Պատկան մարմիններն ընդհանրապես ազգային փոքրամասնության խնդիրները չեն ընկալում. Իրինա Գասպարյան
ՆերքաղաքականՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ասորական համայնքի ներկայացուցիչ ԻՐԻՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ հետ զրուցել ենք ազգային փոքրամասնությունների, մասնավորապես՝ Հայաստանում ասորական համայնքի կենսակերպի, խնդիրների եւ դրանց լուծման ուղիների մասին:
«ԱՅԺՄ ԱՄԵՆ ԻՆՉ ԳՆԱԼՈՎ ԱՎԵԼԻ ՔԱՆ ԴԺՎԱՐԱՆՈՒՄ Է»
— Ինչպե՞ս է ձեւավորվել ասորական համայնքը Հայաստանում, եւ որքա՞ն ժամանակ է, որ այստեղ բնակվում են այս ազգի ներկայացուցիչներից:
— 1828 թվականից՝ ռուս-պարսկական պատերազմից հետո: Թուրքմենչայի պայմանագրի ստորագրումով քրիստոնյաներին՝ հայերն ու ասորիները հնարավորություն ունեցան գալ այս տարածք ապրել, իսկ մուսուլմաններին տեղափոխեցին Պարսկաստան: Սկզբից Նախիջեւանի տարածքում էին, իսկ հետո տեղափոխվեցին Արարատյան դաշտ:
— Իսկ ինչպե՞ս են պահպանվում ասորական ավանդույթներն ու սովորույթները Հայաստանում:
— Իհարկե, դժվար հարց է: Ինչ խոսք, դժվարությամբ ենք պահպանում, քանի որ շատ խնդիրներ կան, եւ դրանից զատ, մեր համայնքն իր պահպանման համար ունի իր յուրահատուկ ժառանգական ձեւավորված եղանակները, եւ մեր հիմնական անելիքը նաեւ այն է, որ ասորերենը 1998 թվականից ուսուցանում են պետական դպրոցներում, իսկ մինչ այդ, խմբակներում էին սովորում: Դա էլ իմ ծրագիրն է, բայց պետք է նշեմ, որ ռուսական հոսքերում են նաեւ դասավանդում: Իհարկե, գիտեք, թե ռուսերենի նկատմամբ ի՞նչ է կատարվում Հայաստանում, մինչդեռ ասորիները հիմնականում ռուսախոս են: Ամեն ինչն էլ բավական դժվար է: Դպրոցներում դասագիրք չկա: Օրերս նաեւ խորհրդարանում` համապատասխան հանձնաժողովում, այդ մասին կրկին բարձրաձայնեցի, որովհետեւ Հայաստանը չի տպագրում, ինչպես նաեւ մասնագետներ չի պատրաստում, օրինակ` ռուսական հոսքի համար առարկայական մասնագետների: Այնպես որ, խնդիրները շատ են:
— Ասորական լեզուն այսօր որքանո՞վ է տարածված Հայաստանում, եւ ի՞նչ քայլեր են ձեռնարկում դրա պահպանման համար:
— Դե պահպանումը գնալով ավելի դժվարանում է, բայց այժմ շատ լավ գիտենք, որ կյանքն է նաեւ դժվարանում: Եթե առաջ մարդիկ ավելի ապահով էին, հանգիստ էին ապրում եւ կարողանում էին մտածել մշակույթի պահպանման, լեզվի պահպանման մասին, իսկ այսօր ավելի շատ մարդիկ մտածում են, թե ինչպես հոգան իրենց ապրուստը: Դա եւս կա, բայց պետք է նաեւ նշեմ, որ համայնքներում լեզուն պահպանվում է: Մենք եկեղեցի ունենք, եւ ինչ խոսք,նաև եկեղեցու շնորհիվ է այդ ամենը պահպանվում:
— Իսկ կա՞ն կրթական ծրագրեր եւս, որոնք նույնպես նպաստում են ասորական լեզվի զարգացմանն ու պահպանմանը մեզ մոտ:
— Այո, իհարկե: Դպրոցում անցնում են ասորերեն, հետեւաբար նաեւ մենք էլ ունենք ուսումնական պլան, եւ ունենք մեր ասորերեն առարկայի համար հաստատված ստանդարտ, որը հաստատեցին 2009 թվականին, որն աշխարհի կտրվածքով կա միայն Հայաստանում: Ունենք նաեւ դասագրքեր եւ ծրագրեր, թերթ, որը ֆինանսավորում է պետությունը (կառավարությունը): Դասագրքերը եթե մենք պատրաստում ենք, կրկին ներկայացնում ենք, եւ ֆինանսավորում է պետությունը: Ինչպես գիտենք, Հայաստանը պարտականություն ունի` 5 լեզու պահպանելու, այդ թվում՝ ասորերենը: Իհարկե, ունենք ուսուցիչների պատրաստման խնդիր:
Երբ այս ծրագիրը սկսել էինք, կոչվում էր «Հայաստանում ասորերենի պահպանման եւ զարգացման հայեցակարգ», այդ ժամանակ մենք բարձրագույն կրթությամբ ասորի ուսուցիչ չունեինք, իսկ այժմ ունենք, բայց քիչ են, քանի որ մեծանում են մեր ուսուցիչները, իսկ նրանց փոխարինող չկա: Այո, խնդիրներն իսկապես շատ են: Արդեն մի քանի տարի է, ինչ մենք պատրաստում ենք ասորերենի թեստերը, որոնք ասորորեն դասավանդող ուսուցիչները հանձնում են և ստանում են բարձր աշխատավարձ: Չնայած համարում եմ, որ հատկապես ազգային փոքրամասնություններին վերաբերվող թեստերն անմիտ են, քանի որ մենք կադր չունենք: Ասորերեն դասավանդող ուսուցիչը տառաճանաչ է դարձնում երեխային, և մենք չենք կարող կտրվել այդ ուսուցչից, ով երեխային դարձնում է տառաճանաչ, հետևաբար այդ թեստը դառնում է անմիտ:
Եթե, օրինակ, հայերենի ուսուցիչների դեպքում կա ուսուցիչների ընտրելու հնարավորություն, ապա մենք դա չունենք: Եթե ուսուցիչը կտրվեց, ինչին մենք առնչվել ենք արդեն, ի՞նչ պետք է անենք: Նման դեպք եղել է, եւ ուսուցիչը որոշակի միավորների պատճառով չի հաղթահարել շեմը:
ԿԳՄՍ նախարարի հրամանի համաձայն՝ ուսուցչին պետք է ազատեին գործից, սակայն մենք միջամտեցինք, որպեսզի ուսուցչին չազատեն աշխատանքից և նա շարունակի աշխատել, քանի որ մենք փոխարինող չունենք:
«4 ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՄ ԱՌԱՋԱՐԿԵԼ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՄ Է»
— Իսկ միասնության առումով ի՞նչ քայլեր է ձեռնարկում համայնքը՝ հանուն ազգային փոքրամասնության ամրապնդման:
— Այդ առումով պետք է նշեմ, որ լեզվի ուսուցումը ինքս եմ կազմակերպում, եւ դա արդեն միավորում է: Դրանից զատ, թերթերը, որոնք եւս տպագրում ենք, կրկին տարածում ենք գյուղերում: Այդ ամենից բացի, կազմակերպվում են միջոցառումներ, որոնք եւս միավորում են համայնքը:
2025 թվականի հունվար ամսվա վերջից արդեն կազմակերպելու ենք կիրակնօրյա դպրոցում ասորերենի ուսուցումը, քանի որ ցանկացողներն իսկապես շատ են, որոշեցինք կազմակերպել Երեւանում ապրող ժողովրդի համար: Ինչու՞ եմ ասում` ժողովրդի, քանի որ ոչ միայն ասորիներն են դիմում, այլև` հայերը, որոնք ուզում են սովորել:
— Որպես համայնք՝ որքանո՞վ է ստացվում փոխգործակցությունը Հայաստանի պետական եւ հասարակական կառույցների հետ:
— Որոշ առումներով ստացվում է, որոշ առումներով՝ ոչ: Օրինակ, այժմ ես` որպես պատգամավոր, տվել եմ 4 օրենքի մեջ փոփոխություն կատարել, սակայն կառավարությունը դեմ է, բայց այնտեղ գրված է ընդհանուր Հայաստանի քաղաքացիների համար, սակայն հայերը այդ խնդիրը չեն նկատում, բայց, եթե քաղաքացի չէ ազգությամբ, եւ երբ իր երեխային տալիս է առաջին դասարան, ընդունելության հարցում, իհարկե, այնտեղ խտրական մոտեցում է տեղի ունենում: Այդ խնդիրն ուղղելու համար կառավարությունը դեռեւս չի ընկալում, չի ընդունում կամ խառնում է:
Օրինակ` ես գրել էի ՀՀ քաղաքացիների փաստաթղթերում կարգավորումը` անձնագրերում գրել ազգությունը, որը շատ կարևոր է, քանի որ, ըստ դրա, երեխային ընդունում են առաջին դասարան: Իրենք գրել են և հղում են կատարել նախարարության N1640-ի հրամանի 7-րդ հոդվածի, որտեղ գրված է արտասահմանցիների երեխաների դպրոց ընդունվելու կարգավորման կարգը: Երբ ես հարց տվեցի, թե ի՞նչ կապ ունեն արտասահմանցիներն ազգային փոքրամասնության հետ, քանի որ մենք Հայաստանի քաղաքացի ենք՝ ինձ չպատասխանեցին, խուսափեցին և փախան: Դա խոսում է այն մասին, որ ընդհանրապես ազգային փոքրամասնության խնդիրները չեն ընկալվում:
— Ի՞նչ գործառույթներ են իրականացվում Հայաստանի հասարակությունում ասորական համայնքի կողմից, ինչպե՞ս եք տեսնում ասորական համայնքի հետագա դերը մեր երկրի կյանքում:
— Գիտեք, օրինակ, մոնոէթնիկ երկիրը ավելի շատ խնդիրներ է ունենում: Ճիշտ է, օրինակ` այստեղ այլ ազգերը քիչ են` մոտավորապես՝ 2,5 տոկոս, բայց դա բազմազանություն է եւ հարստացնում է Հայաստանի կյանքը, հասարակությունը: Երկրորդը, եթե ես նախկինում գնում էի արտերկիր, ներկայացնում էի Հայաստանը` ոչ հայ լինելով ներկայացնում էի, թե ինչպես ենք մենք այստեղ ապրում, եւ դա բարձրացնում է Հայաստանի իմիջը` հենց նույն մարդու իրավունքների տեսանկյունից: Տվյալ պահին ասորական համայնքը, ինչպես նաև մյուս համայնքները հարստացնում են Հայաստանի մշակութային կյանքը եւ կապեր ստեղծում մյուս երկրների համայնքի հետ և միջազգային մակարդակով բարձրացնում Հայաստանի իմիջը:
— Սիրիայում ապրող ասորիներ կա՞ն, նրանցից որեւէ տեղեկություններ կարո՞ղ եք մեզ հայտնել:
— Իհարկե, կան ասորիներ՝ այնտեղի ասորական գյուղերում: Ի դեպ, օրեր առաջ մենք միջազգային կազմակերպություններով քննարկում էինք հենց Սիրիայում գտնվող ասորիների հարցը: Պատկերացրեք, այնտեղի հայկական համայնքը խնդիր ունի, եւ Հայաստանը ոչ մի քայլ չի ձեռնարկում՝ իրենց օգնելու համար: Մեր քննարկման ընթացքում
այդ հարցն էլ դրված էր, թե ինչպե՞ս կարող ենք օգնել տեղի բնակչությանը:
Քննարկվեց հարց այն մասին, թե արդյո՞ք հնարավոր է, որպեսզի Հայաստանը օգտնի, եթե այնտեղից փախստականներ գան:
Ես պատասխանեցի, որ Հայաստանն անգամ Սիրիայում գտնվող հայկական համայնքին չի օգնում, ուր մնաց ասորիներին օգնի: Ասորիները հայկական պետության կողմից չսպասված են:
Բոլորն են փորձում փախնել այնտեղից, որովհետեւ այնտեղ Թուրքիան է մտնում, եւ բոլորս էլ գիտենք, թե քրիստոնյա ժողովրդի հանդեպ ինչպես կարող են վարվել:
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ