Ավինյանը մեկ շաբաթում դատի է տվել երեք լրատվամիջոցի
ԻրավականԵրևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը տարին ավարտում է լրատվամիջոցների դեմ ներկայացրած դատական հայցերի հրավառությամբ։
Panorama.am-ը Դատալեքսից տեղեկացավ, որ մեկ շաբաթվա ընթացքում Ավինյանը երեք հայց է ներկայացրել երեք լրատվամիջոցի՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի, «Օրագիր»-ի ու «Ժողովուրդ»-ի դեմ։ Առաջին երկու ԶԼՄ-ների դեմ հայցերը դատարանը ստացել է դեկտեմբերի 10-ին, «Ժողովուրդ»-ի դեմ հայցը՝ դեկտեմբերի 18-ին։
ՔՊ-ական քաղաքապետը դատարանի միջոցով ԶԼՄ-ներից պահանջում է հրապարակային ներողություն խնդրել, զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել, ինչպես նաև փոխհատուցում վճարել։
«Ժողովուրդ» օրաթերթի դեմ հայցը դեկտեմբերի 18-ին մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Սերինե Խաչատրյանին։
«Օրագիր»-ի դեմ հայցը մակագարվել է դատավոր Սարգիս Արմենակյանին։
«Սիվիլիթաս»-ի դեմ հայցը մակագրվել է դատավոր Արմենուհի Բադիրյանին։
Ավինյանը «Սիվիլնեթ»-ի դեմ հայց է ներկայացրել «Ավինյանների բիզնեսը՝ պետական գումարների անուղղակի շահառու» հոդվածի համար։
«2018-ի հեղափոխությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներից Տիգրան Ավինյանին հասցրեց քաղաքական իշխանության բարձունքի։ Դա այն տարին էր, երբ հեղափոխությունը վերջ դրեց Հանրապետական իշխանության երկարատև կառավարմանը՝ իշխանության բերելով «Քաղաքացիական պայմանագրին»։ Տիգրան Ավինյանը, որն այդ ժամանակ Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամ էր, դարձավ Հայաստանի փոխվարչապետ։ Նրա քաղաքական կարիերայի աճն ուղեկցվում էր ընտանիքի հետ կապված բիզնեսի բարգավաճմամբ, այդ թվում՝ պետական ծրագրերից անուղղակի օգուտներ ստանալու միջոցով։ ՍիվիլՆեթը և OCCRP-ն (Կազմակերպված կոռուպցիայի և հանցավորության լուսաբանման նախագիծ) համատեղ հետաքննությամբ պարզել են, որ այդ ծրագրերը Ավինյանի համակարգման տիրույթում են եղել և դրանց վերաբերող քննարկումները համակարգել է ինքը՝ փոխվարչապետ Ավինյանը։
Տիգրան Ավինյանը փոխվարչապետի պաշտոնում էր 2018-2021 թվականներին և, ի թիվս այլ ոլորտների, համակարգում էր գյուղատնտեսությունը։ Ավինյանի ընտանիքին պատկանող «Իրիգեյթ» ընկերությունը խաղողի, ժամանակակից տեխոնոլգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման պետական աջակցության ծրագրի ինը շահառուների համար աշխատել է որպես կապալառու՝ օգնելով այդ ծրագրի շահառուներին այգիներ հիմնել։ Շահառուները հարյուր հազարավոր դոլարներ են ստացել կառավարությունից՝ պտղատու այգիներ հիմնելու համար։ Շահառուն ոչ թե ինքն է ուղիղ իրականացրել այգեհիմնումը, այլ որպես կապալառու ներգրավել է «Իրիգեյթ»-ին»,-մասնավորապես գրել էր «Սիվիլնեթ»-ը։