Սուրեն Պապիկյանի և Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ
ՀասարակությունԴեկտեմբերի 20-ին ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ։
Խորհրդակցությանը մասնակցել են նաև հայկական ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը, ողջունելով ներկաներին, կարևորել է հայկական ռազմարդյունաբերական ընկերությունների ակտիվ մասնակցությունը զենքի և զինամթերքի, տեխնիկական տարբեր միջոցների ապահովման գործընթացում՝ վստահեցնելով, որ կառավարությունն ամեն կերպ նպաստելու է ոլորտի զարգացմանն ու առաջընթացին։
Ոլորտի պատասխանատուներն ու առանձին ընկերությունների տնօրենները խոսել են կատարված աշխատանքների, գրանցած արդյունքների և հաջորդ տարվա անելիքների մասին:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։