը, փորձում են ցույց տալ, որ գետնով չեն տալիս Փաշինյանի խոսքը։ Թիմի ներսում բուռն քննարկումների թեմա է դարձել ոմանց պահվածքը, որոնք, Փաշինյանի խոսքը բերանից դուրս չեկած` գործի են անցել, հատկապես քննարկում են Արսեն Թորոսյանի այցը Սյունիք։ Թորոսյանը, որ մինչեւ վերջերս իշխանության ամենամեծ ընդդիմադիրն էր` մեկուսացած թիմից, անտեսված ու Փաշինյանից մերժված, ԱԺ առողջապահության հանձնաժողովի ղեկավարի պաշտոնի առաջարկը ստանալուց հետո կաշվից դուրս է գալիս` Նիկոլ Փաշինյանին իր նվիրումը ցուցադրելու համար: Նա Փաշինյանի կողմից մերժված անհնազանդների հասցեին ամենակատաղի հարձակումներն է գործում, ամենատգեղ որակումները տալիս։
Մի քանի օր առաջ էլ՝ հայտնի ժողովից հետո, այցելել է Սյունիքի մարզ եւ լուսանկարներ հրապարակել տեղի ՔՊ-ականների հետ հանդիպումներից։ Թորոսյանը հանդիպել է կուսակցականների հետ, ինքն էլ իր հերթին է տեղի կուսակցականներին հորդորել, որ ակտիվ լինեն, ժողովրդի հետ խոսեն, համոզեն, շատ շփվեն։
Մեր աղբյուրից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կապ ունի Թորոսյանը Սյունիքի հետ, որ երբեմն-երբեմն այցելում է: Նա դեռ նախորդ ընտրությունների ժամանակ էր իբրեւ ՔՊ վարչության անդամ նշանակվել Մեղրիի ընտրությունների պատասխանատու։ Արսեն Թորոսյանի հետ է եղել նաեւ կապանցի պատգամավոր Դավիթ Դանիելյանը, որն առանց վարչապետի հորդորների էլ վերջին շրջանում պարբերաբար այցելում էր Կապանի համայնքներ: Մեր աղբյուրներն ասում են, որ նա հավակնում է առաջիկա ընտրություններում դառնալ Կապանի քաղաքապետ։ Չնայած տեղի կուսակցականները կարծում են, որ նա շանսեր չունի եւ նախորդ անգամվա պես կպարտվի, սակայն Դանիելյանը կարծում է, որ նախորդ անգամ իրեն լավ չէին ճանաչում, 2026 թվականի ընտրություններին ինքն ավելի ճանաչված կլինի եւ կապացուցի, որ հաղթելու շանսեր ունի: Դեռ ՔՊ-ում այդ հարցը չի քննարկվել, եւ նրա թեկնածությանը համաձայնություն չի տրվել, բայց ասում են՝ Դանիելյանն իրեն ապագա քաղաքապետ է պատկերացնում եւ ուղեկցում է մարզ այցելող բոլոր կուսակցական հյուրերին։
Առողջապահության նախկին նախարար Թորոսյանը նաեւ Կապանի բժշկական կենտրոն է այցելել՝ իր երբեմնի ենթականերին»։
Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում: