«Փաստ». Որպես ո՞ւմ շահերի պաշտպան ու սպասարկող է դիրքավորվում օրվա իշխանությունը
Մամուլի տեսություն«Փաստ» օրաթերթը գրում է.. Սպասվում էր, որ Հայաստանի ղեկավարությունը որևէ կերպ կարձագանքի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ռուսական պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում արտահայտած ագրեսիվ ու ակնհայտորեն ռազմատենչ հայտարարություններին: Այդ հարցում էլ, ի դեպ, թշնամին առաջ անցավ՝ ձևավորելով մի իրավիճակ, որի պայմաններում Հայաստանի ղեկավարություն համարվող Փաշինյանը չէր կարող ձևացնել, թե ոչինչ չի պատահել, և անվրդով հեծանիվ վարեր կամ, ասենք, «ռիլ» նկարեր: Կարճ ասած՝ պիտի արձագանքեր:
Տեսեք. շատ պարզ հարցին՝ ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու գաղափարի վերաբերյալ, Փաշինյանը պատասխանել է. «Կառուցողական: Մենք հասկանում ենք այն դիրքորոշումը, որ եթե չկա կոնֆլիկտ, ի՞նչ իմաստ ունի կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձևաչափի գոյությունը: Բայց մենք նաև ուզում ենք համոզվել, որ հենց այս նույն տրամաբանությամբ է հարցին մոտենում Ադրբեջանը, և նրա մղումը, ասենք, օրինակ՝ այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի զարգացմամբ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն իրագործելը չէ»:
ԵԱՀԿ Մինսկի խումբը ձևավորվել է դեռևս 1992 թվականի մարտիին՝ Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման նպատակով: ԵԱՀԿ համապատասխան փաստաթղթում նշված է, որ խմբի նպատակն է՝ քաղաքական լուծումներ գտնել (առաջարկել) Հայաստանի ու Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության վերաբերյալ: Չնայած նման ձևակերպմանը, բոլորն էլ ընդունել են և ընդունում են, որ Մինսկի խմբի, հատկապես ՄԽ եռանախագահության (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդական ջանքերի առանցքը Արցախի հիմնախնդրի քաղաքական (խաղաղ) կարգավորումն է: Հենց դրա վրա են տասնամյակներով կենտրոնացված եղել միջնորդական ջանքերն ու ՄԽ եռանախագահության գործունեությունը: Հակառակ պարագայում այդ ընթացքում անմիջականորեն Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող հարցեր էլ հրապարակավ կարծարծվեին, ինչպես քննարկվում էին Արցախի հայության իրավունքներին վերաբերող խնդիրները՝ այդ խմբի գործունեության հետ կապված:
Բայց դա հարցի լուծում, առավել ևս՝ կարգավորում չէ:
Ավելին, ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյության ու «զբաղմունքի» բուն առարկան Արցախի հիմնախնդիրն է: Արցախի՛: Հիմնականը. որքան էլ համարվի, որ ԵԱՀԿ ՄԽն անգործության է մատնված, իսկ եռանախագահության պետությունները սուր հակամարտության մեջ են, բուն հարցն այն է, որ ՄԽ լուծարումը միջազգային իրավաքաղաքական առումով յուրօրինակ տապանաքար կդառնա Արցախի հայության իրավունքներին հետամուտ լինելու և մեր հայրենակիցների՝ սեփական բնօրրան վերադառնալու և ապրելու իրավունքի հնարավոր իրացման համար:
Իսկ ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, որ Արցախի ու արցախահայության ճակատագրին ու հիմնարար իրավունքներին վերաբերող որոշումներ կայացնի: Նիկոլ Փաշինյանն ընդամենը ՀՀ վարչապետի պաշտոնն է զբաղեցնում: Նրան չի ընտրել, նրան նման լիազորություններ չի տվել Արցախի հայ ժողովուրդը, որ, ի դեպ, ոչ թե 100 կամ 120 հազար է, ինչպես շատերը նշում ու կրկնում են, այլ 149 հազար (վերջին մարդահամարի պաշտոնական տվյալներով): Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական, ո՛չ մարդկային ու, առավել ևս, ո՛չ էլ բարոյական առումով ոչ մի իրավունք չունի Արցախի հայության իրավունքներին ուղղակիորեն վերաբերող նման հարցով ինչ-որ բան որոշել, առավել ևս՝ նման հայտարարություն անել:
Մյուսը. Փաշինյանը Արցախի հայության իրավունքների հաշվին որոշել է «բազար անել» Ալիևի հետ: Թե՝ լավ, կհամաձայնենք ԵԱՀԿ ՄԽ լուծարմանը, եթե Ալիևն էլ համաձայնի, որ էլ Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» չի անվանելու: Էհ, ենթադրենք, թե Ալիևն էլ ձևացրեց, թե մի երկու օր այդպես չի վարվելու, հետո՞: Դա ի՞նչ մի նախապայման է: Ախր, գոնե նախապայմանը մի բանի նման լիներ: Ոնց որ «տունտունիկ» խաղա:
Դժվար չէ կանխատեսել, որ Փաշինյանի նման արձագանքից հետո Ալիևն էլ ավելի է կոշտացնելու և ինտենսիվացնելու ինչպես հնչեցված, այնպես էլ նորանոր պահանջները, ասենք՝ Հայոց բանակն… ապառազմականացնելն ու զինաթափելը, Արցախի ազատամարտի ղեկավարներին կալանավորելն ու ադրբեջանական դահիճներին հանձնելը, Հայաստանում մի 300 հազար ադրբեջանական թուրքերի բնակեցնելը և այլն, և այլն: Թշնամու պահանջները չեն սպառվելու: Իսկ քանի դեռ Հայաստանում ղեկավար է Փաշինյանը… Չշարունակենք, առանց դրա էլ պարզ է»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում