Ինչպես է սթրեսն անդրադառնում աչքերի առողջության վրա
ՀասարակությունՍթրեսի պայմաններում օրգանիզմում բարձրանում է ընդհանուր բորբոքումների մակարդակը, ինչն էլ խթան է հանդիսանում չոր աչքի համախտանիշի՝ արտասուքի որակի ու քանակի նվազման հետևանքով առաջացող համակարգային հիվանդության զարգացման համար։ Այս մասին MedicalXpress-ին հայտնել է Կոլորադոյի համալսարանի բժշկական դպրոցի ակնաբույժ Դարեն Գրեգորին։
Ինչպես նշել է մասնագետը, երկար աշխատանքային ժամերը, քնի պակասը և աշխատանքային ու սոցիալական կյանքը համատեղելու հետ կապված դժվարությունները կարող են դառնալ սթրեսի պատճառ։ Լարվածությունը կարող է կուտակվել և զգալի ֆիզիոլոգիական բացասական ազդեցություն ունենալ ամբողջ օրգանիզմի, այդ թվում՝ տեսողության օրգանների վրա:
Սթրեսի հետևանքով օրգանիզմում առաջացած ընդհանուր բորբոքումը կարող է էլ ավելի խորացնել աչքերի չորությունը: Բորբոքման պայմաններում արյան սպիտակ բջիջները (լեյկոցիտները), որոնք մարդու իմունային համակարգի կարևոր բաղադրիչներն են, հավաքվում են աչքերի մակերեսին և սկսում արտազատել հատուկ քիմիական նյութեր։ Այս միացությունները հանգեցնում են այրոցի, աչքերում ավազի առկայության զգացողության, կարմրության և աչքերի արագ հոգնածության։
Բացի այդ, սթրեսը կարող է մեծացնել ցավի նկատմամբ զգայունությունը, ինչի հետևանքով հուզական գերծանրաբեռնվածության ժամանակ չոր աչքի համախտանիշի ախտանշանները կարող են ավելի սուր զգացվել։