Էս Ալիեւն ինչի՞ էսպես կատաղեց
ՎերլուծությունՄինչ Նիկոլը սափրվելու ջրի եւ նման այլ անհամ թեմաներով ճառեր է կարդում, յուրայիններին SMS-ներով գործից հանելու զանգվածային շոուներ է սարքում՝ հայաստանյան հանրությանը իրական թեմաներից շեղելու համար, Ալիեւը նորից անցավ հարձակման: Ամեն դեպքում, հայտարարությունները, որոնք նա նախօրեին հնչեցրեց «ՌԻԱ Նովոստիով», գոնե մեկ բան հուշում են՝ Ալիեւը մեծացնում է ճնշում-պահանջները նիկոլական Հայաստանի ուղղությամբ:
ՀԵՐԹԱԿԱՆ ԳՐՈՀԸ
Իհարկե, առաջին հերթին աչքի է զարնում փաստը, որ այս անգամ Ալիեւը հերթական գրոհի համար հարթակ ընտրեց ռուսական տեղեկատվական աղբյուրը: Իմաստն էլ կարելի է կռահել՝ նա ցանկանում է, որ իր ասածները հանկարծ Մոսկվայի աչքից չվրիպեն: Թե ինչու, դեռ կհասնենք: Սակայն նախ տեսնենք, թե այս ինչ նոր բաներ է մոգոնել Հեյդարովիչը:
Այն, որ Ալիեւն իր նոր հայտարարություններում գնում-հասնում է Կազանում Նիկոլի հետ հանդիպմանը, արդեն իսկ հետաքրքիր ակնարկ պարունակում է: Այսինքն, նա «բացահայտում» է, թե կոնկրետ ի՞նչ հարցեր կային, որոնց շուրջ պայմանավորվածություն չկար, բայց կարծում է, որ Կազանում ինչ-որ բան է փոխվել: Ըստ Հեյդարովիչի. «Փաստաթղթի 17 կետերից 15-ը համաձայնեցված են, մնացել է 2-ը, եւ Կազանում Փաշինյանի հետ իմ վերջին հանդիպման ժամանակ զգացի, որ Հայաստանը կարող է ընդունել այդ 2 կետը՝ այսինքն մեր պայմանները: Կետերից մեկն իրար դեմ միջազգային հայցեր չներկայացնելն է, իսկ մյուսը՝ սահմանին այլ երկրների ներկայացուցիչներին չտեղակայելը»:
Ուրեմն եղածը դա՞ է. ու այս ընթացքում փորձագետներն այդ երկու կետի հետ կապված ինչ-որ ահավոր մտքե՞ր էին հայտնում՝ Սահմանադրություն փոխել, «Զանգեզուրի միջանցք» տալ եւ այլն: Իսկ ահա Ալիեւը խոսում է շատ պարզ բաների մասին, եւ հատկապես դրանցից առաջինը, քանի դեռ Նիկոլ կա, միգուցե ավելի շատ Հայաստանին է պետք: Այսինքն, այն պահից, երբ Նիկոլը հայտարարեց, թե՝ «Ղարաբաղն Ադրբեջան է, եւ՝ վերջ», Բաքվին տվեց բոլոր հնարավորությունները, միջազգային ատյաններում Հայաստանին, որպես ագրեսորի, դատի տալու եւ փոխհատուցում պահանջելու մասին: Ու հիմա Ալիեւն է առաջարկում՝ իրար դատի չտանք, ի՞նչ վատ բան է, որ Նիկոլը միանգամից չի համաձայնվում, գոնե մեկ չլուծված կետ կմնար:
Բայց իրականում այս երկու կե՞տն է մնացել. այստեղ, իհարկե, հարցեր շատ կան: Ընդ որում, Ալիեւի նկարագրած երկրորդ կետը, իրոք, Հայաստանի համար այն կարգի վտանգ է պարունակում, որ միգուցե անգամ Նիկոլը դրան գնալու «դուխը» չունենա: Այսինքն, ի՞նչ ասել է՝ «սահմանին այլ երկրների ներկայացուցիչներին չտեղակայելը»: Դրա տակ ի՞նչ պետք է հասկանանք, «եվրաշպիոնների՞ն», որոնց Նիկոլը բերել է Հայաստան. միգուցե, հաշվի առնելով, որ դրան զուգահեռ, նա նաեւ ռուսական ուժերին «խնդրեց»՝ ադրբեջանական սահմաններից դուրս գալ: Մյուս կողմից, «եվրաշպիոնների» հարցը, եթե պայմանագիր կնքվի, այսպես թե այնպես կլուծվի, դա հաստատ Ալիեւն էլ է հասկանում եւ հազիվ թե այդքան համառորեն նման կետ մտցներ պայմանագիր:
Իհարկե, կա նաեւ այն տարբերակը, որ Ալիեւը իր այդ կետը մտցրել է պայմանագրի մեջ՝ վախենալով Հայաստանում ՆԱՏՕ-ական ուժերի տեղակայումից: Առավել եւս, որ նա նույն հարցազրույցում նաեւ այն միտքն է հրամցնում, թե՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ ԱՄՆ պետդեպարտամենտի առավելագույն աջակցությունը Երեւանին ոչ մի երաշխիք չի տալիս. «Այստեղ, հողի վրա, եթե նրանք մտածում են հերթական սադրանքը մեր դեմ, նրանց ոչ ոք չի օգնի։ Դե, ինչպե՞ս նրանց օգնեց Մակրոնը 2020 կամ 2023թթ.։ Աջակցեց։ Ձեռքից, չգիտեմ, կամ մի այլ տեղից բռնեց։ Ահա ամենը։ Ինչի՞ է նա ընդունակ։ Մենք դա հիանալի գիտենք»: Բայց եթե այդքան վստահ է, որ Ֆրանսիան կամ ԱՄՆ-ն Հայաստանին ոչինչ չեն տա, պետք է որ նաեւ վստահ լինի, որ ի դեմս այդ ուժերի, ՆԱՏՕ-ի տեղակայումը Հայաստանում բան չի փոխելու: Եվ դա տրամաբանական է. լոգիստիկ այն իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանը՝ վրացական ներկա իրադարձությունների ֆոնին, իրոք չնչին հավանականություն են միայն թողնում, որ ֆրանսիական կամ ամերիկյան ուժերը կցանկանան մտնել Հայաստան: Առավել եւս, որ Մակրոնը հիմա ոչնչացման փուլում է, իսկ թրամփյան ԱՄՆ-ից ով իմանա, թե ինչ է պետք սպասել:
ՄԻ ՎԵՐՋԻՆ ՓՈՐՁ
Փոխարենը, կան ուժեր, որոնք իրոք կարող են հայտնվել Հայաստանի սահմաններին, եւ այդ հեռանկարն է, որ մինչ այս պահը Ալիեւին խանգարում է ազատ գործել: Խոսքը` ՀԱՊԿ-ի մասին է, որի հետ հարաբերությունները Նիկոլն ինչքան էլ որ փորձում է զրոյացնել, սակայն վերջին քայլն անելը՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունից հրաժարվելը Վովայիչի համար բարդ հարց է, գրեթե անլուծելի: Եվ այն, որ Ալիեւը եւս պտտվում-պտտվում ու հասնում է ՀԱՊԿ-ի խնդրին, իհարկե, պատահական չէ: «Հայաստանը պարզ է՝ ուր է գնում։ Նա դե ֆակտո դուրս է եկել ՀԱՊԿ-ից։ Դե յուրե չհեռանալու միակ պատճառն այն է, որ դեռեւս չեն ստացել Պետդեպարտամենտի թույլտվությունը։ Հենց որ ստանան, կհեռանան»,- կարծում է նա: Ուրեմն, այդքան միամիտ մա՞րդ է Ալիեւը. չգիտեինք: Թե՞ փորձում է ռուսական լրատվամիջոցների միջոցով Մոսկվային հրամցնել այն միտքը, թե Ռուսաստանը չէ, որից քաշվում է Նիկոլը, դեռ մնալով ՀԱՊԿ-ում, պարզապես ամերիկացիները դեռ վերջնական «դաբրո» չեն տվել: Իրականում նման հայտարարությամբ Ալիեւը նաեւ ի ցույց է դնում, թե որն է իր երազանքների գագաթնակետը՝ որ Նիկոլը վերջնականապես հայտարարի ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին: Որից հետո, բնական է, Մոսկվան Նիկոլին «կխնդրի» նաեւ ԵԱՏՄ-ից դուրս գալ, ինչը ողջ Հայաստանը «սկուտեղի վրա» կմատուցի թուրք-ազերիական տանդեմին: Ինչի ուղղությամբ, ֆիքսենք, լուրջ ջանքեր է գործադրել Թուրքիայի հետ սերտորեն համագործակցող բրիտանական հետախուզությունը, եւ ինչի ուղղությամբ իշխանության գալուց ի վեր համառորեն աշխատում է Նիկոլը:
Այսինքն, եթե Ալիեւը պնդում է, որ Նիկոլը Պետդեպարտամենտի «դաբրոն» չունենալու պատճառով դեռ ՀԱՊԿ-ից դուրս չի գալիս, դա կնշանակի, որ Պետդեպարտամենտն ու բրիտանական հետախուզությունը հայաստանյան ուղղությամբ հակադիր դիրքերից են գործում, իսկ Նիկոլի համար ավելի կարեւոր է ամերիկացիների խոսքը, քան՝ Ռիչարդ Մուրի: Միգուցե: Բայց այս դեպքում բաց է մնում հարցը, որ Ալիեւը, ով հիմնական խաղացողների է տեսնում ամերիկացիներին եւ թուրքերի հետ դեռ հնուց սերտորեն պանթյուրքիստական ծրագրերն առաջ մղող բրիտանացիներին, ինչո՞ւ է ուզում այդ ամենը լսելի դարձնել Մոսկվային: Միաժամանակ առաջ մղելով այն միտքը, թե ինքը տարածաշրջանում ռուսների եւ ռուսերեն լեզվի ամենաջերմեռանդ պաշտպանն է: Փոխարենը պնդելով, թե սորոսականները զինում են Հայաստանին, նույն սորոսականները փորձում են Վրաստանում նոր հեղաշրջում իրականացնել եւ այլ:
Չնայած, դրա իմաստը կարելի է հասկանալ: Իրեն հրամցնելով, որպես Մոսկվայի ամենաջերմեռանդ դաշնակից, Ալիեւը, թերեւս, փորձում է նախ՝ մաքրել իր նկատմամբ այն նեգատիվը, որը ռուսական ազգայնական դաշտում սկսել է ստեղծվել վերջին ժամանակներս, հատկապես, երբ որոշեց որոշ քաղաքագետների դատապարտել մեծ պատժաժամկետների, որպես «ռուսական շպիոն»: Նաեւ, էլ ավելի խորացնել Նիկոլի հանդեպ նեգատիվը, թե նա, եթե ոչ այսօր, վաղը հաստատ դուրս կգա ՀԱՊԿ-ից: Դրան, իհարկե, կկցի համապատասխան լոբբիստական ռեսուրսներ, եւ ով իմանա, մեկ էլ տեսար մի բան ստացվեց:
Թերեւս, նաեւ հաշվի առնելով, որ անկախ նրանից՝ ումի՞ց վախենալով Նիկոլը ՀԱՊԿ-ից պաշտոնապես դուրս չի գալիս, մեկ է, քանի դեռ դուրս չի եկել, ՀԱՊԿ-ը համարում է, որ Հայաստանն իր կազմում է, այսինքն՝ բոլոր համապատասխան մեխանիզմները գործում են: Ընդ որում, կլինի այդ կազմակերպությունը, կամ ռուսական ուժերը, ըստ Հայաստանի հետ երկկողմ պայմանագրի, Հայաստանի սահմաններին, թե՝ ոչ, այն է՝ «խաղաղության պայմանագրում» Ալիեւի հիշատակած կետը կլինի, թե՝ ոչ, խոշոր հաշվով բան չի փոխվում. Հայաստանը փոքր երկիր է, անհրաժեշտության դեպքում ամեն մի սահմանի հասնելը ժամերի հարց է: Այսինքն, քանի դեռ ներկա ստատուս քվոն, «Զանգեզուրի միջանցքն» Ալիեւի համար մնում է չափազանց ռիսկային: Առավել եւս, որ երկու «մեծ եղբայրները» հիմա խրված են Սիրիայում, եւ ով իմանա, իրար չե՞ն ուտելու, ինչքան էլ որ Ալիեւը փորձում է նրանց միջեւ միջնորդական խաղեր խաղալ:
Իհարկե, կա «Զանգեզուրի միջանցքի» տարբերակ, որ Ռուսաստանը լիովին Հայաստանից ձեռք քաշի: Եվ երբ մի կողմից՝ Ալիեւն է իրեն հրամցնում, որպես ռուսների ամենաջերմեռանդ դաշնակից, մյուս կողմից՝ Նիկոլն է ամեն պահ, սափրվելու ջրի եւ պապի բոստանի մասին ճառերի արանքում «անհասկանալիորեն» հայտարարում, թե ՀԱՊԿ-ից դուրս եկած ենք մենզ համարում, ապա այդ ամենը հուշում է, որ երկուսով հենց նույն մեխին են խփում:
Չնայած, Ալիեւն այս հարցում նաեւ ժամանակի խնդիր արդեն ունի: Ով իմանա, թե իշխանության գալով, Թրամփն ինչեր կանի: Կամ, դեպի ո՞ւր է գնում ուկրաինական պատերազմը, որի ավարտը կնշանակի նաեւ հարավկովկասյան հարթակում նոր իրավիճակ: Այսինքն, «հնարավորության պատուհանն» ուղիղ մեկ ամսից կարող է փակվել, եւ պետք է հիմա գոնե մի վերջին փորձ անել: